Երևան +18°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 15:18 27-11-2022

Լուր աղետի՝ թերթերում գրած...

1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո լքված ու անօգնական մահացավ հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Նա ընդամենը 40 տարեկան էր։

«Նրա կյանքի վերջին տարիները տխուր եղան...»,- իր հուշերում գրում է գրող Ստեփան Զորյանը ու նեղսրտած մանրամասնում, թե ինչպես էր Չարենցը սիրում խմել թե՛ հաջողության և թե՛ անհաջողության դեպքում։ Նրան այդ հակումից փրկելու համար տարան Մոսկվա` բուժվելու։ Սակայն, Չարենցը ալկոհոլիզմից բուժվելով, ընկել էր մորֆիի թակարդը։



«Մի անգամ ճաշարան գնալիս, երբ նրա թևը բռնեցի` եկող կառքից հեռացնելու համար, նա կծկվեց և համարյա ճչաց.- Կամա՛ց... Ես շվարեցի. ինչ պատահեց... Նա հասկացավ ինձ ու բացատրեց, որ սրսկումներից թևի վրա վերքեր են առաջացել... Չգիտեմ, այդ սրսկումները որևէ օգուտ բերում էին նրան, թե՞ ոչ, գոնե առժամապես, բայց հաստատ կարող եմ ասել, որ դրանք թուլացնում էին նրա կամքը, եռանդը և անասելի նյարդային վիճակ ստեղծում իր համար։ Երբ անցնում էր թույնի բերած մոռացությունը` նա տխրում էր, դառնանում, ընկճվում և... շատ ընկերների համարում թշնամի։

Նա այդ վիճակի մեջ էր, երբ սկսվեցին 1936-37 թթ. դեպքերը»,- պատմում է Ստեփան Զորյանը։

Այս տարիներին սկսում են խորանալ Չարենցի դեմ ուղղված հալածանքները։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից, ապա ենթարկում տնային կալանքի։ Սրան զուգահեռ` Աղասի Խանջյանի սպանությունը, Համո Ամատունու նշանակումը քայքայում են Չարենցին և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։



Ըստ Զորյանի` 1937-ին Չարենցին սենյակ են խոստանում Ծաղկաձորի կառավարական հանգստյան տանը։ Նա գնում է ու տեսնում, որ իրեն խոստացված սենյակը տրամադրել են «կառավարության նախագահի տեղակալ» Ալի-Մամեդովին։ Վրդովված բանաստեղծը հայհոյում է բոլորին ու կառք նստած գնում Ծաղկաձորի գրողների տուն։ Պարզում է, որ այնտեղ էլ տեղ չկա։
Զորյանը գրում է.

«... Հայհոյում է այնտեղ գտնված գրողներին, նրանց ընտանիքներին, որ անտաղանդները եկել-տեղավորվել են, իսկ ինքը տեղ չունի... Այնուհետև... հուզված վիճակում Չարենցը Ծաղկաձորից վերադառնում է Ներքին Ախտա. կառքը կանգնեցնելով` մտնում է ճաշարան և, գլխարկը ձեռքն առած, ողորմություն է խնդրում ճաշարանում գտնվողներից.

-Օգնեցեք, ընկերնե՛ր, բանաստեղծ Եղիշե Չարենցին...»։

Եղիշե Չարենցին ձերբակալում են 1937 թ-ի հուլիսի 26-ին։ Պատճառները բազմաթիվ են, բայց ո՛չ կոնկրետ ու վերջնական։

«Գրելով այս տողերը` սիրտս ճմլվում է»,- ասում է Ստեփան Զորյանը ու շարունակում. «Չգիտեմ, նրա դժբախտության պատճառը դարձավ Ծաղկաձորի դեպքը, թե՞ ուրիշ բան (գուցև նախանձոտ մարդկանց բանսարկությունները)։ Ոմանք բանտարկությունը կապում էին քաղաքական հանգամանքների հետ։ Մյուսներն ասում էին, թե` Ամատունին նրան չեզոքացրել է, որ զգաստանա` նոր սկանդալներ չանի։ Կային մարդիկ էլ, որ պնդում էին, թե Ամատունին Բերիայի պահանջով է բանտարակել Չարենցին։

Թե ո՞րն էր սրանցից ճիշտ` կպարզի երևի ապագան... ես միայն այն կարող եմ ասել, որ նրա հյուծված մարմինը չդիմացավ բանտի պայմաններին... Ազատության մեջ արդեն, տանը, նա մի օր առողջ էր, երկու օր հիվանդ։ Տանն էլ մորֆիով էր պահում իր համեմատական առույգությունը։ Իսկ բանտում ո՞վ էր տալու նրան այդ «փրկարար» միջոցը։
Եվ նա չդիմացավ... Ազատության կորովի երգիչը մեռավ բանտում, ու նրա գերեզմանն իսկ մնաց անհայտ»։



Չարենցի մահվան հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ գրված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։

1927-ը բանաստեղծի մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականն է։ Մարմնին դաջված այս ողբերգական տարեթվից տասը տարի անց Չարենցը գնաց միանալու իր սիրեցյալին։ Բայց մահից մեկ տարի առաջ նա արդեն մարգարեաբար գրել էր.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Նաիրա Եղիազարյան