Նիկոլ Փաշինյանը երեկ, նոյեմբերի 26-ին, ճեպազրույցում հայտարարել է, որ արցախցիներին տրամադրվող կենսաչափական անձնագրերում ծննդավայրի նշման հարցում առաջնորդվում են նախաստորագրված խաղաղության համաձայնագրի դրույթներով՝ նշելով, որ դա անհրաժեշտ է, որ «Եռաբլուրը չընդլայնվի»։
Փաշինյանի այս հայտարարությունը հանրային քննարկումների առիթ է դարձել։
Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի այն մոտեցման հետ, որ արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր նշվի Ադրբեջանը։ Այս հարցով
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել պարզելու՝ քաղաքացիները համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի այն մոտեցման հետ, որ արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր նշվի Ադրբեջանը։
Հարցվածներից մեկն ասաց, որ չի հավատում Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարությանը։ Անդրադառնալով արցախցիների անձնագրերում ծննդավայրի նշման հարցին՝ քաղաքացին նշեց, որ, իհարկե, ցավում է ստեղծված իրավիճակի համար, սակայն չի ցանկանում որևէ բան ասել, քանի որ, միևնույն է՝ իր խոսքից որևէ արդյունք չի լինելու։
Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց, որ համաձայն չէ Փաշինյանի մոտեցմանը՝ նշելով. «Համամիտ չեմ, քանի որ իրենք էլ հայ են, ինչո՞ւ պետք է Ադրբեջան նշվի»։
Հարցվածներից մեկն էլ կտրականապես դեմ արտահայտվեցին այդ առաջարկին՝ նշելով. «Միանշանակ համամիտ չեմ, Արցախն անկախ հանրապետություն է եղել»։ Նա նաև տարակուսանք հայտնեց Փաշինյանի հայտարարության վերաբերյալ՝ հավելելով. «Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածն է [իրականության հետ-խմբ.] համապատասխանում, որ սա էլ համապատասխանի»։
Մանրամասները` տեսանյութում: