copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:59 24-11-2022

Ծնողներ ունենք, որոնց թուղթ են ուղարկել, որ վարչական տույժ պետք է վճարեն․ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կրկին ՔԿ-ի մոտ էին

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի մոտ ակցիա են իրականացնում` պահանջելով, որպեսզի Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքի մեղավորները պատժվեն։

«Ասում են՝ մեր ընտանիքներ մի մտեք: Բա որտե՞ղ մտնեմ, որ ձեր ընտանիքներ չմտնեմ: Դուք պետությանը պետք է ծառայեք, ոչ թե Նիկոլ Փաշինյանին: Եթե պետությանն եք դավաճանում: Ո՞նց բացատրենք այս կարմիր բերետավոր ոստիկանների արարքը: Հարցումն ուղարկել ենք, Վահե Ղազարյանը մինչև հիմա ինքնություններ է ճշտում: Ոստիկաններից մի քանիսին մենք ենք նույնականացրել, որպեսզի Քննչական կոմիտեի Արգիշտիի գործառույթը հեշտացնենք: Ես չեմ հասկանում՝ էս երկրում ինչքան ուժային կառույց կա՝ ամեն մեկն իրար դեմ են աշխատում, երկրին նպաստող ոչինչ չեն անում»,- լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Գիտենք, որ մի 6 հոգու մեղադրանք կառաջադրեն, բայց իրենց հրաման տվողն ո՞վ է եղել: Զինվորական զորամաս է, ոստիկանն այնտեղ իրավունք չուներ ծառայություն իրականացնել: Մենք էլ քաղաքացիական ակցիա չենք իրականացրել, իրենց հայտարարած դիվերսանտները, պարզվեց՝ ոստիկաններ են, Փաշինյանն իր ոհմակով: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գործ ունի, որ գա Եռաբլուր: Եթե մարդը իր հայրենիքը չի սիրում, եթե մի մարդ կանգնում, բարձր ասում է, որ Շուշին դժգույն քաղաք էր, խաղաղություն է մուրում, նա ի՞նչ պետական արարողակարգ պետք է կատարի»,- նշել է Գալեյանը՝ հավելելով, որ չի կարծում՝ կգտնվի դատավոր, ով կփորձի ծնողներին տուգանել։

Նշենք, որ 3 օր առաջ ծնողները կրկին ՔԿ էին եկել և պարզել էին, որ Եռաբլուրի դեպքով հարուցված քրգործով որևէ ոստիկան չի հարցաքննվել։ Ծնողները եռօրյա ժամկետ էին տվել ՔԿ–ին, ինչի համար էլ այսօր կրկին ՔԿ առջև են հավաքվել։ Նրանք իրենց հետ պաստառ են բերել, որտեղ այն ոստիկանների նկարներն են, որոնք բռնության են ենթարկել իրենց։

Նշենք, որ ծնողները մտել են քննչական կոմիտե։ Կայացած հանդիպումից հետո 44-օրյա պատերազմում անհետ կորած Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց բացատրել են, որ քննչական պրոցեսը բացահայտելու իրավունք դեռևս չունեն։ «Մենք այսօր ավելի շատ եկել ենք նրա համար, որ ծնողներ ունենք, որոնց թուղթ են ուղարկել, որ վարչական տույժ պետք է վճարեն»,- նշել է Գոհար Դավթյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 21-ի միջադեպով ոստիկանների գործողություններին մեկնաբանություն չի տա․ «Իրենք որ տուն են գնում, թող մի հատ մտածեն, որ մեր որդիների շնորհիվ են նստած»։

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեին են փոխանցել սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» իրենց հանդեպ բռնություն գործադրած ոստիկանների նկարները, դրանցից նաև փակցնելով քննչականի պատերին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21-ին, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։ Այդ դեպքով քրգործ էր հարուցվել։