copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:36 08-08-2021

Ալեն Սիմոնյանն ինքը դիմել է դատարան, ինքը պարտվել, ինքն էլ գումար վճարել

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, իսկ այժմ խոսնակ Ալեն Սիմոնյանը քաղհայց է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող Գեղամ Սիմոնյանի՝ պահանջելով հերքել «զրպարտչական բնույթի» տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցել 2 մլն դրամ։ Ալեն Սիմոնյանի հայցի առիթ է հանդիսացել Alternativ.am կայքում հրապարակված հոդվածը՝ կապված Ալեն Սիմոնյանի և Vivaro-ի տերերի համագործակցության մասին, Ալեն Սիմոնյանն ու իր պաշտպանական թիմը եկել են այն եզրահանգման, որ Alternativ.am կայքը գրանցված է Գեղամ Աշոտի Սիմոնյանի անունով, հետևաբար նա էլ պատասխանողն է և նրա դեմ են ներկայացրել հայցը։ Հիշեցնենք՝ հոդվածում մասնավորապես ասվում էր․

« Օրերս լրատվականներից մեկում տեղեկություններ տարածվեցին, որ «Vivaro» բուքմեյքերական ընկերության «ՀաջողԱկ» խաղարկության մասնակիցը հավաքել է անհրաժեշտ բոլոր դետալները մեքենա շահելու համար, սակայն ընկրությունը հրաժարվում է տրամադրել շահումը։ Այս ահազանգից հետո բազմաթիվ մասնակիցներ են բարձրաձայնել միևնույն խնդրի մասին՝ տեղեկացնելով, որ իրենք էլ են հավաքեն անհրաժեշտ բոլոր դետալները, սակայն իրենց հասանելիք շահում-մեքենան չեն ստացել։

Այս ամենով սկանդալը ո՛չ սկսել է և ո՛չ էլ վերջացել, քանի որ նույն լրատվական կայքը բարձրաձայնել էր, որ «Vivaro» ընկերությունը չհեռարձակվող արտասահմանյան խաղերում բարձր գործակիցներով ընդունել է խաղադրույքներ, սակայն նշյալ խաղերը դեռ մեկ-երկու ամիս առաջ արդեն կայացած են եղել։ Այսինքն՝ օգտատերը խաղադրույք է կատարել արդեն ավարտված խաղերի վրա և ի սկզբանե դատապարտված եղել պարտության։ Այս և նմանատիպ շատ բողոքներից հետո, այդպես էլ ՀՀ իրավական կառույցները լուռ են մնացել և որպես հարկն է չեն արձագանքել ապօրինություններին, որոնք ընկերության ներկայացուցիչները «տեխնիկական խոտան» են համարում։

Լուրեր են շրջանառվում, որ բուքմեյքերական այս ընկերությունը սերտ կապեր ունի ՀՀ իշխանական թևի ներկայացուցիչների հետ, և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված՝ կասկածելի և մութ զրույցերի արդյունքում, ընկերությունը կարողանում է զերծ մնալ «գլխացավանքներից» և օրենքի հետ առնչվող խնդիրներից։

Alternativ.am-ի հավաստի աղբյուրը լույս սփռեց այս ամենի վրա, և նրա տեղեկություններից պարզ դարձավ՝ ինչն է եղել պատճառը, որ պոտենցիալ հանցագործության տարրեր պարունակող այս և այլ դեպքերը, ինչպես հարկն է չեն գրավում պատկան մարմինների ուշադրությունը։

Ըստ մեր հավաստի աղբյուրի՝ «Vivaro-ի տերերի» հետ սերտ հարաբերություններ ունեցող ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վերջիններիցս ստացել է 300,000 ԱՄՆ դոլարի չափով «նվեր-լավություն», որի դիմաց խոստացել է օգտագործել իշխանական կապերը նմանատիպ սկանդալներից և դեպքերից՝ ընկերությանը անմասն պահելու և օրենքի դաշտում չհայտնվելու համար։ Մեր աղբյուրի փոխանցած այս տեղեկությունն իրականում չափազանց արժանահավատ է թվում՝ վերոգրյալ դեպքերի ոչ պատշաճ արձագանքման պարագայում և հստակեցնում է հանգամանքը, թե ինչու իրավական մարմինները պատշաճ կերպով չեն զբաղվում նման խախտումներով և, որ նմանատիպ լուրերն ու ահազանգերը մնում են այդպես էլ չարձագանքված։

Ոչ ոք չի կարող խանգարել՝ ենթադրելու, թե Ալեն Սիմոնյանի թանկարժեք բնակարանն ու վերջին սերնդի մեքենան ինչ ծագումնաբանություն ունեն իրականում, և որտեղից երբեմնի խմբագրին այդքան ահռելի կարողություն այս երկու տարվա ընթացքում։ Այս և նմանատիպ այլ դեպքերը վիժեցնում են «հեղափոխական մաքուր արժեքներն» ու Փաշինյանի վարկանիշը հասցնում 0-ական մակարդակի։ Երևի վարչապետ Փաշինյանը, երբ նշում էր՝ «ղալաթ կանի նա, ով կմտածի մենք կաշառք ենք վերցնում», բնավ էլ տեղյակ չի եղել այս ամենի մասին, իսկ որ ամենացավալին է՝ շատ հնարավոր է, որ նաև տեղյակ է եղել, սակայն չի պատկերացրել, որ փոքր Հայաստնում ցանկացած գաղտնի զրույց, ուշ թե շուտ, «ջրի երես է դուրս գալիս» »,- ասված է Alternativ.am-ի հոդվածում, Ալեն Սիմոնյանն էլ այս տեղեկությունները համարել է զրպարտչական բնույթի։

Արդյունքում դատարանը եկել է հետևյալ եզրահանգմանը․

«Դատարանը հանգում է այն եզրակացության, որ դոմենային անվան գրանցորդը չի նույնանում այդ դոմենային անվան ներքո գրառում կատարողի և օգտատիրոջ հետ, որպիսի պայմաններում հայցվորի կողմից չի ներկայացվել հավաստի ապացույց առ այն, որ խնդրո առարկա հոդվածի հեղինակը պատասխանող Գեղամ Սիմոնյանն է:

Դատարանի նման համոզմունքը պայմանավորված է նաև այն իրողությամբ, որ հայցվորի կողմից ներկայացված՝ ««Vivaro»-Ալեն Սիմոնյան «ախպերություն», որի արժեքը 300․000 դոլար է․ ինչո՞ւ ինչպես հարկն է չեն ուսումնասիրվում «Vivaro»-ի կողմից իրականացվող խախտումները» վերտառությամբ հոդվածը, ինչպես նաև այդ հոդվածի հրապարակման կայք-էջը չեն պարունակում որևէ տեղեկություններ առ այն, որ հոդվածի հեղինակը հանդիսանում է Գեղամ Սիմոնյանը: Ավելին, հոդվածի և կայք-էջի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ հոդվածի առաջին նախադասությունը սկսվում է հետևյալ բառերով. «Օրերս լրատվականներից մեկում տեղեկություններ տարածվեցին...», և համապատասխան ընդգծված արտահայտության ներքո անմիջապես առկա է հղում այլ կայքի, ինչպես նաև առկա է նշում հոդվածի վերջում, ըստ որի՝ որպես հեղինակ նշված է «Խմբագրական»:

Վերոհիշյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել այն փաստը, որ Գեղամ Սիմոնյանը հանդիսանում է alternativ.am դոմենային անվան օգտատեր, հետևաբար նաև՝ հոդվածի հեղինակ, ենթադրյալ զրպարտություն կատարած անձ և պատշաճ պատասխանող, որպիսի հանգամանքն ինքնին բավարար է հայցը մերժելու համար»։ Դատարանը ընդունել է հետևյալ որոշումը․

«1. Ալեն Ռոբերտի Սիմոնյանի հայցն ընդդեմ Գեղամ Աշոտի Սիմոնյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, մերժել:

2. Ալեն Ռոբերտի Սիմոնյանից հօգուտ Գեղամ Աշոտի Սիմոնյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դատական ծախսերի հարցը՝ մնացած մասով, համարել լուծված»: