Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:07 06-10-2022

Ում հաշվին է Անահիտ Ավանեսյանը պատիվ տվել ԱԱԲԹ-ի մոտ 500 մասնակիցներին

Ինչպես հայտնի է, այս օրերին Հայաստանում ընթանում է Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ 500 պատվիրակներ, բազմաթիվ հյուրեր, մասնագետներ։ Մեզ հայտնի դարձավ, որ պաշտոնական ընթրիքը կազմակերպվել է Երեւանի թանկարժեք ռեստորաններից մեկում՝ նորաբաց Stage by Dvin ռեստորանում, որին մասնակցել են գրեթե բոլոր 500 հյուրերը։

Oragir.news-ը Առողջապահության նախարարի խոսնակից հետաքրքրվեց՝ ինչքան գումար է վճարվել պաշտոնական ընթրիքի համար, քանի հոգի է մասնակցել, արդյոք վճարվել է պետբյուջեից։

Մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ պաշտոնական ընթրիքները լուսաբանման ենթակա չեն։

«Միայն կարող եմ ասել, որ հրավեր եղել է բոլոր հյուրերին։ Ինչ վերաբերում է գումարի չափին, ես գումարի հետ գործ չունեմ։ Առհասարակ, եթե մասնակցել եք այլ երկրներում պաշտոնական ֆորումների, դա ընդունված ձևաչափ է»։

Չնայած ռեստորանից նույնպես մեզ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել այն մասին, թե որքան գումար է արժեցել 500 հոգանոց պաշտոնական ընթրիքը, այդուհանդերձ, մեզ հաջողվեց ճշտել, որ այս ռեստարանում, որը Երևանի ամենաթանկերից մեկն է, նման միջոցառումների համար ֆիքսված գին չկա։ Սակայն մոտավոր հաշվարկով, եթե միջոցառման հյուրերը համեստ են սնվել և ալկոհոլը չեն չարաշահել, մեկ անձի համար գումարը եղել է առնվազն 25 հազար դրամ։

Արդյունքում, գլոբալ համաժողովի հյուրերին պաշտոնական ընթրիքը ՀՀ բյուջեի համար արժեցել է առնվազն 12,5 մլն դրամ։