Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 2 շաբաթ առաջ - 16:13 14-04-2024

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ․ այսօր Համո Սահյանի 110-ամյակն է

Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը: Ոչ,սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է ,եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...»,- գրել է Վահագն Դավթյանը։

110 տարի առաջ այս օրն է ծնվել սյունյաց հրաշագեղ աշխարհում ծնված բանաստեղծը՝ Համո Սահյանը։

Համո Սահյանի գրականության ակունքները հայրենի Լոր գյուղում են: Այնտեղ նա անցկացրել է ընդամենը տասներեք տարի, բայց հետագա ողջ ստեղծագործական ուղին մի յուրատեսակ վերադարձ է դեպի մանկություն՝ այդ կարճ, բայց հիշողություններով ու ապրումներով հագեցած շրջանը:



Լորը ինքնին բանաստեղծական է, բայց ծննդավայրի գեղեցկությունների, զանգեզուրյան խորհրդավոր բնության, նահապետական գերդաստանի հարուցած ազդակների կողքին առաջնային նշանակություն է ունեցել նաև Ակսել Բակունցի իրական լեգենդը: Աչք բացելով մանուկ Հմայակը համագյուղացիներից լսել է տարիներ առաջ գյուղում մի կարճ ընթացք աշխատած, բայց պայծառ հուշ թողած Ալեքսանդր վարժապետի մասին:

Մի հարցազրույցի ժամանակ Համո Սահյանը ասում է. «Մարդը ապրել է հազարամյակներ ու հազար տարում ստեղծել է իր օրենքը, բարոյականը, ու հանկարծ մի կարճ ժամանակում այդ օրենքը ոտնահարվում է: Հիշում եմ՝ ես մեր գերդաստանում 31-րդն էի: Հացի էինք նստում բոլորս միասին: Սպասում էինք, մինչև պապս ձեռքի գործը վերջացնում էր, լվացվում, նստում սեղանի գլխավերևում, և նոր միայն ձեռքներս մեկնում էինք հացին: Կար հարգանք միմյանց միջև, ակնածանք՝ տոհմի մեծերի հանդեպ, ու նրանց օրինակը, որով սնուցում էինք մեր հոգին»։

Ծանր մանկություն են ունեցել Սահյանը։ Փոքր էր, երբ մահացավ մայրը, ու թեև հայրը երկրորդ անգամ ամուսնացավ, խորթ մայրն էլ փորձեց ջերմությամբ պարուրել որբացած երեխաներին, մինևնույնն է, հարազատ մոր բացակայությունը ոչինչ լրացնել չկարողացավ։ Հետո բանաստեղծը փորձեց մոր կարոտը հարենիքից առնել․ «Մա՜յրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս․․․»։



«Հայրս իր հայրենիքը միշտ համեմատել է մոր հետ: Իր երկրի ճակատագրով մտահոգված է եղել միշտ: Նա այն համոզման էր, որ մենք եղել ենք, կանք ու կլինենք, չնայած գիտեր, որ դժվարին ճանապարհ է սպասվում: Նա ասում էր, որ եթե ժողովուրդը իր հոգով բարձր է, ուրեմն կա: Հիմա մեր ազգը հոգեւոր հայր չունի: Սահյանը, օրինակ, կարող էր այսօր մի բան ասել, որ ոչ մեկը չի ասում: Բայց քանի որ դրա հնարավորությունը չկա, հիշենք նրա խոսքերը. «Իմ երգերում ինձ ման եկեք. ես ուրիշ տեղ չկամ»»,- պատմում է որդին՝ Նաիրի Սահյանը:

Սահյանի քույրը՝ Հասմիկը, իրենց ծանր մանկության մի պատառիկ է պատմում․ «1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել:Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:

Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ:

Մայրս ու հայրս լաց եղան:

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…»։



Սահյանը հասարակ մարդ էր, համեստ, ինչ-որ տեղ նաև ամաչկոտ: Պարզ էր, բայց ոչ պարզունակ։ Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչև հոգուդ հատակը: Ասում էր, որ իր բոլոր ստեղծագործություններն իր զավակներն են, եւ ինքը պատասխանատու է դրանց բոլորի համար: Մի բան գրելուց 10-15 րոպե հետո կարդում էր, բարկանում, պատռում էր ու գցում մի կողմ:

Որդին պատմում է, որ հայրը միշտ ասում էր, թե մարդն անպայման կհասնի նրան, ինչին արժանի է․ «Միշտ ասում էր, որ երեխային չի կարելի զոռով տանել ինչ-որ ուղղությամբ. ուր գնալու է, կգնա: Երեւի իր կյանքի փորձից էր ասում: Նա 13 տարեկանից մենակ է եղել ու հասել նրան, ինչին պետք է հասներ»:



Ավետիք Իսահակյանը մի անգամ գրողների միությունում ասել է․ «Բանաստեղծները երեք տեսակի են լինում՝ տիեզերական․ դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»։ Համամարդկային․ Վահան Տերյանն է. «Ասում եմ ես՝ մնաք բարով»։ «Ազգային…»։

Եվ Իսահակյանը բազմանշանակ լռել է։

–Ազգայինը ո՞վ է բա, Վարպետ,–հարցնում է Համո Սահյանի կինը։

–Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»…