Երևան +13°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:52 03-08-2022

Եթե դատավոր Մնացական Մարտիրոսյանը օր ու գիշեր չունենար և ամբողջ օրը խայտառակ լիներ, այսպիսի պատկեր չէինք ունենա. Իշխանյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Այս կալանավորումը պատվեր է և պատվեր է հենց վարչապետի կողմից։ Այստեղ իրավական հարցերի մասին խոսելն անիմաստ զբաղմունք է, ուղղակի, վարչապետի հրահանգով, նրան նորից կալանավորել են»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Ավետիք Չալաբյանին կալանավորելու այսօրվա որոշմանը։

Հիշեցնենք՝ այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3 ամիս ժամկետով կալանավորեց Ավետիք Չալաբյանին, թեև հանրային մեղադրողը միջնորդել էր կիրառել գրավ:

«Մեղադրանքը Չալաբյանի նկատմամբ փուչիկ է, սարքովի մեղադրանք, որը հակասում է միջազգային բոլոր նորմերին, էլ չեմ ասում, որ ձայնագրությունը ապօրին ձայնագրություն է։ Այսինքն՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ողջ հետապնդումը ապօրինի է․ սա երկրորդ»,- ասաց Իշխանյանը՝ անդրադառնալով Չալաբյանին առաջադրվող մեղադրանքին։

Հարցին, թե որն է պատճառը Չալաբյանի նկատմամբ հետապնդման, Իշխանյանն ասաց.

«Այստեղ գոյություն ունի մի քանի հանգամանք. առաջին՝ Ավետիք Չալաբյանի օրինակով ուզում են սթափեցնել ընդդիմադիրներին, թե ինչ ճակատագիր կարող են ունենալ, և սա առաջին դեպքը չէ, որ որևէ հիմնավորում չունենալով՝ նրանք կարող են հայտնվել անազատության մեջ։ Սա իմ կամքն է, և բոլորդ պետք է ենթարկվեք դրան․ այս ուղերձ է, Ավետիք Չալաբյանի նկատմամբ հետապնդման հիմնական ուղերձը։ Երկրորդը՝ Չալաբյանը, որքանով ինձ հայտնի է, բավականին ունեցվածք ունեցող մարդ է, և ցանկացած բռնապետ սարսափում է ինքնուրույն ֆինանսական միջոցներ ունեցող մարդուց, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, որովհետև ցանկացած շարժման ժամանակ էական դեր են կատարում ֆինանսները։ Սա Չալաբյանին ճնշելու միջոց է, որով նա հրաժարվի քաղաքականությամբ զբաղվելուց։ Ինչպես ճնշեցին Գագիկ Ծառուկյանին, որը հլու-հնազանդ այսօր նրան ծառայում է, նույն նպատակը նա ունի Ավետիք Չալաբյանին ճնշելու համար։ Եթե Չալաբյանը, ես վստահ եմ այդպիսի քայլ չի անի, բայց որոշակի գումար փոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին, դրանից հետո նա ազատ կարձակվի, և նրա քրեական գործի մասին կմոռանան»,- ասաց Իշխանյանը։

Անդրադառնալով ընդդիմության շարժմանը և Չալաբյանի կալանքին՝ Իշխանյանն ասաց. «Եվ վերջինը՝ ես կարծում եմ, որ Չալաբյանի, Պավել Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի և մյուսներին կալանքի տակ պահելը ընդդիմությոն շարժման պարտության հետևանք էր։ Այդ ամենը բերեց հասցրեց ընդիմության պարտությանը և ցինիկացրեց իշխանությանը։ Լուրջ, հետևողական պայքար կարծես թե չկա, և սա ավելի է ցինիկացնում իշխանությանը»։ Խոսելով դատավոր Մնացախան Մարտիրոսյանի և նրա կայացրած որոշումների մասին՝ Իշխանյանն ասաց. «Ամոթ է, որ մեր հասարակությունը հանդուրժում է նման դահիճի, նա դատավոր չէ, նա դահիճ է։ Նա ընդհանրապես համարձակություն չէր ունենալու աշխատանքի գնալ, հարևանի հետ շփվել, փողոց դուրս գալ, որովհետև նա մարդկանց ճակատագրերի հետ է խաղում, բայց մենք հանդուրժում ենք։ Եթե դատավոր Մնացական Մարտիրոսյանը օր ու գիշեր չունենար և ամբողջ օրը խայտառակ լիներ իր տանը, փողոցում, աշխատավայրում, ապա մենք այսպիսի պատկեր չէինք ունենա»։