Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:06 03-02-2023

Հայաստանի կառավարությունը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր թվային լուծումներ գտնելու համար․ Փաշինյան


Ալմաթիում 2021 թ.-ին կայացած համաժողովի շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպումից հետո մեր կառավարությունն ընդունեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, որը սահմանում է թվային տնտեսության ձևավորման և երկրի նորարարական զարգացման հիմնական ուղղությունները։ Այս մասին Ալմաթիում տեղի ունեցող ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշել է. «Նշեմ, որ մինչ ռազմավարական փաստաթղթի ընդունումը մենք արդեն ունեինք թվային ծառայությունների զարգացման մեծ փորձ, սակայն ռազմավարությունը կապահովի երկրում համախմբված թվային էկոհամակարգի ստեղծումը։

Հիմնական նպատակները, որոնց մենք ձգտում ենք, հետևյալն են.

տեղեկատվական համակարգերի տվյալների առավելագույն օգտագործման և մեծ տվյալների վրա հիմնված արդյունավետ և օպերատիվ պետական կառավարման ապահովում։

հարթակների և թվային ծառայությունների մշակման միջոցով արդյունավետության բարձրացում և տնտեսության մասնավոր հատվածի արդիականացում։

բնակչության լայն շերտերի համար թվային հմտությունների և կարողությունների զարգացման աջակցություն:
Միաժամանակ, բոլոր 3 ուղղությունները փոխկապակցված և փոխլրացնող են։

Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ և հարմարադեպ միջոցներ։ Ակնհայտ է, որ գործնականում չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին։ Սա հստակ ցույց տվեց, օրինակ, կորոնավիրուսի համավարակը։

Մենք բոլորս բախվեցինք միևնույն մարտահրավերներին և ստիպված եղանք համատեղ ջանքերով հաղթահարել լոքդաունի և բուն համաճարակի հետևանքները։

Մենք սկսել ենք ավելի լայն և խորը օգտագործել թվային մեխանիզմներն ինչպես համավարակի, այնպես էլ՝ ապագայում նմանատիպ բնույթի հնարավոր ճգնաժամերի հետևանքների հաղթահարման նպատակով։
Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի կայուն թվային զարգացման նպատակներին հասնելու կարևորագույն գործիքներից է։

Հայաստանի կառավարությունը փոխգործակցում է միջպետական մակարդակով, ակտիվորեն համագործակցում է մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր թվային լուծումներ գտնելու համար։

Եվրասիական տնտեսական միության համար նման լուծումներից էր «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը, որը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից և ապահովել է մեր երկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը։

Հավելվածում ներբեռնված 5 միլիոն թեստերը նշանակում են 5 միլիոն ուղևորություն. իսկապես հսկայական թիվ է: Հավելվածը կայացել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների ակտիվ աջակցության շնորհիվ, որոնք գործարկել են փորձնական ծրագիրը, որն էլ դարձել է ինը երկիր ներգրավող լիարժեք նախագիծ։

Իմ կարծիքով, չնայած բուն համավարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» հավելվածը լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանությամբ:

Ես առաջարկում եմ արդեն իսկ սկսել քննարկել հավելվածի՝ որպես «համաճարակաբանական վահան» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման վստահության մեխանիզմ օգտագործելու հեռանկարները։

Ձեզ գուցե հետաքրքրի