Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 58 րոպե առաջ - 20:04 13-10-2026

Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի պետական պարտքի անդադար աճն ու դրա սպասարկման ծախսերը հասել են մի կետի, որն արդեն լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս։

Օրերս Ազգային ժողովում պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ 2027 թվականից Հայաստանի քաղաքացիներն ամեն օր շուրջ 1․1 միլիարդ դրամ (տարեկան ավելի քան 400 միլիարդ դրամ) են վճարելու միայն պետական պարտքի տոկոսների համար, նոր քննարկումների ալիք է բարձրացրել։

Ինչպես է ստացվում, որ այս պայմաններում իշխանությունները շարունակում են նոր պարտքեր ներգրավել, և ուր է տանում այս ճանապարհը։

Այս իրավիճակի, վարկերի օգտագործման արդյունավետության և թաքնված ռիսկերի շուրջ Oragir.News-ը զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետ։

Թեև օրենսդրությամբ սահմանված է, որ պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը (իսկ 50 տոկոսի շեմը անցնելու դեպքում գործում են բյուջետային դեֆիցիտի սահմանափակման հատուկ կանոններ), Աշոտ Թավադյանը հորդորում է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե լոկ թվերի կամ վարկային ընտրության, այլ դրանց օգտագործման արդյունավետության վրա։

Տնտեսագետի ձևակերպմամբ՝ Հայաստանում այսօր առկա է հստակ հարկային քաղաքականություն, սակայն բյուջետային քաղաքականության մասով մենք, դժբախտաբար, հստակություն չունենք։

«Եթե դուք վերցնում եք վարկեր և ուղղակի սպառում եք դրանք, դա ծայրաստիճան վտանգավոր է։ Վարկը կարող է արդարացված լինել միայն մեկ դեպքում՝ եթե դրա հաշվին կարողանում եք ստեղծել ավելի մեծ տնտեսական արդյունք, և այդ արդյունքը հնարավոր է լինում հստակորեն ցույց տալ ու չափել»,- նշում է պրոֆեսորը։

Ըստ նրա՝ պարտադիր պայման է, որ վարկային յուրաքանչյուր ծրագիր ունենա հստակ կանխատեսելի ու տեսանելի արդյունավետություն, ինչը ներկայումս չի երևում։ Առանձնակի ուշադրության է արժանի նաև ներգրավվող միջոցների, հատկապես՝ այսպես կոչված «արտոնյալ վարկերի» կառուցվածքը։ Շատ հաճախ հասարակությանը հրամցվում է այն թեզը, թե ցածր տոկոսադրույքով կամ երկարաժամկետ մարման ժամկետով վարկերն անձեռնմխելի օգնություն են երկրին։ Սակայն իրականում պատկերն այլ է։

Աշոտ Թավադյանը պարզաբանում է, որ այդ արտոնյալ վարկերի կառուցվածքի պատճառով Հայաստանը հաճախ ստիպված է լինում վճարել լրացուցիչ տոկոսադրույքներ կամ գումարներ ուղղել թանկարժեք խորհրդատվությունների վրա։

Ավելին, նման վարկերի պայմաններով երբեմն պարտադրվում է սարքավորումների գնումը կատարել ոչ թե, օրինակ, ավելի մատչելի չինական շուկայից, այլ ուղղորդվել դեպի թանկարժեք եվրոպական արտադրանքը։

«Առաջին հայացքից զարմանալի է թվում, թե ինչու են միջազգային կառույցները կամ այլ երկրներ մեզ գրեթե անտոկոս կամ արտոնյալ վարկեր տրամադրում։ Բայց իրականում նրանք դրանով լուծում են իրենց իսկ խնդիրները՝ ապահովում են իրենց արտահանման հարցը, տեխնիկա են ուղարկում մեզ մոտ, լուծում են իրենց երկրի գործազրկության խնդիրը, քանի որ այդ տեխնիկան արտադրողների աշխատավարձն է բարձրանում կամ լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվում հենց իրենց մոտ»,- ընդգծում է տնտեսագետը։

Այսպիսով՝ արտոնյալ վարկերը հաճախ այնքան էլ արտոնյալ չեն, որքան ներկայացվում է։ Աշոտ Թավադյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է ծայրահեղ ուշադիր լինի այս միջոցների արդյունավետությունը գնահատելու հարցում։

Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ վարկային միջոցների օգտագործման արդյունավետության գնահատման և վերահսկման այդ անհրաժեշտ մեխանիզմը, ցավոք, մեր երկրում այսօր պարզապես բացակայում է։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
21:28 «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ