Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Չորս փղերի մարշը
Նիկոլ Փաշինյանը 2026թ. ընտրություններին պատրաստվում է սատանայական աշխատասիրությամբ։ Նրա ընտրվելու ռազմավարությունը հենված է չորս հիմնական փղերի վրա, որոնք հիմնականում պահվում են գաղտնիության մթնոլորտում։
Առաջին փիղը թշնամու ամրագրումն է։
Նրա հախուռն ու հիստերիկ դրսևորումները բնավ վախի ու ցեյտնոտի դրսևորումներ չեն ինչպես փորձում են մեկնաբանել մեր մուսկուլ ճոճող ըմդդիմադիր որոշ գործընկերներ։ Նա քայլում է ջունգլիով ու աջուձախ միզում թփերին՝ փորձելով գտնել մեկին, ով կասի «հոպ արա, էս ի՞նչ ես անում» ու հետո նրան հռչակի ջունգլիի թշնամի և քարշ տա 2026-ի ընտրություններ։
Երկրորդ փիղը մասնակցության բևեռացումն է։
Այսինքն ամեն ինչ անելը, որ իր ընտրողները մաքսիմալ շատ գան տեղամասեր, իսկ իրեն չընտրողները առհասարակ հեռու խաղան ընտրություններից։ Քանի որ իշխանության էլեկտորատը հարաբերականորեն հաստատուն քանակ է՝ ցածր մասնակցության պայմաններում այդ հաստատուն քանակը կկազմի ավելի մեծ տոկոս և կտա լիակատար իշխանություն վերցնելու ավելի մեծ շանսեր։ Ցածր մասնակցությունն, ընդ որում, վերաբերում է թե՛ զուտ ընտրողներին, թե՛ ընտրական ակտիվին։ Զուտ ընտրողների մասնակցությունը կրճատելու համար նա ամայացնում է քաղաքական միտքը, քաղաքականության լեզուն վերածելով պոռնոգրաֆիայի, որ որևէ բարոյական մարդ ամաչի հետաքրքրվել քաղաքականությամբ, միացնել ու լսել լուրերը, գնալ ու ընտրել քֆուրչիների որևէ խմբի։
Ինչքան մոտենան ընտրությունները՝ հայհոյանքը, բռնությունն ու ապօրինությունը ավելանալու է նրա գործիքակազմում։
Ընտրական ակտիվի մասնակցությունը բևեռացնելու հարցում ևս նա գործում է անվրեպ։ Հոգևորականների ու Սամվել Կարապետյանի ձերբակալությունները ազդակ են բոլոր մարդկանց, որ «ես տոռմուզներ չունեմ՝ դեմս դուրս չգաք»։ Այս իրադարձությունների բերումով լոյալ բիզնեսը ավելի է համախմբվելու Նիկոլի շուրջ, իսկ ոչ լոյալ բիզնեսը խուսափելու է աջակցել ընդդիմության որևէ բլոկի, որովհետև դե «ախպեր սկի Տաշիրի միլիարդներն ու կապերը իրան չօգնեց, մեր տերը ո՞վ ա»։ Նույն բանը կատարվելու է ոչ ֆինանսական ակտիվի դեպքում։
Երրորդ փիղը կադրային փոփոխություններն են մասնավորապես պատգամավորական կորպուսում։
Ձեզ հայտնի անլեզու ուսապարկերի մեծ մասը չի լինելու նախընտրական ցուցակում։ Նրանց համար կգտնվեն ալաֆի տարբեր աղբյուրներ պոակներից մինչև հիմնադրամներ, բուհերից մինչև դեսպանատներ։ Իսկ նրանց փոխարինելու են գալու տարատեսակ «մեր ժամանակների հերոսներ» որոնց հետ գիշեր-ցերեկ հանդիպում են Նիկոլն ու Աննան, ունենում ոչ ֆորմալ շփումներ դաչայում ու Կառավարության շենքում։ Այս օպերացիան պիտի դառնա «հետևությունների հույսը» մի բան, որ սիրում են ծախել դեգրադացվող իշխանությունները ամբողջ աշխարհում, որ իբր «աչքիս հասկացել ա որ սենց չի լինի՝ սաղ փոխում ա» մի բան որ խաղարկվեց 2017-ին ի դեմս Կարեն Կարապետյանի։ Որպես սրա ենթակետ է պետք ընկալել Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի եկեղեցու՝ «Կրթվելը նորաձև է» աղանդավորական կազմակերպության դռնփակ քարոզները, որտեղից ամենատաղանդավոր քարոզիչները կբերվեն առաջին պլան, իսկ մնացածները կտարածվեն ժողովրդի մեջ ու կքարոզեն «ավետյաց երկիրը» անհավատներին փոխարինելով բեզդառնի ՔՊ-ականներին։
Չորրորդ կարևոր փիղը արտաքին քաղաքական բարեհաճությունը շահելն է։
Մենք ականատես ենք լինում Ռուսաստանի հասցեին խիստ մեղմացող տոնայնության։ Ըստ երևույթին կուլիսներում տրվել են ինչ-որ երաշխիքներ, որոնք օրինակ փափկացրել են Ալեքսանդր Լուկաշենկոյի քար սիրտը ու նա սկսել է խորհել, որ «գուցե մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք, որ Հայաստանը նեղացել է», որոնք ստիպել են Լավրովին ու Օվերչուկին Արմեն գրիգորյանից ավելի հաճախ արտասանել «ներքին գործ», «ինքնիշխանություն», «երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության» մասին տեքստերը։ Մյուս կողմից թուրքերի հետ առերևույթ «անբովանդակ» զրույցներն են։
Ուշադիր հետևողների համար պիտի պարզ լինի, որ Էրդողան-Փաշինյան հանդիպումը ըստ ռելիզների ոչ մի բանի մասին էր։ Երկու հասուն մարդ ըստ ռելիզների իրենց բան ու գործը թողել են, հանդիպել ու խոսել նրա մասին, որ լավ կլինի ամեն ինչ լավ լինի ու ոչ մի բան վատ չլինի։ Եվ եթե չկա հանրությանը ասելու բան կնշանակի որ էն ինչ կա` ասելու բան չէ։ Ահա այստեղ է, որ ողջամիտ մարդը չի կարող չենթադրել, որ Փաշինյանը գնացել էր բոլոր հարցերը ընտրություններից հետո լուծելու մասին բանակցության ու կարծես նա վերադարձել է այդ հարցը լուծած և կտրուկ անցել զուտ ներքին կազմակերպչական հարցերի։
Ահա այս չորս փղերի զուգահեռ ու համակարգված առաջ մղմամբ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է 2026 թվականի ընտրությունները (գուցե անգամ առանց կոալիցիայի)։ Նման զարգացման դեպքում այն ինչ տեղի կունենա հաջորդող մի քանի տարում պարզապես անճանաչելի կդարձնի Հայաստանը որպես երկիր ու հասարակություն։
Ատելությունը, ավտոկրատիան, նվաստացումն ու կյանքի անիմաստությունը դառնալու են մեզ բոլորիս ուղեկցող առօրյա երևույթներ ոչ մի փշուր չթողնելով մեր այնքան երազած ինքնիշխանությունից ու ժողովրդավարությունից։ Եվ ըստ այդմ ձեր համար բաց եմ թողնում հարցը (հետագայում իմ պատասխանը հնչեցնելու պարտավորությամբ) իսկ ի՞նչ ենք անում մենք…»։