Ուղիղ եթեր
Հայաստանը կարող է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածվել. «Պատիվ ունեմ» դաշինք
copy image url

Հայաստանը կարող է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածվել. «Պատիվ ունեմ» դաշինք

Ներքին 3 տարի առաջ - 21:26 27-05-2021

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծված ծանր իրադրության միակ հանգուցալուծումը համարում է «հրատապ կերպով դավադիր իշխանությունների հեռացումը»։ Դաշինքն այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Սոթք-Խոզնավար հատվածում սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։

«Պատիվ ունեմ» դաշինքի գնահատմամբ՝ այս առաջարկը «սեփական անկարողության արձանագրում է», միաժամանակ՝ «անվտանգային համակարգի փլուզման փաստում և պետության ու ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից հրաժարում»:

Ըմտ դաշինքի՝ սեփական իշխանությունը փրկելու համար Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ ենթարկվել ադրբեջանական շանտաժներին և հարկադրանքին:

«Արցախի մեծ մասը հանձնած, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունը տապալած, մեզ համար առանցքային նշանակություն ունեցող՝ գերիների, ռազմագերիների հարցը հետին պլան մղած իշխանական խունտան պատրաստվում է նոր զիջումների»,- նշված է դաշինքի հայտարարության մեջ։

Դաշինքը վստահ է, որ միջազգային դիտորդների ներգրավման մասին առաջարկը ոչ միայն իշխանությունների սպառված հնարավորությունների, անզորության և պարտվողական քաղաքականության վկայությունն է, այլև պարունակում է լրացուցիչ վտանգներ։ Մասնավորապես, քաղաքական ուժի կարծիքով՝ այս ծրագիրը Հայաստանը կարող է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Ինչպես արդեն հայտնել էինք. մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։