copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:03 02-02-2023

Ուրանում եմ փոքրամիտ և անթռիչք այն մարդկանց, որոնք Հայաստանը փոքրիկ շուկայի են վերածում․ Կոստան Զարյանի ծննդյան օրն է

Հայազգի գրող, փիլիսոփա Կոստան Զարյանին բելգիացի նշանավոր գրող Էմիլ Վերհարնը մի առիթով խորհուրդ է տվել կատարելապես տիրապետել մայրենի լեզվին, քանի որ բանաստեղծությունը, ինչպես և աղոթքը, պետք է մայրենի լեզվով գրվի։ Եվ իր առաջին գրքերը իտալերենով և ֆրանսերենով հրատարակած գրողը ամեն ինչ սկսում է նորից՝ ակունքներից։ Վենետիկի Սբ․ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում, նա կատարելապես ծանոթանում է մայրենի լեզվին, փորձում է գտնել Աստծո հետ հաղորդակցվելու ճանապարհը, ինչպես իրենից տարիներ առաջ փորձում էր անգլիացի նշանավոր գրող Բայրոնը։

Կոստան Զարյանը ծնվել է 1885 թ․ փետրվարի 2-ին։ Նա բազմանդամ ընտանիքի 19-րդ զավակն էր։ Հայրենի Շամախիից կյանքը նրան ամենատարբեր ափերը նետեց, բայց նրա ուղին մշտապես ընթացավ դեպի ճշմարիտ արվեստը։ Այլ կերպ լինել չէր էլ կարող․ Զարյանի ավագ եղբայրը՝ Լևոն Եղիազարյանը, նշանավոր երաժիշտ էր, իսկ Ալեքսանդր Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը մայրական կողմից ազգականներ էին։



Հանրությանն առավելապես իր «Նավը լեռան վրա» և «Տատրագոմի հարսը» ստեղծագործություններով հայտնի գրողը մազապուրծ փախավ Թուրքիայից՝ իր գրչակից ընկերներ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի և այլոց ճակատագրից խուսափելով։

Մշտապես օտար ափերում դեգերող անցորդը հայրենիք վերադառնալու հնարավորություն ստացավ 1922 թ․։ Նա արտասահմանյան գրականություն էր դասավանդում Երևանի պետական համալսարանում։ Սակայն մշտական վերահսողությունը, սառը վերաբերմունքը հայրենիքը լքելու պատճառ դարձան։ Ճակատագրի դառը հեգնանքով նա հերթական անգամ խուսափեց այն աղետից, որին զոհ գնացին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Վահան Թոթովենցը, Զաբել Եսայանը․․․



«Անցորդը և իր ճամփան» հուշագրական ժանրի գործում Կոստան Զարյանը կարծես տալիս է իր դեգերումների ամփոփումը՝ Արևելքի և Արևմուտքի, Առաջին հանրապետության ու խորհրդային կարգերի, մարդկանց ու ազգերի զուգահեռներում։

Այսօր, առավել քան երբևէ, արդիական են նրա դիտարկումները։



«Եթե մենք ուրանանք մեր անցյալը, դավաճանենք մեզ, և, հետևելով իրապաշտ առաքյալների դավանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակված փոքրիկ խանութպանի դերը, մենք կստորագրենք մեր մահը։

Հայաստանը կլինի, ինչպես այսօր, Մոսկվայի առջև դողացող մշտնջենական մուրացիկ, որը պետք ունի դրամագլխի, որպեսզի աշխատի, պետք ունի շուկայի, որպեսզի ծախի, պետք ունի դրական գիտության, որպեսզի մտածի։

Ես ուրանում եմ ծխնելուզային և ստամոքսային այդ Հայաստանը։

Ուրանում եմ փոքրամիտ և անթռիչք այն մարդկանց, որոնք ոստիկանի ձևերով, Հայաստանը փոքրիկ շուկայի են վերածում։

Ուրանում եմ նրանց ագահ, անոթի և հանդգնության այդ աշխարհը, ուր քաղաքացին խլուրդ է, և «գաղափարականը»՝ աղվես։

Մեր երկիրը այն բախտավոր վայրերիցն է, որոնք չեն կերակրում, այլ կերակրվում են։ Այդպես էր Աթենքը, այդպես էր Հռոմը, և այդպես է Արևելքի մեծ մասը։

Ուստի հայ լինելը պահանջում է մեծ ճիգ, հոգեկան կենտրոնացում, զոհաբերության ոգի, խոր հավատք և առաքելական մոլեռանդություն։



Արևմուտքը խենթացած գազանի նման քերում է երկրագնդի մակերեսը՝ նոր գանձեր գտնելու համար, և անգիտակցաբար փորում է իր գերեզմանը։ 18-րդ դարից նա ժառանգել է նյութապաշտ իմացականության դյուրին զենքը, որով կարողանում է հաղթել բնության տարերային ուժերին։ Նա ուրանում է հոգեկան արժեքների ավանդական շաղկապումը, մարդը իրի է վերածում, ազգությունը՝ տնտեսական ազդակի ու խորհուրդը՝ նախապաշարումի։ Ու իր ծոցից դուրս եկած լավագույն խորհողները՝ Շպենգլեր, Կայզերլինգ և շատ ուրիշներ, վկայում են նրա մտավոր մահը։

Բոլշևիզմը ծնված է ոչ թե, ինչպես շատերը կարծում են և ինչպես առաջ կարծում էի ես ևս, վերջին հարվածը տալու համար մեռնող այդ աշխարհին, այլ ընդհակառակը, բռնության ուժով, շարունակելու համար նրա հոգեվարքը։

Նոր մշակութային շրջանը սկսվում է Արևելքում։

Չմոռանանք, որ քրիստոնեությունը առաջ եկավ Հրեաստանի ամենահետամնաց և աղքատիկ գավառի մեջ Հռոմեական կայսրության հզորագույն դարում։

Հայոց աշխարհը՝ արյունի և մահի ողբերգական այդ երկիրը, այլևս հղի է բոլոր կարելիություններով»,- գրել է նա։