Երևան +16°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:01 14-06-2022

Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի․ Ա․ Չալաբյանի բացառիկ հարցազրույցը կալանավայրից

«Այս փակուղուց պետք է դուրս գալ կա՛մ շարժման պահանջների հիման վրա միասնական համահայկական օրակարգ ձեւավորելու միջոցով, կա՛մ էլ վաղ թե ուշ այն կձեւավորվի առանց այս իշխանությունների, եւ նրանք ավելորդ կդառնան»,- ասել է մայիսի 14-ից կալանքի տակ գտնվող «Համախմբում» նախաձեռնության անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ կալանավայրից «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում։

– Պարո՛ն Չալաբյան, մայիսի 14-ից կալանավորված եք, դատարանը մերժեց կալանավորման խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Շատերը զարմացած են Ձեր նկատմամբ իշխանության նման յուրահատուկ վերաբերմունքից։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ իշխանության թիրախում հայտնվեցիք հենց Դուք։

– Նախ իշխանության թիրախում 44-օրյա պատերազմից ի վեր՝ տասնյակ գործիչներ են հայտնվել, որոնք հակադրվում են նրա պարտվողական ուղեգծին, եւ ինձ հատուկ չէի առանձնացնի։ Իմ դեպքում ավելի շատ յուրահատուկ է այն, որ այս ամենն իրականացվել է կազմակերպված, թեեւ բավական փնթի եւ տեղ-տեղ զավեշտական սադրանքի միջոցով, եւ ինչն արդեն հակառակ արդյունքն է տվել, ու շարունակվելու դեպքում վերածվելու է դատավարության հենց այդ իշխանությունների դեմ, ես դրանում կասկած չունեմ։

– Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության պայքարը շարունակվում է, իշխանական շրջանակներում ենթադրում են, որ այն «ինքնուրույն կմաշվի»: Ձեր դիտարկումներով, ի՞նչ փուլի է հասել «Դիմադրության» շարժումը, եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում նրան։

– Պետք է հստակ հասկանալ, որ «Դիմադրության» շարժումը ոչ թե զուտ քաղաքական, այլ գոյաբանական բնույթ ունի, այլապես այն այսպիսի թափ չէր ստանա։ Նույն պատճառով, այն կարող է մարել միայն այն դեպքում, երբ նրա պահանջները, այս կամ այն չափով, կատարված լինեն։ Գործող իշխանությունների պատկերացումը, որ շարժումը կարելի է մարեցնել, միամտություն է: Թեեւ ես չեմ բացառում, որ, ի վերջո, իշխանությունը գնա սադրանքների՝ շարժման դեմ, քանի որ վերջինիս առկայության դեպքում, սեփական պարտվողական օրակարգի իրականացումը փաստացի անհնար է դարձել։ Ու դա բերել է նրան, որ այս իշխանությունները հայտնվել են փակուղու մեջ։ Այս փակուղուց պետք է դուրս գալ կա՛մ շարժման պահանջների հիման վրա միասնական համահայկական օրակարգ ձեւավորելու միջոցով, կա՛մ էլ վաղ թե ուշ այն կձեւավորվի առանց այս իշխանությունների, եւ նրանք ավելորդ կդառնան։

– Տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ հավաքական Արեւմուտքը Հայաստանը դիտարկում է իբրեւ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատի հնարավորություն։ Ի՞նչ կասեք այս մասին, որքանո՞վ է իրական այս վտանգը։

– Ցավով պետք է նշեմ, որ Ուկրաինայի տարածքում արդարացան մեր վատթարագույն սպասելիքները, եւ պատերազմը գնաց էսկալացիայի՝ նորանոր սպառազինությունների ներգրավման եւ փոխադարձ տնտեսական պատժամիջոցները սաստկացնելու ճանապարհով։ Այս պայմաններում, բոլորովին չի բացառվում, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը փորձի ՌԴ ուշադրությունը շեղել, մասնավորապես, Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելով, կամ էլ օգտվի հնարավորությունից՝ նրա ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ նվազեցնելու համար: Հենց դրան է փաստացի ծառայում, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը», որի վերջնական նպատակը ՌԴ զինված ուժերը ոչ միայն Արցախից, այլեւ հեռանկարում Հայաստանից դուրս բերելն է։

Այս իմաստով, Հայաստանում դեռեւս գործող իշխանությունը վտանգավոր խաղ է տանում, որի հետեւանքը կարող է լինել ոչ միայն Արցախի եւ Սյունիքի կորուստը, այլեւ Հայաստանի վերածվելը աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի՝ Սիրիայի եւ Ուկրաինայի օրինակով։

«Դիմադրության» շարժումը դրան խանգարում է, ուստիեթե դիտարկենք այն այդպիսի լայն համատեքստում, ապա արդեն տեսանելի է նրա դրական ազդեցությունը՝ հստակորեն ընդգծելով, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի հանձնմանը, այն կաշկանդում է գործող իշխանությանը, եւ թույլ չի տալիս նրան գնալ աշխարհաքաղաքական արկածախնդրության՝ բոլորիս համար աղետալի հետեւանքներով։