Երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական աղմկոտ
հայտարարություն արեց՝ ասելով, որ Արցախում տեղակայված խաղաղապահների գործունեության վերաբերյալ ճշգրտումների կարիք կա․ «2020թ․-ի նոյեմբերի 9-ից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, առաջ են բերել խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020-ի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ասաց Փաշինյանը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ
արձագանքել է Փաշինայնին՝ ասելով, որ Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։ «Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հանդես գալ լրացուցիչ նախաձեռնությունների առաջարկով։ Առայժմ մենք դրանք չենք տեսել»,- ասել է նա։
Oragir.news-ի հետ զրույցում ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն ու Լավրովի արձագանքին, ասաց․ «Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանություն կոչվածը 2018 թվականից, երբ եկել է իշխանության, միջազգային հարաբերությունների, դաշնակցային հարաբերությունների, գործընկերային հարաբերությունների, աշխարհաքաղաքական իրողությունների, պետությանը լրջագույնս մոտենալու, խոստումներ տալու, վստահություն ներշնչելու քաղաքականությունից հեռու է և որևէ աղերս չունի։ Սա առաջին դեպքը չէ, երբ այս իշխանության ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը, և հակառակը։ Հիշո՞ւմ եք, մի անգամ էլ եղավ, երբ ասում էին, թե ՀԱՊԿ-ին դիմել են, վերջում պարզվեց, որ ՀԱՊԿ-ին չեն դիմել, ընդամենը բանավոր, ամեն մեկն իր մտքում ինչ-որ բան է ասել, բայց երբ ասացինք՝ մի հատ փաստաթուղթ ցույց տվեք, տեսնենք՝ ՀԱՊԿ-ին դիմե՞լ եք, թե՞ ոչ, մինչև հիմա փաստաթուղթը ման են գալիս, չեն գտնում, այդպես էլ չհասկացանք՝ ՀԱՊԿ-ին դիմե՞լ են, թե՞ չէ։ Պարզվեց, որ չեն դիմել։
Հիմա նույնը․ եթե դու՝ որպես սուբյեկտ, որպես պետության ղեկավար, կառավարության նիստում բան ես ասում, ու մի օր հետո քո դաշնակից պետության արտգործնախարարը հերքում է քեզ, որ դու սուտ ես խոսել, ու նման բան չկա, առաջարկություններ չկան, դա ոչ թե միայն անլրջացնում, այլև ի չիք է դարձնում հայոց պետականության գոյությունը։ Քեզ ոչ ոք լուրջ չի վերաբերվի՝ ո՛չ ՄԱԿ-ում, ո՛չ ԵԱՀԿ-ում, ո՛չ քո թշնամիներն ու հակառակորդները, որոնց հետ դու ուզում ես դրական ազդակներ ստանալ։ Սա միջազգային քաղաքականություն է, ես երեկ նայում էի իր ելույթը, ինչպե՞ս կարելի է հանպատրաստից, բանավոր նման ելույթ ունենալ՝ հուզական, հակասական, մի բանը հազար անգամ ասել, մի նախադասության մեջ 2 տարբեր բաներ ասել։ Նախադասության սկզբում հայտարարել, որ բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը, նախադասության վերջում Ռուսաստանին մեղադրել Փառուխի, Հին Թաղերի, Խծաբերդի հետ կապված խնդիրների մեջ։ Ես չեմ մեկնաբանում, թե այդտեղ ճիշտ կամ սխալ է ասել, բայց մի նախադասության մեջ ինչպե՞ս կարելի է 2 հակասական բան ասել․ կա՛մ մի ասա, կա՛մ եթե ասում ես, հստակ դիրքորոշում ասա։ Նախադասության սկզբում շնորհակալություն ես հայտնում Ռուսաստանին, նախադասության վերջում ասում ես՝ Ռուսաստանի թողտվությամբ էս- էս բաները եղել են, 3 հատ գյուղ ենք տվել։ Եթե 3 հատ գյուղ ենք տվել Ռուսաստանի թողտվությամբ, ո՞նց ես շնորհակալություն հայտնում, կամ եթե շնորհակալություն ես հայտնում, բարձր ես գնահատում, ո՞նց ես ․․․
Իմ տպավորությամբ՝ երեկվա իր ելույթը առաջինը ուղղված էր իր ընտրողներին․ ինչ-որ էմոցիոնալ, խառը- մառը բաներ ասաց։ Էս մարդիկ չհասկացան, որ իրենք ո՛չ ընդդիմադիր են, ո՛չ, հազար ներողություն, ես շատ եմ հարգում լրագրողի, խմբագրի աշխատանքը, բայց ո՛չ էլ խմբագիր են՝ սենսացիոն թերթի, այլ պետությունը ներկայացնող գլխավոր բանակցող են։ Ես շատ բաներ չեմ ուզում ասել, որ հետո չասեն, թե «պաս են տալիս Ադրբեջանին», բայց այնտեղ ծիծաղելի ձևակերպումներ են եղել, նույնիսկ իր հանձնարարականներն են ծիծաղելի՝ ըստ իս, բայց ես պետական մարդ եմ, ես դա չեմ անի, որ դրանից ադրբեջանցիները չօգտվեն։ Բայց նման կարևոր բան ասելուց առաջ թղթով կարդացեք էլի, արա։
Ինչ ինքն ասում է, դա ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, պետական մարմիները պետք է փորձագիտական թույլտվություն տված լինեն, նոր ինքը կարդա։ Իր ամեն մի բառը իմ, քո, մեր երեխաների, արցախահայության, ՀՀ բոլոր քաղաքացիների կյանքի հետ է կապված, ինչպե՞ս կարելի է այդպես հանպատրաստից հուզական ելույթ ունենալ։ Ինչպե՞ս կարելի է նույն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այդպես մեկնաբանել, կամ ինչպե՞ս է ստացվում, որ 1,5 տարի ոչ մի բան չեք խոսում, ամեն ինչ նորմալ է, մեկ էլ հանկարծ աննորմալ է։ Մարդ էլ կա, կանգնում, ասում է ՝ ընդդիմությունն է մեղավոր։ Ալիևի հետ ջան-ջիգյար դուք եք անում։ Ալիևն ու Չավուօղլուն մեռան ընդդիմությանը ֆանատիկ ու ռադիկալ, ռևանշիստ անվանելով, պասերով Դուք եք խաղում»,- պատասխանեց Շարմազանովը։
Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը այսօր ընդդիմությանը
մեղադրել էր Արցախում լարված իրադրության համար։ Շարմազանովը, անդրադառնալով Մարուքյանի այս գրառմանը, ասաց․ «Ժամանակին Ձեր այդ նույն ասած մարդը Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր կապիտուլյացիայի մեջ, ժամանակին այդ նույն մարդը ասում էր՝ պարտված մարդը չի կարող բանակցել, հիմա պարտված մարդը դարձավ հաղթա՞ծ։ Այո՛, պարտված մարդը չի կարող բանակցել, եթե Մարուքյանը իր քաղաքական գործունեության ընթացքում մի իրական բան ասել է, ապա դա է եղել, որ պարտված մարդը չի կարող բանակցել, չի կարող ներկայացնել ՀՀ-ն, ու դա ամեն օր երևում է։ Բայց ես՝ որպես մարդ, որը տարիներ շարունակ խորհրդարանական դիվանագիտությամբ է զբաղվել ու սպասարկել է Հայաստանի շահերը ԱՊՀ խորհրդարանական վերաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, տարբեր վեհաժողովներում ու տարբեր պետությունների հետ հանդիպումներում, մի բան գիտեմ, որ չի կարելի այսպես հանպատրաստից, հուզական, քաոտիկ հայտարարություններ անել, որը կրկնակի մեծ վտանգ է բերելու։
Էլի եմ ասում, ինքը 2-3 մեզ համար ավելի վտանգավոր բան է ասել, բայց ես ձեն չեմ հանում, որ չասեն էլի՝ էն Շարմազանովը ասաց, ադրբեջանցիք գլխի ընկան։ Չի կարելի նման հուզական հայտարարություններ անել, դա բլոտի սեղան չի, որ մեկն ասի՝ 50, դու էլ ասես՝ ախպեր ջան, 100, ինքը ասի՝ 4 թուղթ, դու էլ ասես՝ սրեցի, դա միջազգային դիվանագիտություն է, դա կարևոր անվտանգային հարց է, դու այլևս ընդդիմադիր Փաշինյանը չես, որ պառլամենտում ասես՝ սրում եմ։ Լա՛վ, 4-5 տարվա մեջ այս մարդիկ չհասկացա՞ն՝ ինչ է իշխանությունը, ինչ է միջազգային հարաբերությունը։ Լավրովի հայտարարությունը մի բան մասին էր, որ իրականում չկան Հայաստան-Ռուսաստան վստահեկլի հարաբերություններ»,- ասաց Շարմազանովը։