Ներքին 3 տարի առաջ - 20:56 04-01-2023

Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» են համարում ՀՀ ողջ տարածքը․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ավելի վաղ իմ գրառումներում նշել էի, որ դեկտեմբերի 24-ին Ալիևը ելույթ էր ունեցել, որտեղ կոչ էր արել «հայեցակարգ մշակել Արևմտյան Ադրբեջան ադրբեջանցիների վերադարձի» մասին: Ամբողջ քարոզչադաշտը դրանից հետո ողողվել է այդ թեզով:

Երկու օր առաջ ադրբեջանական AzTv պետական հեռուստաընկերությամբ հեռարձակվել է տեսանյութ, որտեղ նշվում է՝ «Արմտյան Ադրբեջան» վերադառնալը դարձել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր գիծ: Նյութի մեջ մեջբերվում է Ալիևի դեկտեմբերի 24-ի ելույթը: Հաղորդավարը նշում է, որ «Արմտյան Ադրբեջան» վերադառնալն անդառնալի գործընթաց է, որը կիրականացնեն խաղաղ ճանապարհով:

Այժմ Ադրբեջանում աշխատում են դրա իրավական, քաղաքական, քարոզչական հիմքերի ստեղծման ուղղությամբ: Ցուցադրվող քարտեզում ՀՀ ներկայիս տարածքն է, որոնց նկատմամբ կիրառվել են ադրբեջանական շինծու անվանումներ: Նշվում է, որ հիմա կայք է ձևավորվում, որտեղ ցույց են տալու, թե ինչպես են հայերը քշել «բնիկ ադրբեջանական բնակչությանը» և հայերով բնակեցրել այդ տարածքը:

Նշեմ, որ այսօր Ադրբեջանը ԱԳՆ-ն, արձագանքելով ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությանը, առաջին անգամ շրջանառության մեջ է դրել հետևյալ թեզը. «ՀՀ ԱԳՆ-ն, մեղադրելով Ադրբեջանին էթնիկ զտումների քաղաքականության մեջ, փորձ է անում կոծկել 20-րդ դարասկզբին Ադրբեջանի և Հայաստանի տարածքում ադրբեջանցիների դեմ իրագործված էթնիկ զտումների քաղաքականությունը»:

Երկու օր առաջ ռեպորտաժում արդեն խոսվում է, որ դա դառնալու է արտաքին քաղաքական գիծ, երկու օր անց ԱԳՆ տեքստում արդեն նման ձևակերպումներ են տեղ գտնում:

Թեզը նոր չէ, բայց այն նոր թափով է դրվում շրջանառության մեջ՝ Ալիևի հանձնարարականի հիման վրա, հսկայական գումարներ են ծախսվելու դրա քարոզչական շղարշի ապահովման ուղղությամբ: Այս կեղծիքն ու աբսուրդը խնդիրներ կարող են ստեղծել մեզ համար, եթե մենք դրան անլուրջ վերաբերվենք և մեր օրակարգերը չստեղծենք: Արդեն նշել եմ, որ առաջիկայում լրանալու է Բաքվի ջարդերի տարելիցը (1990 թ. հունվարի 13-19), որին պետք է պատրաստվենք և փաստական հենքի վրա ներկայացնենք: Մենք որևէ բան հորինելու կարիք չունենք, ցավոք, մեր պատմության մեջ ողբերգական դեպքերի և մեր ժողովրդի դեմ տեղ գտած վայրագությունների մասին փաստերը շատ են և անժխտելի: Բաքվի և Սումգայիթի ջարդերի հիշատակումը կարևոր է նաև Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակը ներկայացնելու համար:

Իսկ ավելի երկարաժամկետ առումով պետությունը պետք է պատվերներ ուղարկի պատմաբաններին, կովկասագետներին, հավելյալ միջոցներ հատկացնի և սկսի օժանդակել նրանց՝ տարածաշրջանի պատմությունը փաստական հենքի վրա ներկայացնելու համար: Մենք այդ գիտական ռեսուրսն ունենք: Այս հարցը հայեցակարգային մոտեցում է պահանջում: Սա նաև առիթ է ցույց տալու, թե ինչպես է Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով տարածքային հավակնություններ ներկայացնում մեր պետության նկատմամբ:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» են համարում ՀՀ ողջ տարածքը»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը