Դատախազությունը միջնորդել է սկսել Սարուխան համայնքին պատճառված վնասը վերականգնելու գործընթաց
copy image url

Դատախազությունը միջնորդել է սկսել Սարուխան համայնքին պատճառված վնասը վերականգնելու գործընթաց

Ներքին 2 տարի առաջ - 19:24 05-01-2023

Սարուխան համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով քաղաքացիական հայց հարուցելու համար Գեղարքունիքի մարզի դատախազությունը համապատասխան միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից:

«Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ը, իրավասու լինելով վերահսկելու համայնքի բյուջեի կատարումը, իր ծառայողական պարտականությունները չի իրականացրել:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2012 թվականից մինչև 2017 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ն` որպես տրանսպորտային միջոցների գույքահարկ, հավաքագրել է 13 մլն 508 հազար 328 դրամ և հափշտակել: Այնուհետև, որպես վնասի վերականգնում, համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ին է տվել նշված գումարը և տույժ-տուգանքի 14 մլն 113 հազար 894 դրամը:

Իր հերթին Ի.Բ-ն, 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավար Հ.Չ.-ի դրդչությամբ, հետագայում գումարը վերադարձնելու պայմանով, հավաքագրված գումարներից համայնքի բյուջե չմուտքագրելով յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն 950 հազար դրամ և հանձնել է համայնքի ղեկավար Հ.Չ.-ին (Հ.Չ.-ն մահացել է 2017 թվականին, և նշված գումարը չի վերադարձվել): Իսկ Ի.Բ.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, գումարներից հափշտակել է ևս 11 մլն 934 հազար 454 դրամ:

2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, տեղյակ լինելով վերը նշվածի մասին, խմբային շահերից ելնելով, իր ծառայողական պարտականությունները դիտավորությամբ չի կատարել, այն է՝ պատշաճ հսկողություն չի իրականացրել համայնքի բյուջեի կատարման նկատմամբ և ոչ մի միջոց չի ձեռնարկել նշված գումարը համայնքի բյուջե վերադարձնելու ուղղությամբ: Արդյունքում, Սարուխան համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն 884 հազար 454 դրամ գույքային վնաս:

Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ին և նույն համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում):

Հիմնավորվել է նաև, որ 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավար Հ.Չ.-ն կատարել է 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք (առանձնապես խոշոր չափերով յուրացման դրդչություն), սակայն նկատի ունենալով, որ նա 2017 թվականի օգոստոսի 29-ին մահացել է, որոշում է կայացվել մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Դատաքննության ընթացքում՝ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ն ևս մահացել է. որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել:

Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ն վերականգնել է իր կողմից պատճառված վնասը: Նրա նկատմամբ կիրառվել է համաներում:

2022 թվականի հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռով՝ Սարուխանի համայնքապետի պաշտոնակատար հանդիսացած Լ.Ա.-ն մեղավոր է ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ 250 հազար դրամի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով քաղաքացիական հայց հարուցելու համար Գեղարքունիքի մարզի դատախազությունը համապատասխան միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիք մարզի Գավառի համայնքապետարան:

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»