copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:17 28-11-2022

Կունենանք երազելի անկախ դատարաններ, երբ ունենանք անկախ ԲԴԽ․ Դավիթ Հարությունյան 

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը շաբաթ-կիրակի օրերին քննարկումներ է հրավիրում դատական համակարգի ներկայացուցիչներին։ Այս շաբաթ հանդիպմանը ներկա են եղել քրեական մասնագիտացմամբ դատարանների դատավորները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի պարտականությունները կատարող փոխնախարար՝ Գրիգոր Մինասյանը։ Oragir.News-ը հանդիպմանը քննարկված, ինչպես նաև օրակարգից դուրս մնացած հարցերի շուրջ զրուցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ։

-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում ԲԴԽ նախագահի նախաձեռնությունը, ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպմանը։

-Հանդիպումների նախաձեռնությունը ի սկզբանե գնահատել եմ որպես գործընկերային հարաբերությունների զարգացմանը, խնդիրների լուծմանը միտված քայլ։ Ընդհանուր առմամբ հարցերի քննարկումը, դատավորների ցանկացած քննարկում հանդիպում, տեսակետների փոխանակում ողջունելի եմ համարում։ Եթե քննարկված թեմաները, խնդիրները լուծում ստանան, բնականաբար, առավել ողջունելի կլինի։ Ուզում եմ նշել, որ ես կոնկրետ հարցադրումներ էի բարձրացրել, որոնք ցանկանում էի, որ օրակարգում քննարկվի, բայց փաստացի դրանք պաշտոնական օրակարգում չներառվեց, շատ կարճ ժամանակ հատկացվեց դրան, այդ հարցերի վերաբերյալ առարկայական քննարկում տեղի չունեցավ։ Իմ առաջարկած թեմաները վերաբերում էին դատական իշխանության, դատավորների անկախությանը։ Նախապես ստանալով օրակարգը՝ դիմել էի, որպեսզի օրակարգում ներառվեն նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները հարուցելու արդարադատության նախարարի՝ օրենքով սահմանված լիազորությանը, դրա գործնական կիրառելիությանը, կիրառվող սանկցիաների բողոքարկմանը, դատական համակարգի անկախության սկզբունքի ապահովման հետ այդ լիազորությունների հնարավոր անհամատեղելիության հարցերը: Առաջարկել էի նաև քննարկել նոր դատավորների նշանակման առաջխաղացման, ազատման մեխանիզմների կիրառելիության չափանիշները, այդ կապակցությամբ կայացվող որոշումների բողոքարկելիության հնարավորությունը՝ դատական համակարգի անկախության համատեքստում։ Երկօրյա համաժողովի ընթացքում ընդամենը 10-15 կամ 20 րոպե նեղ ֆորմատով քննարկելու հնարավորություն եղավ, որտեղ, բնականաբար, թեման չսպառվեց։

-Իսկ ի՞նչ հարցեր էին ներառված էին օրակարգում, որոնք առավել կարևորվել էին։

-Տարբեր հարցեր են քննարկվել, որևէ անկարևոր կամ ոչ արդիական հարց չի քննարկվել, բայց իմ կարծիքով, սրանք էին առաջնային ու առավել կարևորության հարցերը։ Իհարկե, կարող են նաև տարբեր կարծիքներ լինել:

-Ո՞վ էր կազմել օրակարգը և արդյո՞ք օրակարգը կազմելիս առհասարակ հաշվի առնվել էին դատավորների առաջարկները։

- Չեմ կարող ասել, ով է կազմել օրակարգը՝ ԲԴԽ-ն, թե դեպարտամենտը, բայց ես դիմել էի 2-ին էլ, որպեսզի անկախ նրանից, թե ով է կազմել՝ ներառվի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ օրակարգը կազմվել էր ավելի վաղ դատավորների և ԲԴԽ դատավորների հետ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի արդյունքում։ Իհարկե, օրակարգում չկար որևէ հարց, որ կարևոր չէր կամ վերաբերելի չէ, ուղղակի, ըստ իս՝ կան առավել առաջնահերթ լուծման ենթակա հարցեր, որոնք էին դատավորների անկախության հարցը, նախարարի՝ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության համատեքստում, դատավորների նշանակման, առաջխաղացման, անկախության հարցը։ Սրանք, ըստ իս, առավել կարևոր էին։

- Պարոն Հարությունյան, ի՞նչ մթնոլորտում են առհասարակ անցնում քննարկումները ԲԴԽ- նախագահի հետ հանդիպումներում՝ հաշվի առնելով Կարեն Անդրեասյանի՝ կոռումպացված դատավորների մասին ցուցակի առկայության վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները։ Դատավորների մոտ կա՞ լարվածություն՝ կապված պարոն Անդրեասյանի անձի հետ։

- Ես այլ անձանց հոգեբանական զգացողությունների մասին չեմ կարող խոսել, ամեն դեպքում՝ ես որևէ անձի, այդ թվում՝ այդտեղ ներկա գտնվողներից որևէ մեկի ներկայությունից կամ խոսելուց ընդհանրապես չեմ լարվում։ Չգիտեմ՝ ով է լարված եղել , ով՝ ոչ։ Ամեն դեպքում՝ հրապարակային քննարկումները գործընկերային, բարիդրացիական մթնոլորտում են անցել։

- Գալով Ձեր առաջարկություններին, եթե չեմ սխալվում՝ նաև Վենետրիկի հանձնաժողովի զեկույցներում կար դրույթ, ըստ որի՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ձևավորումից հետո Արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը պետք է վերացվի։ Այս հարցի քննարկո՞ւմն էիք առաջարկում օրակարգ բերել։

- Ոչ միայն Վենետիկի, այլև Գրեկոյի զեկույցներում է դա արտացոլված, նաև Դատավորների միջազգային համաժողովի ընթացքում քննարկված հարցերի շրջանակում ընդունված զեկույցում է աներկբայորեն առաջ քաշվում թեզը, որ դատավորներից չբաղկացած, դատավոր անդամ չունեցող որևէ մարմին իրավասու չէ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու։ Սա կարևորվում է դատավորների անկախության համատեքստում։ Բոլոր վերաբերելի միջազգային փաստաթղթերում արձանագրված է, որ այդ լիազորությունը չարաշահումը սահմանափակում է դատավորների անկախությունը։ Դատական իշխանության անկախությունը՝ ապօրինի պատասխանատվության ենթարկվելու վախից ու ահաբեկումից, ինչպես նաև ցանկացած անօրինական միջամտությունից զերծ արդար և անաչառ որոշումներ կայացնելու դատավորների կարողությունն է: Կարգապահական վարույթների նպատակը ոչ թե դատավորենրին պատասխանատվության ենթարկելն է, որ այդ կամ կողքի դատավորները իբր զգոն լինեն կամ այլ կերպ վախենան, այլ միակ լեգիտիմ նպատակը կարող էլ լինել ու այն կարող է արդարացված համարվել՝ հավաստելու, որ դատավորները պատշաճորեն պահպանում են վարքագծի կանոնները՝ դրանով իսկ ամրապնդելով դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը:

- Չնայած հանձնաժողովի ձևավորմանը՝ մեզ մոտ գործադիրը չի շտապում ազատվելու այդ լիազորությունից կամ գործիքից, ինչո՞ւ։

- Առհասարակ, ցանկացած սուբյեկտի համար, անկախ անձից, դժվար է լիազորությունից, արտոնությունից հրաժարվելը։ Պարտականությունից հրաժարվելը շատ ավելի հեշտ է։ Այսինքն, այլ իշխանության ճյուղի վրա ազդելու գործիքակազմից հրաժարումը որևէ սուբյեկտի կողմից, բանականաբար, շատ դժվար է։ Բոլորն էլ գիտակցում են, որ դա չի բխում միջազգային առաջադեմ ստանդարտներից, չի բխում դատական իշխանության անկախությունից։ Բայց, բնականաբար, եթե իշխանության որևէ ճյուղ ունի իշխանության մեկ այլ ճյուղի վրա ազդելու հնարավորություն, ապա այդ լծակից կամ արտոնությունից հրաժարումը, բնականաբար, շատ բարդ է։

- Պարոն Հարությունյան, հնարավո՞ր է համեմատել, թե ԲԴԽ որ կազմի ժամանակահատվածում էր, որ կառույցն առավել հավատարիմ էր իր առաջնային գործառույթին՝ ապահովելու դատական համակարգի անկախությունը։

- Կդժվարանամ նման գնահատական տալ, ամեն դեպքում տարանջատելը դժվար է, քանի որ կան անդամներ, որոնք իսկզբանե էլ պաշտոնավարում էին ու մինչև հիմա էլ շարունակում են պաշտոնավարել։ Ամեն դեպքում՝ դատական իշխանության անկախության բարձրացման համար միջոցներ պետք է ձեռնարկվեն։ Նախևառաջ՝ հենց ԲԴԽ-ն է հանդիսանում դատավորների անկախության երաշխավորը ու միայն այն հանգամանքը, որ բոլոր ԲԴԽ կազմերը դատավորներին պատասխանատվության են ենթարկել արդարադատության նախարարի միջնորությունների հիման վրա, միաձայն կալանքի համաձայնություն են տվել արդարացված դատավորի վերաբերյալ, դատախազության միջնորդավորված վարույթներով կամ նախարարի ինքնահայտնաբերման ֆունկցիայի հիման վրա հարուցված վարույթներով, ինքնին կարելի է փաստել, կամ չեմ կարող ինձ թույլ տալ ասել, թե որևէ կազմ լիարժեք ապահովել է դատավորների անկախությունը։ Ավելին՝ որոշ դեպքերում, ըստ իս՝ սահմանափակել է այդ անկախությունը, և որևէ մի կազմի դեպքում չեմ կարող ասել, որ ԲԴԽ գործունեությունն ուղղված է եղել բացառապես դատավորների անկախության բարձրացմանը։ Այդ ամենի մասին դատողություններս պայմանավորված են կայացած դատավարություններով ու դրանց արդյունքում կայացված որոշումներով։ Ամեն դեպքում՝ իմ տեսլականով, անկախությունը ոչ թե ներքևից վերև պետք է լինի այլ վերևից ներքև, այսինքն կունենանք երազելի անկախ դատարաններ, երբ ունենանք անկախ ԲԴԽ։

-Պարոն Հարությունյան, ինչպես եք գնահատում այդ հանդիպումներին վարույթ հարուցող մարմնի՝ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի մասնակցությունը։

- Կոնկրետ ես կաշկանդված չեմ ցանկացած հարց թե նախարարի ներկայացուցչի կամ նրա պարտականությունները կատարողի, թե իշխանության այլ թևերի, օրինակ, դատախազության, քննչականների մասնակցությամբ քննարկելու։ Նախարարությունում էլ, իրավապահ մարմիններում էլ հրաշալի մասնագետներ կան, որոնց հետ ցանկացած հարցի քննարկում արդյունավետ ու հաճելի է: Միգուցե, ավելի արդյուավետ լիներ, եթե այդ քննարումներին մասնակցեին նաև փաստաբանական կորպուսի մեր գործընկերները։ Այս առումով, կաշկանդվածություն կամ ամբիցաներ հաստատ չկան, և ես այդ հանդիպումները դրական եմ գնահատում։ Ես կարող էի բացասական համարել, եթե որևէ մեկը կաշկանդվածություն ունենար որևէ հարց քննարկելու համար, բայց ես կարծում եմ, որ հարցերը բազմակողմանի քննարկելու համար կարևոր է, որ բոլոր կողմերը ներկա լինեն ու ապահովվեն անկեղծություն։ Ընդհուպ, ես դեմ չէի լինի, որ հարցերը բաց ֆորմատով քննարկվեր, թեև, բնականաբար, փակ ֆորմատով քննարկումները առանձին անձանց համար առավել անկաշկանդ արտահայտվելու միտում ունի։ Ամենակարևորն այն է, որ համապատասխան փաթեթներում ներառվեն քննարկվածները, ու կարծքիները հաշվի առնվեն: Ամենակարևորն այն է, որ հնչած, արտահայտված կարծիքները հաշվի առնվեն և, եթե օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, ապա դրանք ներառվեն նախագծերում ու չկրեն զուտ ֆորմալ բնույթ, չքննարկենք՝ զուտ քնարկելու համար, այլ այդ ամենը ստանա իր համապատասխան ամրագրումը։