Ավելի քան 700 մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել Մյունխենի օդանավակայանի մոտ՝ ընդդեմ միգրանտների արտաքսման համար նախատեսված հատուկ տերմինալի կառուցման։
Խոսքը վերաբերում է այն միգրանտներին, որոնց ապաստան տրամադրելու դիմումը մերժվել է։ Ցույցը տեղի է ունեցել շաբաթ օրը Օբերդինգ կոմունայում՝ Գերմանիայի արտաքսման քաղաքականության խստացման դեմ համազգային արշավի շրջանակում, հաղորդել է գերմանական Welt թերթը։
Մյունխենի օդանավակայանում նախատեսում են կառուցել առանձին տերմինալ, որը պետք է արագացնի և պարզեցնի մարդկանց երկրից արտաքսելու գործընթացը։ «Թույլ չտալ արտաքսումների տերմինալ Մյունխենում» արշավի կազմակերպիչներն օդանավակայանը կառավարող Flughafen München GmbH ընկերությանը մեղադրում են արտաքսումների ընդլայնման համար ենթակառուցվածք ստեղծելու և դրանից տնտեսական շահ ստանալու մեջ։
«Արտաքսումների տերմինալի միջոցով ընկերությունը տրամադրում է զանգվածային արտաքսումների համար լոգիստիկ ենթակառուցվածք», — հայտարարել է արշավի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նախագծի վերածումը սովորական ենթակառուցվածքային նախաձեռնության վկայում է աջ քաղաքական ուժերի պահանջների նորմալացման մասին։ Կազմակերպիչները կարծում են, որ Գերմանիան լքելու պարտավորություն ունեցող մարդկանց թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է ստեղծել նրանց բնակության օրինականացման իրական մեխանիզմներ, այլ ոչ թե ընդլայնել արտաքսումների համար նախատեսված ենթակառուցվածքը։
Ակցիան անցկացվել է «Ամբողջ Գերմանիայով՝ ընդդեմ արտաքսման խելահեղության» կարգախոսի ներքո։
Մասնակիցները հանդես են գալիս ապաստանի մերժում ստացած միգրանտների արտաքսման, մարդկանց արտաքսումից առաջ կալանքի տակ պահելու և այդ նպատակների համար նոր օբյեկտների կառուցման դեմ։
Մյունխենից բացի, ցույցեր էին նախատեսվում Ֆրանկֆուրտի, Քյոլնի, Լայպցիգի, Դյուսելդորֆի, Հանովերի և Բեռլինի օդանավակայանների մոտ։