copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:08 16-06-2022

Պատերազմի դեպքում ինքը պատասխանատու չէ, որովհետև նախօրոք տեղյակ է պահել

«Տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունն այլընտրանք չունեն։ ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ ժողովրդից ստացած մանդատը»,- 2021 թ․-ի հուլիսի 21-ին Փաշինյանն այսկերպ հրապարակավ հանձնառություն ստանձնեց Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարաշարջանում խաղաղություն հաստատելու, խաղաղության դարաշրջան բացելու։

«Եվ ուրեմն, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատը։ Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին է և երկարատև: Այսօր էլ, ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ և վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը»: 2021 թ․-ի սեպտեմբերի 25-ի նույն խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Փաշինյանը նույն համառն ու հաստատակամն էր․ «Չնայած հրադադարի խատումներին ու Հայատանի ու հայության դեմ արվող վիրավորական հայտարարություններին՝ հասնելու ենք խաղաղության դարաշրջանի»։

«ՀՀ իշխանության համար կարևոր քաղաքական ուղղություններից է մեր շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորումը։ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգը նրա մասին չէ, որ մեր վրա պետք է հարձակվեն, իսկ մենք պետք է խաղաղություն քարոզենք։ Զինված ուժերի և բանակի բարփոխումները և մեր երկրին պատշաճ պաշտպանական կարողություններով օժտելը մեր առաջնահերություններից է, և մենք շարունակելու ենք այդ ճանապարհով գնալ, բայց մյուս կողմից շատ կարևոր քաղաքական ուղղություններից է Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելը, թշնամության մթնոլորտի հաղթահարման փորձերը։ Ինչքան թշնամանքի մթնոլորտը խորանա, այն բերելու է կատակլիզմների, և սա ակնհայտ է, և փորձել կառավարել թշնամանքի մթնոլորտը շատ կարևոր օրակարգ է, որը մենք պետք է առաջ տանենք։ Ի՞նչ է դա նշանակում՝ այնտեղ, որտեղ հնարավոր է իրականացնել համագործակցություն, իրականացնել, մասնավորապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, այնտեղ, որտեղ հնարավոր չէ համագործակցություն, փորձել կառավարել թշնամանքը և թշնամանքի մթնոլորտը, փորձել Հայաստանի և Արցախի շուրջ առավել բարենպաստ միջավայր ստեղծել, մեր տեսակետներն ավելի ընկալելի և հասանելի դարձնել միջազգային հանրությանը և տարածաշրջանի երկրներին։ Խաղաղության օրակարգը նրա մասին չէ, որ մեզ վրա հարձակվեն, իսկ մենք խաղաղություն քարոզենք։ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը չի կարող միայն Հայաստանից կախված լինել։ Շատ կարևոր է, թե ինչպիսի դիրքորոշումներ կունենան նաև այն պոտենցիալ շահառուները, որոնց դիրքորոշումից նույնպես կախված է այս օրակարգի սպասարկումը։ Եվ մենք փորձում ենք հենց դա անել, որպեսզի այս օրակարգը լինի ոչ միայն Հայաստանինը, այլ լինի տարածաշրջանի մյուս երկրներինը նույնպես, լինի միջազգային հանրության տեսակետը՝ իրենց օրակարգը Հարավային Կովկասում վարվող քաղաքականության տեսանկյունից։ Մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով: Մենք քննարկեցինք այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և առ այն, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության՝ դա հնարավոր չէ, եւ ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում»:

Երկու ամիս անց՝ 2021թ․-ի նոյեմբերի 7-ի Փաշինյանի ուղերձն է, որում, խոսելով խաղաղության դարաշրջանի հաստատման մասին, կարևորում է մեր զինված ուժերում բարեփոխումների իրականացումն ու երկրի պաշտպանունակության բարձրացումը, Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորումն ու խաղաղության իր օրակարագը տարածաշրջանի մյուս երկրների (հասկանալի է, որ) «վզներին փաթաթելը», «մեր տեսակետները միջազգային հանրությանը ավելի ընկալելի դարձնելը»։ Այդ ուղղություններով շատ աշխատելն ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, թերևս դրանով Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան համագործակցություն սկսելն ու հարաբերություններ ձևավորելը։ Փաշինյանը, փաստորեն ոգևորությամբ նշում է նաև, որ այդ առումովներով միջազգային գործընկերների շրջանում կան ընդհանուր պատկերացումներ և օրակարգն ըմբռնում է գտնում։ Նրա խոսքից հետևում է, որ ասվածը վերաբերում է նաև թուրք-ազերիներին։

Ինչ եղավ այդ ընթացքում․ Զինված ուժերում, իրոք, բարեփոխումներ իրականացվում են։ Մինչ օրս ԳՇ-ի պետ չունենալուց հետո ի վերջո որոշվեց, որ օրենքի փոփոխությամբ ՊՆ նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե դառնում է ԳՇ-ի պետ, դրանով իսկ բանակն էլ քաղաքականացվեց-կուսակցականացվեց։ Սկսված բարեփոխումների առաջին երևացող արդյունքն էլ մեր զինվորի գնդակահարումն էր վրանում, որը տեղադրվել էր թշնամու դիտակետի անմիջական տեսանելիության գոտում որպես թիրախ։ Իսկ թե ինչ ստացվեց ընդհանրապես խաղաղության մնացած բաղադրիչների առումով, այդ թվում միջազգային գործընկերների շրջանում, թուրքերի ուազերիների ըմբռնումից, երևում է Փաշինյանի երեկվա հայտարարությունից․«փորձում ենք գնալ խաղաղության ճանապարհով՝ «կկարողանա՞նք, կստացվի՞, ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու, աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»։

Փաստորեն՝ ոչինչ։ Իհարկե, Փաշինյանը մարդու այն տեսակից է, որ երբեք չի սխալվում, երբեք մեղավոր չէ, երբեք չի խոստավանում, այդուհանդերձ երեկ նա շատ հստակ մեսիջ ուղարկեց իր միլիոնավոր վարչապետներին, որ իրեն չի հաջողվել ոչ աշխարհում և ոչ էլ տարածաշրջանում բացել խաղաղության դարաշրջան։ Հետևաբար Հայաստանի համար վաղվա խաղաղության ու անվտանգության առումով ոչ ոք թող իր վրա հույս չդնի։ Ինքը պատասխանատու չէ, որովհետև նախօրոք տեղյակ է պահել։ Ով էլ սին հույսեր կունենա, իր մեղքն է։