Միտք 3 տարի առաջ - 11:26 07-12-2022

Իշխանությունը ֆիքսել է ընդդիմության կոպիտ սխալը. նրանք ամեն գնով խուսափում են արտահերթ ընտրություններից

Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են Թումանյանի հանրահայտ հեքիաթի հարաբերություններին։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է.

«Ամեն անգամ դատախազը գալու է մի պատգամավորի հետևից, կամ սպառնալու է, որ կգա։
Ու ամեն անգամ ընդդիմությունը իր շարքերից պիտի մի «կուկու ձգի»։

Մեկին՝ անձեռնմխելիությունից զրկել, մյուսին՝ ՍԷԿՏ-ը փակել, երրորդին՝ քրեական գործ, կամ՝ ապօրինի գույքից զրկման ընթացակարգ և այլն։

Իշխանությունը ֆիքսել է ընդդիմության կոպիտ սխալը, այն է՝ ներկա ընդդիմադիր ձևաչափերը չեն ուզում արտահերթ ընտրություններ, ամեն գնով խուսափում են։

Եթե խորհրդարանական համակարգով երկրում ընդդիմությունը չի ուզում արտահերթ ընտրություններ, ապա իշխանությունը միանգամից արհեստականորեն ուժեղանում է։

Իսկ հանրային կառավարելի տրամադրությունների համար իշխանությունն ապահովելու է տեսարաններ՝ ընդդիմադիր, երբեմն՝ յուրային պատգամավորների, գործիչների վրա քրեական գործեր, գույքի և ունեցվածքի ցուցադրման, բռնագանձման տեսարաններ։ Սա՝ լայն զանգվածների համար։

Զուգահեռ ձևավորվում է «ապօրինի գույքերի» և քրեական գործերի ստվերային շուկա, որտեղ կարող են տեղի ունենալ գործարքներ՝ ունեցվածքային հարցերի, ինդուլգենցիաների, պայմանավորվածությունների և այլն։ Լայն հանրությանն ու տարբեր ընտրազանգվածներին սրանց մասին արդեն տեղյակ չի պահվում։

Արտահերթ ընտրության սպառնալիքը և դրան պատրաստ ընդդիմադիր ձևաչափերը քաղաքական ստվերային շուկայի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ միջոցն են։

Երբ ընդդիմադիր ձևաչափերը խուսափում են արտահերթ ընտրությունների գաղափարից, գործող իշխանությունն ավելի է գռեհկանում, նրան էլ ոչինչ չի զսպում։ Պետության մաշումը և ընդհանուր դեգրադացիան ավելի մեծ տեմպ են ստանում։

Նույնիսկ զուտ ինքնապաշտպանությունից ելնելով՝ որպեսզի իշխանությունը ում ուզի, երբ ուզի չբռնի, չփակի, չխեղճացնի, գործ չհարուցի, ընդդիմությունը պետք է որ խաղարկեր արտահերթ ընտրության գաղափարը, բայց նույնիսկ դա չի արվում։ Եթե ընդդիմադիր ձևաչափը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների, ապա «Մեր օրակարգին» շատ արագ փոխարինում է Աննա Վարդապետյանի օրակարգը։ Սա շատ պարզ բան է։

Իշխանությունը, դատախազությունը, ուղիղ կամ միջնորդավորված, անոնսելու են հերթական պատգամավորի հանդեպ քրեական հետապնդման մասին։ Իհարկե, հայտնի բանաձևի համաձայն, սպառնալիքի առկայությունը դրա իրացումից ավելի վտանգավոր է, և դատախազը կարող է նաև չգալ, ուշ գալ, բայց իր թիրախներին դարձնել «կառուցողական» պատգամավոր կամ այնպիսի քաղաքական միավոր, որի կազմում մարդիկ չեն ուզում դառնալ պատգամավոր։

Երկիրը վերածվում է մի մեծ դատախազության, որի ընթացքում պետականությունն ավելի´ է քանդվելու, ընդհանուր մթնոլորտը ավելի´ անասնական է դառնալու։ Այս և այլ պատճառներով է շատ կարևոր ունենալ նոր, ճիշտ ընդդիմադիր ձևաչափեր, որոնց օրակարգում կլինի արտահերթ ընտրության գաղափարը և որոնք իրենց բովանդակությամբ ու կառուցվածքով պատրաստ կլինեն ցանկացած պահի, այդ թվում՝ արտահերթ ընտրություններով վերցնել իշխանությունը։

Հիմնական ուրվագծերով՝ այս վիճակը նման է Վրաստանում Սահակաշվիլիի կառավարման վերջին փուլին։ Իրականությունը ծնեց Իվանաշվիլի, որը կոնսոլիդացրեց լայն շերտերին, ձևավորեց գրագետ թիմեր, հեռացրեց պարտված թիմին, առողջացրեց մթնոլորտը երկրում, ու սկսվեց վերականգնման դժվար ու համառ ճանապարհը»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից