Մեր երկրում առկա իրավիճակի փոփոխությունը կախված է արտաքին ազդակներից․ տնտեսագետ
copy image url

Մեր երկրում առկա իրավիճակի փոփոխությունը կախված է արտաքին ազդակներից․ տնտեսագետ

Ներքին 2 տարի առաջ - 18:17 03-12-2022
Բենզինի գնի էժանացումն առաջին հերթին պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի թանկացմամբ, երկրորդը՝ համաշխարհային շուկայում նավթի էժանացմամբ։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

«Գնիջեցումն այս շրջանում գրանցում ենք որոշակի ժամանակահատվածում։ Դա միանգամից չի գրանցվել։ Հակառակը, երկար ժամանակ բարձր գներ էին արձանագրում։ Սա կապված է նաև Ռուսաստանից արտահանվող նավթանյութերի գնիջեցման հետ»,- ասաց նա։

Տնտեսագետի գնահատմամբ՝ ներկայում առկա պատկերի շարունակականությունը կապվում է մի քանի հանգամանքի հետ։

«Հիմա, օրինակ, քննարկվում է, որ շուկա պետք է մտնի «Շելլ»-ը։ Իսկ դա աշխատում է Ադրբեջանում։ Չի էլ բացառվում, որ այս պարագայում մոնոպոլացման տարբերակով գնա։ Այս պարագայում, արդեն, սկզբում կէժանանա, հետո նորից կթանկանա, ինչպես որ որպես օրենք լինում է»,- ասաց նա։

Մյուս՝ դրամ-դոլար հարաբերակցությունն, ըստ տնտեսագետի, կախված է ռուս-ուկրաինական պատերազմից ու դրա զարգացումներից։

«Այս պահի դրությամբ՝ դրամը թանկ է, բայց կարող է ինչ-որ պահից էժանանալ։ Դա կախված է այն պատկերից, որը կա Հայաստանից դուրս։ Այն, դեպի Հայաստան հոսող հոսանքներից այն պահի դրությամբ գումարային՝ ամսական մոտ 200 մլն․ դոլար մաքուր ներհոսք է ապահովվում։ Թե դա որքան երկար հնարավոր կլինի ապահովել, չեմ կարող ասել»,- ասաց նա։

Գնային այս վայրիվերումներով պայմանավորված, ըստ փորձագետի, առաջիկա իրավիճակն անկանխատեսելի է։

«Թե բենզինի այս գինն ինչքանով կարող է ազդել տնտեսության վրա, դա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա։ Դա կարող է դրականորեն ազդել գնաճի վրա։ Գնաճը կնվազի հենց այս ապրանքի գնից ելնելով։ Նաև ինչ-որ կուտակային էֆեկտ էլ կա այլ ապրանքների վրա։ Դրանից բացի՝ այլ, լրացուցիչ ազդեցություն չեմ ակնկալում»,- ասաց նա։

Այդուհանդերձ, ըստ փորձագետի, հետագա զարգացումները նույնպես կախված են արտաքին աշխարհաքաղաքական ու տնտեսական իրադարձություններից։ Դրանք, ինչպես նաև դրանցից կախված հետևանքները բոլորովին անկանխատեսելի են։

«Այո, այսօր բենզինի գները համեմատաբար ցածր են, բայց որևէ մեկը չի կարող ասել, թե 3 ամիս անց ինչ տեղի կունենա»,- ասաց նա։