Հայաստանում հանք բացելիս արդյոք պե՞տք է հաշվի նստել տեղաբնակի կարծիքի հետ, եթե նույնիսկ բնակիչը երկրաբան կամ նեղ մասնագետ չէ, բայց խելացի է, ունակ է կշռադատելու, մտածելու իր երեխաների առողջության, իր շնչած օդի և բնությանը հասցվող վնասների մասին։ Մի՞թե շարքային քաղաքացին կամ գյուղացին ունակ չէ գնահատելու հանքի ռիսկերն ու օգուտները։ Այս օրերին հաճախ է հնչում այն թեզը, թե բնակիչները ոչինչ չեն հասկանում, մասնագետ չեն, հետևաբար՝ նրանց ձայնը չպետք է վճռորոշ լինի։ Սակայն իրականությունն այլ բան է փաստում։
Այս առանցքային խնդրի, Ջերմուկի տարիների դիմադրության և Ամուլսարի շուրջ ստեղծված իրավական ու բնապահպանական փակուղու մասին զրուցել ենք բնապահպան, Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանի հետ։
Օրենսդրությամբ հստակ նախատեսված է, որ հանքարդյունաբերությանն հարևան բնակավայրերը ճանաչվում են ազդակիր համայնք, որտեղ պետք է անցկացվեն հանրային լսումներ։ Սա ինքնին փաստում է, որ բնակչի կարծիքն ունի սկզբունքային կարևորություն։ Սակայն, ինչպես նշում է Շիրակ Բունիաթյանը, անցյալում համակարգն ամեն ինչ արել է այս իրավունքը շրջանցելու համար. «Նախկինում Ջերմուկ առողջարանային քաղաքը չի ունեցել իր կարծիքն արտահայտելու այդ հնարավորությունը, քանի որ որպես ազդակիր համայնք պարզապես ձևակերպված չի եղել։ Սա արվել էր միտումնավոր, որպեսզի կանխվեր բնակիչների օրինական ընդվզումը»։
Բնապահպանն ընդգծում է, որ նույնիսկ եթե որևէ համայնքում բնակիչը չունենա խորը գիտելիքներ կամ ինչ-որ պատճառներով կողմ արտահայտվի հանքին, դա պետությանը չի ազատում պատասխանատվությունից. «Պատկան մարմիններն ու Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները պարտավոր են գնահատել պետության երկարատև շահն ու մաքուր միջավայրում ապրելու քաղաքացու հիմնարար իրավունքը։ Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը կամ սոցիալական ծանր վիճակը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար»։
Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործման կառավարության որոշմանը, մեր զրուցակիցը նշեց, որ Ջերմուկի բնակչությունն իր բազմամարդ ակցիաներով, միասնականությամբ ու ճանապարհներ փակելով տարիներ շարունակ հստակ ապացուցել է, որ դեմ է Ամուլսարում հանքարդյունաբերությանը։ Տարիներ շարունակ Ջերմուկի բնակիչներն ու բնապահպանները փակ են պահել դեպի լեռը տանող մուտքերը՝ կասեցնելով շինարարությունը։
«Չնայած երկար ժամանակ թվում էր, թե ծրագիրը մարել է և հանրային ճնշումը հաղթանակել է, գործող կառավարությունը նորից այն բերեց օրակարգ և հասցրեց իրականացման փուլի։ Սա առաջացրել է տեղացիների խորը հուսահատությունն ու զայրույթը, քանի որ խախտվել են նախկինում տրված քաղաքական խոստումները»,- ասում է Բունիաթյանը։
Ամուլսարի պատմության ամենաաղմկոտ էջերից մեկը, ըստ բնապահպանի, կապված է միջազգային փորձաքննության հետ։ վերջինս հիշում է, թե պետական բյուջեից որքան գումարներ հատկացվեցին «Էլարդ» ընկերության փորձագետներին։ Վերջիններս կառավարության բաց նիստում, ուղիղ եթերով ամբողջ հանրությանը հայտարարեցին, որ Ամուլսարի ծրագիրը խիստ խնդրահարույց է, իսկ ռիսկերը՝ թերի գնահատված։
«Բացի այդ, խնդիրն արդեն անցել է իրավական փուլ։ Առկա է դատարանի վճիռ, որով պահանջվել է կազմել նոր ՇՄԱԳ։ Գործող ՇՄԱԳ-ը փաստացի ճանաչվել է առ ոչինչ, քանի որ պարզվել է խայտառակ մի իրողություն. Նախարարության այն փորձագետները, ովքեր տվել էին դրական եզրակացություն, չունեին համապատասխան մասնագիտական որակավորում»,- ասում է մեր զրուցակիցը՝ տարակուսելով․ «Չնայած միջազգային փորձագետների բացասական եզրակացությանը, դատական հստակ որոշումներին և տեղի բնակչության տևական ընդվզմանը, կառավարությունը շարունակում է համառորեն գնալ Ամուլսարի շահագործման ճանապարհով։ Եթե հաշվի չի առնվում ո՛չ ժողովրդի կամքը, ո՛չ միջազգային գիտական հանրության կարծիքը, և ո՛չ էլ սեփական երկրի դատարանի վճիռը, ապա ո՞ւմ շահերն է սպասարկում այս նախագիծը։ Սա արդեն բնապահպանական հարց չէ, սա պետության և քաղաքացու հարաբերությունների, ժողովրդավարության լրջագույն ճգնաժամ է»։
Հասմիկ Մովսիսյան