Արտաքին 3 տարի առաջ - 14:20 25-01-2023

Թուրք քաղաքական գործիչը չի բացառել ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Անկարան հինգ-վեց ամսից կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ երկրի դեմ իրականացվող սադրիչ գործողությունների պատճառով։ Ինչպես փոխանցում է թուրքական Aydınlık պարբերականը, Սանջաքն ասել է, դաշինքը Թուրքիային փորձում է հակադրել Հունաստանի հետ։

«Իրադարձությունները մեզ ստիպում են նման գործողությունների գնալ: ՆԱՏՕ-ն մեզ ստիպում է դա անել իր սադրանքներով: Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին: Թուրքիան 5-6 ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից: Նրանք փորձում են մեզ ներքաշել դեպի Մերձավոր Արևելքի հորձանուտը: Վերջապես, դուք տեսնում եք Ղուրանի դեմ գործողություններ Շվեդիայում և Նիդեռլանդներում»,- ասել է թուրք քաղաքական գործիչը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկրում իրականացված վերջին հարցումների համաձայն՝ Թուրքիայի բնակչության առնվազն 80%-ը վստահ է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ ամենաթշնամական և կործանարար քաղաքականություն վարող երկիրն է։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում թուրք ժողովուրդը սկսել է համակրել Ռուսաստանին և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Սանջակը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և Սիրիայի ղեկավարությունը կնստի բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի ստիպեն ԱՄՆ-ին լքել Սիրիայի տարածքը։

«Մենք կնստենք Ասադի և հարևան երկրների ղեկավարների հետ ու խաղաղության համաձայնագիր կստորագրենք։ Մենք պետք է անհապաղ Սիրիայից դուրս մղենք ահաբեկչական կազմակերպություններին և ԱՄՆ-ին։ Սիրիացիներն ու թուրքերը եղբայրական ժողովուրդներ են։ Արաբ ժողովուրդներից մեզ ամենամոտն են սիրիացիները։ Մենք պետք է ապահովենք փախստականների անվտանգ վերադարձը իրենց երկրներ: Չեմ կարծում, որ Ասադը դեմ կլինի նրանց վերադարձին: Մենք կարող ենք միասին վերականգնել Սիրիան»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցությունը դեռևս հունվարի 19-ին հայտարարել է «Լքենք ՆԱՏՕ-ն» համազգային արշավի մեկնարկը՝ Թուրքիայի իշխանություններին կոչ անելով դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Այս արշավի շրջանակներում քաղաքական շարժումը նախատեսում է մի շարք քաղաքների հրապարակներում սեղաններ տեղադրել՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցով ստորագրահավաք իրականացնելու համար, ինչպես նաև ցույցեր ու բողոքի ակցիաներ կանցկացվեն Թուրքիայում ՆԱՏՕ-ի բազաների դեմ։ Կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքն անգամ հայտարարել է, որ «ուժեղ ՆԱՏՕ-ն նշանակում է ուժեղ սպառնալիք Թուրքիայի համար»։

«Հայրենիք» կուսակցությունն ավանդաբար հավատարիմ է հակաամերիկյան դիրքորոշումներին։ Նա բազմիցս կոչ է արել Թուրքիայի իշխանություններին փակել ԱՄՆ ռազմակայանները երկրում, հետ կանչել ամերիկյան F-16 կործանիչներ գնելու հայտնը և դուրս գալ ՆԱՏՕ-ից։





Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում