Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:08 12-10-2022

Եթե մարդը կարող է 200000-ը սարքել 400000 դրամ, ոչ մի բանից չի հրաժարվի. բնակարանների գները կրկնակի աճել են

«Բնակարանների վաճառքը, մեր մոնիթորինգով, հունվար ամսից սկսած, մոտ 30 տոկոսով աճել է, վարձակալությունն էլ, կոնկրետ Կենտրոնում, մոտ 70 տոկոս աճ է գրանցել, իսկ Կենտրոնից դուրս 50-ից ոչ պակաս, բայց ավելացման միտումը դեռ պահպանվում է, քանի որ ինչպես տեսնում ենք, դեռ արտասահմանից գալիս են»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում հայտնեցին «Կալիբրի» անշարժ գույքի գործակալությունից։

Հիշեցնենք՝ Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարումից հետո մեծ թվով ռուսներ գալիս են Հայաստան՝ ժամանակավոր բնակության, ինչն էլ նպաստել է Հայաստանում բնակարանների գնի բարձրացմանը։

Հարցին, թե որն է բնակարանային շուկայում գնաճի պատճառը, «Կալիբրի» անշարժ գույքի գործակալության վաճառքի մասնագետ Սերգեյը պատասխանեց. «Դա մենք բացատրում են բարձր պահանջարկով և քիչ առաջարկով։ Այս պահին ամենաշատը ռուսներն են»։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ռուսները գերադասում են բարձր գին վճարելով լավ պայմաններով բնակարան ձեռք բերել, պատասխանեցին. «Հիմա եթե Կենտրոնում ուզեն վատ պայմաններով երկու սենյակ գտնել, միգուցե և և 1000 դոլարով չստացվի։ Հիմա լավ պայմաններով բնակարան Կենտրոնում կարող են գտնել մոտ 1500-ի սահմաններում՝ կահավորված, լավ պայմաններով, սրանք այն բնակարաններն էին, որոնք ժամանակին վարձակալությամբ էին տրվում 7-800 դոլարով»։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում դժգոհությունները շատ են, որ տանտերերը տանից հանում են հայ վարձակալներին և նույն բնակարանը շատ ավելի բարձր գնով տալիս ռուսներին, արձագանքեցին. «Ճիշտ եք, մենք օրական նման 10-15 զանգ ստանում ենք հայերից, որոնք խնդիր ունեն․ բնակարանը ազատել են նրա համար, որ բնակարանատերը գինը բարձրացրել է, ու իրենց նախընտրած բնակարանը չեն կարողանում գտնել, որ կարողանանք այդ մարդկանց օգնել»։

Հարցին, թե իրենց գործակալությունն է՞լ է նման աշխատաոճով աշխատում, եղե՞լ են դեպքեր, որ հայ վարձակալներին հանեն բնակարանից և բնակարանն առավել բարձր գնով տան արտասահմանցիներին, պատասխանեց. «Եկեք իրար չխաբենք, ոչ միայն հայությունը, 99 տոկոս դեպքերում, եթե տեսնում ես, որ ավելիշատ եկամտի հնարավորություն կա, դու քեզ այդտեղ պարտված կզգաս, եթե թողնես՝ էժանով մնա, մանավանդ եթե խոսքը գնում է 100 տոկոս աճի մասին, եթե մարդ կարող է 200000 սարքել 400000 դրամ, ինքը ոչ մի բանից չի հրաժարվի, բացի այն հայրենասեր մարդկանցից»։

Դիտարկմանը, որ այս իրավիճակը երկար չի տևելու, ասաց. «Ես վստահ եմ, որ բոլորը, գիտակցելով դա, պատրաստ են 6 ամսից 1 տարով տալ բարձր վարձավճարով, այդ տարվա համար ունենալ եկամուտ, դրանից հետո իրենք ավելի ցածր գնով, որով մինչ այս տված էր, նույն գնով տան»։

Հարցին, թե մարզերից եկած ուսանողները գործակալությունից արդյոք օգտվում են, թե փորձում են առանց միջնորդի բնակարան վարձակալել, Սերգեյն ասաց. «Մեր գրասենյակը կոնկրետ, չգիտեմ ինչով է դա պայմանավորված, համարյա ուսանողների կողմից զանգ չի գալիս։ Ինձ թվում է՝ դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ ոչ միայն չեն կարողանում ամսկան վարձավճար տալ, մի հատ էլ պետք է մտածեն միջնորդական ծառայության համար վճարել, ավելի լավ է իրենք փորձեն դա մենակ անել»։

Հետաքրքրվեցինք Սերգեյից՝ իսկ դրսից եկածները գերադասո՞ւմ են առանձնատներ վարձակալել, թե շենքերում գտնվող բնակարաններ պատասխանեցին. «Ովքեր արտասահմանից 10-ից սկսած քանակով են գալիս, նախընտրում են հիմնականում առանձնատներ վարձակալել։ Հիմա եթե 3500 դոլարով լավ առանձնատուն կարողանան վարձակալել և 10 հոգով մնան, հաստատ 600-700 երկու հոգով չեն կարողանալու մեկ կամ երկու սենյակ վարձել։ Ինձ թվում է՝ սրանով է պայմանավորված»։

Հարցին, թե ինչ են կարծում՝ բնակարանների նման գները երկար կպահպանվեն, պատասխանեց. «Անիրական է, որ կարճ տևի, քանի որ գնալով ավելի է վատթարանում իրավիճակը, իմ կարծիքով, շատ երկար կտևի, մեկ տարուց էլ ավելի»։