Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 57 րոպե առաջ - 18:00 13-10-2026

Ռիսկերը ներկայումս իրոք բարձր են. Աշոտ Թավադյանը՝ համաշխարհային նոր ճգնաժամի և պատերազմի վտանգի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Միջազգային փորձագիտական շրջանակներում վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է մի վարկած, ըստ որի՝ այս տարվա հոկտեմբերից աշխարհում սկսվել է գլոբալ տնտեսական ճգնաժամ, որը մեկուկես տարի խորանալու է, հարվածելու է բոլոր ոլորտներին և, ի վերջո, հանգեցնելու է համաշխարհային պատերազմի։

Որպես ճգնաժամի առաջնային ազդակներ նշվում են վարկային տոկոսադրույքների բարձրացումը, հարկային բեռի ավելացումն ու սոցիալ-տնտեսական արտոնությունների կրճատումը։ Որքանով են իրատեսական նմանատիպ կտրուկ կանխատեսումները, և ինչպե՞ս պետք է Հայաստանը նավարկի համաշխարհային այս տատանումների մեջ։

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ։

Անդրադառնալով այն պնդումներին, թե հարկերի ու տոկոսադրույքների բարձրացումից անպայմանորեն հետևելու է համաշխարհային կոլապս, պրոֆեսոր Թավադյանը նշում է, որ իրականությունը շատ սխեմատիկ պատկերելու փորձերը գիտական չեն։

«Ծիծաղելի է։ Տնտեսագիտությունը մեխանիկա չէ, որ ինչ-որ մի բանից անպայմանորեն հետևի մյուսը։ Իհարկե, որոշակի պատճառահետևանքային կապեր կան, բայց հատկապես վերջին տարիներին տնտեսության մեջ էապես աճել է անորոշության սկզբունքը»,- պարզաբանում է տնտեսագետը։

Բանախոսը հղում է անում իր հեղինակած գրքին, որը վերջերս է լույս տեսել Լոնդոնում և կոչվում է «Uncertainty Intervals» (Անորոշության միջակայքեր)։ Ըստ նրա՝ գիտականորեն ապացուցված է, որ նմանատիպ շատ հստակ, «կոշտ» կանխատեսումները, որպես կանոն, չեն իրականացվում։

Աշոտ Թավադյանի պնդմամբ՝ լուրջ վերլուծությունը պետք է հիմնվի ոչ թե մեկ ֆիքսված վատատեսական թեզի, այլ միջակայքային կանխատեսումների վրա, ինչը էապես բարձրացնում է դրանց հավանականությունն ու վստահելիությունը։

«Պետք է դիտարկել տարբեր սցենարներ՝ եթե այսպես եղավ՝ ի՞նչ կլինի, եթե այնպես եղավ՝ ի՞նչ։ Լավ սցենարի պարագայում մենք պետք է մտածենք, թե ինչ լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել և ինչպես գերազանցել աճի հնարավորությունները։ Ինչ վերաբերում է բացասական զարգացումներին, ապա վատ սցենարի պայմաններում, իհարկե, պետք է ունենալ հատուկ ծրագիր՝ այսպես կոչված անվտանգության բարձիկ»,- նշում է նա։

Տնտեսագետը շեշտում է, որ միայն այսպիսի հստակ ռազմավարությունների առկայության դեպքում կարելի է լրջորեն վերաբերվել այս կամ այն կանխատեսմանը, այլապես չափազանց կոնկրետ ժամկետներով ու հետևանքներով հայտարարություններն ուղղակի անիրականանալի են։

Խոսելով այն մտահոգությունների մասին, թե տնտեսական ճնշումները փոխկապակցված են աշխարհաքաղաքական հակամարտությունների հետ և կարող են մեծ պատերազմների հանգեցնել, պրոֆեսորն ընդունում է, որ ռիսկերը ներկայումս իրոք բարձր են, բայց միարժեք բացասական գնահատական տալն անհնար է։

«Դժբախտաբար, անորոշության աստիճանը կտրուկ մեծացել է, և մենք չենք կարող հստակ գնահատել, թե ինչ կլինի, օրինակ, ԱՄՆ-Իրան, կամ Ադրբեջան-Իսրայել փոխհարաբերություններում։ Կամ թե ինչ աստիճանի կհասնի ռուս-ուկրաինական հակամարտությունը, և ինչ կսպասվի մեզ։ Դրանք բոլորը իրար հետ փոխկապակցված են, և շատ անգամ տեղի է ունենում շղթայական ռեակցիա»,- ասում է Աշոտ Թավադյանը։

Այդուհանդերձ, նա հավելում է, որ անորոշության գործակիցը չափազանց բարձր է՝ համաշխարհային պատերազմի իրատեսականությունը վերջնական գնահատելու համար։ Այս իրավիճակում հայկական օրակարգը պետք է լինի սեփական դիմակայունության բարձրացումը․ «Աշխարհաքաղաքականությունը մի կողմ դրած՝ ես կարծում եմ, որ մեր փոքրիկ նավակը՝ Հայաստան կոչվածը, պետք է կարողանա լողալ հստակ՝ նույնիսկ այս բարձր ալիքների ժամանակ։ Տնտեսության կառավարումը հնարավորության արվեստ է։ Այդ արվեստին պետք է տիրապետել, որովհետև եթե չես տիրապետում դրան, ապա նույնիսկ չոր կանոններ կատարելը քեզ կարող է չօգնել»։

Տնտեսագետի խսքով՝ մասնագետի առաքելությունը ոչ թե հանրությանը միայն վատագույն կանխատեսումներով վախեցնելն է, այլ ճգնաժամերից ելքեր ցույց տալը, իսկ դրա միակ ճանապարհը տարբեր սցենարների պատրաստ լինելն ու ճկուն կառավարումն է։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված