Երևան +17°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:16 01-07-2022

Նրանց բարձրացրած աշխատավարձը շատ քիչ է գնաճի նման պայմաններում․ Ավետիսյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Կառավարության նիստում Փաշինյանը նշեց, որ 2023 թ. հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից կդառնա 75,000 դրամ։ Ավելանալու է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը․
1) Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը 28,600 դրամից կդառնա 30,700 դրամ։
2) Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կստանան բոլոր մայրերը՝ անկախ բնակության վայրից և անկախ նրանից՝ աշխատող են, թե չաշխատող։
Իսկ գյուղական բնակավայրերում աշխատող մայրերին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կտրվի կրկնակի․ այն կկազմի 61,400 դրամ։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ, ով, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, ասաց. «2020 թ․-ի հունվարի 1-ից մինչև այսօր ո՛չ նվազագույն աշխատավարձը, ո՛չ կենսաթոշակը չեն ավելացրել, իսկ 2020 թ․-ի հունվարից մինչև հիմա մինիմալ նվազագույն սպառողական զամբյուղը եղել է 61.000 դրամ, իսկ 22-ի առաջին եռամսյանկին՝ արդեն 76.300 դրամ։ Հիմա գնաճը շարունակվում է, իմ գնահատմամբ՝ մինչև տարվա վերջ մենք կունենանք առնվազն 80.000-ին մոտ նվազագույն սպառողական զամբյուղ, և նրանց բարձրացրած աշխատավարձը շատ քիչ է գնաճի նման պայմաններում։ Սա հակասում է հենց իրենց տված նախընտրական խոստումներին, իրենք իրենց ծրագրերում գրել էին, որ սոցիալական նպաստներ, թոշակներ և այլն, պետք է գնաճից առաջանցիկ աճի։ Այսինքն՝ ավելի մեծ չափով, բայց նրանք դա չեն ապահովել և նույնիսկ 23 թ․-ին չեն ապահովելու։ Մյուս կարևոր հանգամանքն էլ այն է, որ եթե իրենք ասում են տնտեսական այսքան աճ, եկամուտների ավելացում և նաև կանխատեսում են, որ առնվազն 7 տոկոս տնտեսությունը միջնաժամկետում աճելու է, այդպիսի պարագայում ակնհայտ է դառնում, որ այն, ինչ հնչեցնում են, իրենք էլ դրան չեն հավատում։ Նրանք լավ են հասկանում, որ աղքատությունը մեծանում է, մարդկանց իրական եկամուտները նվազում են, և կյանքի որակը երկրում ընկնում է։ Շատ լավ գիտեն, որ այս գնաճային երևույթները միջնաժամկետում դեռ շարունակվելու են, և բնականաբար այդ ցուցանիշները, որ հնչեցնում են, պետք է հնարավորություն տար գոնե գնաճի չափով բարձրացնել սոցիալական նպաստները, կենսաթոշակները»։

Անդրադառնալով նաև նրան, որ ավելանալու է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, Ավետիսյանն ասաց. «Դրանք, ըստ էության, ավելի պոպուլիստական նպատակներ ունեն, որովհետև իրականում այն մեծ ծախսային ուղղությունները թոշակ, նպաստ և այլն, չեն բարձրացնում, ի վերջո մի բան պետք է ունենան ասելու։ Ասում են՝ գիտության ֆինանսավորումն ենք ավելացրել և այլն, այդ ուղղությունները շատ ավելի փոքր գումարներով կարող են ավելացնել և անում են, որպեսզի ասելու բան ունենան, և երկրորդ հանգամանքը այն է, որ սոցիալական արդարության տեսանկյունից շատ կարևոր է, որ առաջնային օգնություն, պետական աջակցություն լինի կարիքի գնահատմամբ, տրվի այն ընտանիքներին, ովքեր դրա կարիքը շատ ավելի ունեն»։

Մատնանշելով ընդդիմության ծրագրերում առկա խնդիրները՝ Ավետիսյանն ասաց. «Իսկ այդ ծրագրերում, որոնք իրենք այդպես բարձրագոչ ասում են, հիմնական խնդիրն այն է, որ կան սոցիալապես ապահով շատ ընտանիքներ, և իրենց տրամադրվող այդ գումարները կյանքի որակի վրա առանձնապես նշանակություն չեն ունենալու, իսկ այն ընտանիքները, որոնք սոցիալապես անապահով են և ստանում են աղքատության նպաստ, նույնչափ ստանում են երկրորդ, երրորդ երեխայի համար աջակցություն։ Այսինքն՝ այդ համահարթ մոտեցումը սոցիալական առումով խոցելի է, առնվազն վիճելի այստեղ ևս մեկ խնդիր կա, քանի որ նրանք առաջնորդվում են իրենց քաղաքական շահերով, այլ ոչ թե իրական խնդիրներ լուծելու ճանապարհով»։

Խոսելով պետական պարտքից՝ Ավետիսյանն ասաց, որ այն վաղուց անցել է թույլատրելի շեմը. «Պետական պարտքը հատել է այն հիմնական կետը, որը Կառավարությունը չպետք է գերազանցեր, պետական պարտքը չպետք է գերազանցեր ՀՆԱ-ի 60 տոկոսը, դա նրանք արդեն հատել են։ Հիմա խոստանում են, որ կվերադառնան այդ կանոնին, որովհետև ըստ էության՝ ստիպված են վերադառնալ, հակառակ պարագայում հետագայում ավելի կնվազի երկրի վարկունակության վարկանիշը, և ընդհանուր առմամբ՝ կդժվարանա պետական պարտքի ավելացումը։ Բացի այդ՝ ճնշում կա նաև միջազգային կազմակերպությունների, ֆինանսատնտեսական և ընդհանրապես երկրի ֆինանսական կայունության իմաստով։ Բայց իրենք այդ թվերը, երբ նշում են՝ հիմքում դնում են, որ 7 տոկոսանոց տնտեսական աճ են ունենալու։ Վաղը եթե չլինի 7 տոկոսանոց տնտեսական աճ, չի լինի նաև իրենց ասած ցուցանիշները։ Եվ իրենք վարպետ են՝ մեղավորներ գտնելու և խնդիրներն այս ու այն կողմ բարդելու։ 7 տոկոսանոց աճ վերցրել գրել, նկարել են և դրա վրա սուտ թվեր են հնչեցնում»,- ասաց Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի