Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո պետության դեղորայքային ծախսերն աճել են 5-6 անգամ՝ ինն ամսում հասնելով 25 միլիարդ դրամի։ Ստեղծված ֆինանսական բեռը զսպելու համար Կառավարությունը գնացել է կտրուկ սահմանափակումների՝ ապահովագրական փոխհատուցման ցանկից դուրս մղելով բրենդային դեղամիջոցները և թողնելով միայն էժան համարժեքները։
Ազգային ժողովի խմբակցության փորձագետ Ծաղիկ Վարդանյանի գնահատմամբ՝ ապրիլի 7-ին ընդունված օրենսդրական փոփոխությունը որևէ բժշկական նպատակ չունի և բխում է բացառապես համակարգի ֆինանսական կայունությունը փրկելու անհրաժեշտությունից։
Փոփոխությունները վերաբերում են ապահովագրական փաթեթում ներառված ոչ կոմերցիոն շուրջ 340–345 անուն դեղերին, որոնք առևտրային անվանումներով կազմում են մոտ 1200 դեղամիջոց։ Պետությունը սահմանել է հենակետային և առավելագույն գներ. եթե որևէ դեղամիջոցի գինը կրկնակի գերազանցում է հաստատված հատուցման շեմը, այն ավտոմատ կերպով դուրս է մնում փոխհատուցվող ցանկից։
«Ցանկի մեջ մտնելու են նույն դեղի ավելի էժան տարբերակները՝ ջեներիկները, այնպիսի երկրների արտադրության, որոնք չեն կարող մրցակցել ճանաչված ֆիրմաների հետ։ Սա զուտ ֆինանսական զսպման մեխանիզմ է, այստեղ չկա որևէ առողջապահական նպատակ»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշում է Ծաղիկ Վարդանյանը։
Այս դեղամիջոցներից հիմնականում օգտվում են քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիները։ Նոր կարգավորման պայմաններում, եթե հիվանդին անհրաժեշտ լինի կոնկրետ բրենդային դեղամիջոցը, նա ստիպված է լինելու այն գնել սեփական գրպանից։
Առավել խոցելի է քաղցկեղով հիվանդների վիճակը։ Թեև ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ բուժման շեմը նախկին 300․000 դրամից բարձրացվել է 1 միլիոն դրամի, փորձագետի խոսքով՝ այդ գումարը չնչին է և չի բավարարում անգամ քիմիոթերապիայի միջին կուրսի կամ ժամանակակից՝ հորմոնալ ու բջջային բուժումների համար։
Ըստ Վարդանյանի ներկայացրած տվյալների՝ եթե մինչև ապահովագրության ներդրումը պետությունը դեղերի վրա տարեկան ծախսում էր 4-5 միլիարդ դրամ, ապա այժմ տարեկան ծախսը կհասնի 30 միլիարդ դրամի և ավելի։ Ինն ամիսների կտրվածքով նախատեսված 21–25 միլիարդ դրամ բյուջեն ստիպված են եղել ճշտել՝ հասցնելով 27․4 միլիարդի։ Մոտ 30%-ի հասնող այս շեղումը և հիմնադրամին պարբերաբար գումարներ ներարկելը փորձագետը ֆինանսապես խիստ ռիսկային է համարում՝ ընդգծելով, որ մինչ օրս թափանցիկ չէ, թե իրականում որքան ապահովագրավճար է հավաքագրվել։
Փորձագետի խոսքով՝ ֆինանսական ճեղքվածքը փակելուն զուգահեռ՝ մեծանում է նաև քաղաքացիների և գործատուների բեռը․ մինչև 500․000 դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարը 4․800 դրամից դարձել է 10․800 դրամ։
200․000 դրամից ցածր աշխատավարձ ստացողների համար սահմանված 4․000 դրամ վճարը դրվում է գործատուի ուսերին, ինչը լուրջ դժվարություններ է առաջացնելու։
Միևնույն ժամանակ, 400․000 դրամ հաշվարկված ծառայությունների փաթեթը պետությունը հատկացնում է 129․800 դրամով, ինչը նշանակում է բժիշկների աշխատանքի եռակի թերվճարում։
Ծաղիկ Վարդանյանը նշում է, որ այս ամենի ֆոնին Ապահովագրական հիմնադրամում սահմանված են 2-6 միլիոն դրամի հասնող բարձր աշխատավարձեր, սակայն կառույցը ներկայումս նույնիսկ տնօրեն չունի. նախորդ թեկնածուի նշանակումը ձախողվել է, և հայտարարվել է նոր մրցույթ։
Հասմիկ Մովսիսյան