Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:16 05-07-2022

Դատարանին ապացույցներ ենք ներկայացրել, որ Գագիկ Բեգլարյանը զբաղվել է բիզնես գործունեությամբ մինչև պետական ծառայությանն անցնելը․ փաստաբան

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից 16.8 մլրդ դրամի ապօրինի գույքն ու ակտիվները բռնագանձելու դիմումի քննությունը կկատարի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը։

Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ հիմնավորումներ են ներկայացրել դատարանին գույքի ծագման առնչությամբ։

«Հայցում առկա են որոշակի սխալ հաշվարկներ, կրկնակի հաշվարկներ։ Ընդ որում՝ հաշվարկներ են կատարվում երկրաչափական պրոգրեսիայով, օրինակ, երբ մարդը գույք է ձեռք բերում 1 մլն դոլարով, ապա վաճառում է այն 3 մլն դոլարով, իրեն հարց են տալիս, թե քեզ որտեղից այդ 1 մլն դոլարը, հետո ասում են, թե դու ապօրինի հարստացել են 3 մլն դոլարով»։

Անանյանը նշեց, որ ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ Բեգլարյանը զբաղվել է բիզնես գործունեությամբ 1992 -2002թթ-ին՝ մինչև պետական ծառայությանն անցնելը։ «Բեգլարյանն ունեցել է այն ելակետային նյութական միջոցները, որոնցով հետագայում գույքեր է ձեռք բերել։ Այդ մասին վկայող փաստաթղթերը ներկայացվել են դատարան, դատարանը դատաքննության ընթացքում դրանց գնահատական կտա։ Խոսքը արտերկրում շահաբաժիններին է վերաբերում։ Այլ կերպ ասած՝ մենք ապացույցներ ենք ներկայացնելու, որ անձը ունեցել է նյութական հիմք՝ հայցում նշված գույքերը ձեռք բերելու համար»։

Անանյանը նաև ընդգծեց, որ առհասարակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենսդրությունը խնդրահարույց է։ «Տեսեք, ըստ օրենքի՝ վերլուծվում են անձի ստացած եկամուտները, աշխատավարձերը և հետո հարաբերակցվում այն ծախսերի և ունեցած գույքերի հետ, բայց եթե վերցնում ես 1998 թ․-ին հաջորդող ժամանակահատվածը, բազմաթիվ իրավիճակներ են եղել, որ մարդը ունեցել է եկամուտներ, դրամային օգուտներ, որոնք ձևակերպված չեն եղել կամ ձևակերպված են եղել այլ երկրում, որտեղ ՀՀ որևէ մարմին դրանց վերաբերյալ հաշվառում չի իրականացվել։

Առաջանում է մի իրավիճակ, երբ այս օրենքով ազգաբնակչության 80 տոկոսից ավելին, եթե իրենց եկամուտների ու ծախսերի հաշվառում իրականացնեն ու համադրեն իրենց ունեցած գույքերի հետ, ապա դժվարություն են ունենալու փաստաթղթերով հիմնավորելու իր ունեցած գույքի ծագումն ու օրինականությունը»։

Անանյանի դիտարկմամբ՝ օրենքը նաև խնդրահարույց է, որովհետև ապացուցման բեռը դրված է քաղաքացու վրա, ինչպես նաև այն հետադարձ ուժ ունի։ «Հարցն այն է, որ հիմա այս գործերով հնչեղ անուններ են հնչում, ու մարդկանց արձագանքն էլ փոքր ինչ այլ է, բայց այս խնդիրները կարող են թակել ցանկացած մարդու դուռ»։

Հիշեցնենք՝ համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևան քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 ՀՀ դրամ, 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը, 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով, 882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ, 3.317.008.604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի