Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:00 14-06-2022

Անլիարժեքության կոմպլեքս է․ հոգեբանը՝ պաշտոնյաների՝ Ֆեյսբուքում պաշտոնական հայտարարություններ անելու մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Տարբեր պետական կառույցներում և մասնավոր հիմնարկներում կա բաժին, որի գործառույթն է լրատվամիջոցների հետ աշխատելը։ Բայց վերջին շրջանում այդ գերատեսչություններից ոմանք չեն իրականացնում իրենց վրա դրված գործառույթը։ Այս կամ այն հարցին վերաբերող կոնկրետ տեղեկատվությունն ավելի արագ տարածում է գտնում ֆեյսբուքում, ինչ-որ աշխատակցի ֆեյսբուքյան էջում, քան պաշտոնական հարթակներում։

Այս թեմայի շուրջ զրուցելու համար Oragir.news-ը կապ հաստատեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, ով մեզ հետ զրույցում, պատասխանելով այն դիտարկմանը, թե կան տարբեր կառույցներ, որոնց հասարակայնության հետ կապերի բաժինը չի կատարում իր գործառույթը, ասաց. «Թերացումները վերաբերում են կոնկրետ հիմնարկների։ Կան հիմնարկություններ, որտեղ հասարակայնության հետ կապերի բաժնում նորմալ են աշխատում, կա հիմնարկություն էլ, որտեղ շատ վատ են աշխատում։ Ընդհանուր բոլորի մասին ինչ-որ կարծիք կազմելը շատ սխալ է»։

Իսկ մեր այն հարցին, թե որ օրենքի որ կետով է համակարգվում այդ բաժինների աշխատանքը, Քոչարյանն ասաց. «Յուրաքանչյուրի աշխատանքը կարգավորվում է տվյալ նախարարության կամ տվյալ հիմնարկության ներքին կանոնադրությամբ։ Ընդհանուր օրենք հասարակայնության հետ կապերի բաժնի համար չկա»։

Հարցրինք նաև, թե ինչպես է վերաբերվում նրան, որ հասարակությունը պաշտոնական լրատվություն ստանում է ոչ թե կոնկրետ այն գերատեսչություններից, որոնց վրա դրված է այդ պարտականությունը, այլ տարբեր ֆեյսբուքյան էջերից։ Քոչարյանն ասաց. «Ֆեյսբուքյան էջն էլ է հանդիսանում տեղեկատվություն փոխանցելու միջոց, և դա էլ պետք է օգտագործվի։ Բայց այստեղ պետք է կարգավորել այնպես, որ ավելորդ գումարներ չծախսեն այն բանի վրա, ինչը կարելի է անել ֆեյսբուքով, տելեգրամով կամ ինչ-որ այլ կայքով։ Այսինքն՝ յուրաքանչյուր կազմակերպություն պետք է շատ ուշադիր հաշվարկ անի, եթե իհարկե ուզում է՝ որոշակի ռեսուրս խնայի, իրեն պետք չի պահել ուռճացված համակարգ, եթե դա կարելի է անել շատ ավելի արդյունավետ և արագ։ Իմ կարծիքով՝ եթե հնարավոր է տեղեկատվությունը հասցնել շատ արագ ու արդյունավետ, ուրեմն դա պետք է անել, հատկապես եթե դա վերաբերում է պետական կազմակերպություններին»։

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ ռիսկեր է պարունակում իր մեջ տեղեկատվության տարածման այդ ձևը, արդյո՞ք վտանգավոր չէ, էջերը կոտրելու դեպքում ի՞նչ արդյունքի կհանգենք նման դեպքերում։ Մեդիափորձագետն նշեց. «Ամեն բան էլ հնարավոր է, բայց դրա համար էլի համապատասխան մասնագետներ պետք է լինեն տվյալ կազմակերպություններում, ովքեր պատասխանատու կլինեն տեղեկատվական անվտանգության և արագ արձագանքման համար։ Էջը կոտրելու վտանգ կա, բայց եթե այդպիսի բան եղավ, պետք է լինեն մարդիկ, ովքեր շատ արագ վեճը կվերականգնեն։ Հատկապես նախապատերազմական, պատերազմական օրերի ժամանակ պետք է շատ ուշադիր լինել և տեղեկատվական հիգիենան պահել, որովհետև պատկերացրեք՝ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարության խոսնակի էջը կոտրեին, և ադրբեջանցիները տեղեկատվություն սկսեին տարածել, շատ արագ կարող էր խուճապ առաջանալ։ Մեր խաղաղ կյանքում էլ պետք է շատ ուշադիր լինել»։

Ճշտեցինք, թե ինչքանով է ճիշտ, որ տարբեր գերատեսչություններում աշխատող անհատներ իրենց ֆեյսբուքյան էջի գրառումներով են պաշտոնական տեղեկատվությունը տարածում, Քոչարյանն ասաց. «Երբ որ ես խոսում էի, ի նկատի ունեի, որ տվյալ կազմակերպությունն ունի իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը և ինֆորմացիան տարածում է այդ էջով, եթե մարդը դա անում է իր անձնական էջով, դա սխալ է, քանի որ հիմնարկության աշխատողը կարող է ինչ-որ կարևոր ինֆորմացիա տալ, հետը ինչ-որ անձնական նկար, լինք դնի, որը կապ չունենա տվյալ կազմակերպության հետ, որտեղ ինքը աշխատում է։ Ամբողջ տեղեկատվությունը պետք է դրվի միայն տվյալ կազմակերպությունների և գերատեսչությունների պաշտոնական էջերում»,- ասաց փորձագետը։

Շատերը, ոգևորված հավանումներ հավաքելու գայթակղությամբ, իրականությանը չհամապատասխանող կամ գաղտնիք պարունակող ինֆորմացիա են հրապարակում սոցցանցային էջերում։ Այս խնդրի հոգեբանական կողմը հասկանալու համար Օragir.news-ը կապ հաստատեց հոգեբան Արկադի Միհրաբյանի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով խնդրի հոգեբանական կողմին, ասաց. «Անլիարժեքության կոմպլեքս է։ Առհասարակ ցանկացած երևույթ, ցանքացած քայլ, երբ մարդ անում է ոչ թե նրա համար, որ դա ճիշտ է, այլ հանգամանքներով պայմանավորված, դա կոմպլեքս է։ Մարդ դա անում է մարդկանց դուր գալու համար, արվում է, որպեսզի վատ բաներ չխոսեն։ Սրա համար շատ պատճառներ կարող են լինել, կարող է՝ մանկությունում ինչ-որ դիֆիցիտ են ունեցել, շատ պատճառներ կարող են լինել, բայց գլխավոր ձևակերպմամբ՝ դա կոմպլեքսի այն երևույթն է, որ գործողությունները պայմանավորվում են ոչ թե իր պետքով, ճշտով և անհրաժեշտությամբ, այլ այս կամ այն հանգամանքով»,- ասաց հոգեբանը։

Մեր այն հարցին՝ արդյոք այդ խնդիրը կարող է ի հայտ գալ նաև այն մարդկանց մոտ, ովքեր երկրում շատ կարևոր պաշտոն են զբաղեցնում, հոգեբանն ասաց. «Թե այդ քայլերն ինչ հետևանքներ կարող են ունենալ, չեմ կարող գուշակել, բայց դա կապ չունի, թե երկրի որ դեմքն է՝ առաջի՞ն, թե՞ վերջին։ «Բոմժն» էլ նույն կոմպլեքսն ունի, պրեզիդենտն էլ, նախարարն էլ․ դա կապ չունի։ Օրինաչափություն չկա, որ տվյալ կոմպլեքսը պետք է հասնի այս կամ այն աստիճանի։ Կոմպլեքսը կոմպլեքս է և կյանքի տարբեր ոլորտներում դրսևորվում է։ Կոմպլեքսների համար չկան պաշտոններ և ստատուսներ։ Այնպես չէ, որ մարդ ստատուս ունի, կոմպլեքս չունի, կամ հակառակը»։

Փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ կոմպլեքսները։ Հոգեբանը պարզաբանեց. «Պետք է այցելեն հոգեբանի մոտ, հաղթահարեն։ Եթե իրենք ինքնուրույն չեն հաղթահարել, դժվար է լինելու, քանի որ չկա մի խորհուրդ, որ ասես՝ այ էսպես անեն, լավ կլինի։ Պետք է աշխատանք տարվի բնավորության փոփոխության, մտածելակերպի, արժեհամակարգի, աշխարհայացքի վրա»։

Նկատեցինք, որ տարբեր պաշտոնյաներ, նայելով իրենց սոցցանցային լայքերին, մտածում են, որ այդքան մարդիկ իրենց հավանում են, դրա համար են լայքում, բայց իրականում լայքելու պատճառն այն է, որ տվյալ անձինք այս կամ այն հարցի շուրջ տեղեկությունն առաջինն այդ հարթակներում են հասանելի դարձնում։ Հոգեբանն այս դիտարկման շուրջ ասաց. «Դա նույն բանն է, երբ որ մարդը ոչ թե իրատեսական, իրական բաներից ելնելով է գործում, իրական օգուտից շահից, ճշտից, այլ կեղծ, այս կամ այն հանգամանքների բերումով դա թվում է որպես իրականություն։ Բացարձակ կատեգորիան գործողությունն է, մնացած բոլոր կատեգորիաները կեղծ կատեգորիաներ են։ Կեղծ ասելով՝ նկատի ունեմ ոչ իրատեսական։ Ի՞նչ է կարողանում անել մարդը․ դրա միակ արտահայտությունը գործողությունն է, որը տալիս է որոշակի արդյունք։ Անկախ նրանից՝ մի հոգի է լայքում, թե 85 հոգի, դա ընդհանրապես էական չէ։ Եթե հանգամանքով է պայմանավորված ինչ-որ գնահատական, դա կեղծ գնահատական է։ Եթե մարդը դրան է տրվում, դա է համարում իրատեսական, ուրեմն կոմպլեքս ունի»։

Անդրադառնալով դրա հակառակ կողմին, երբ մարդիկ անում են ինչ-որ գրառում՝ վստահ լինելով, որ իրենք ճիշտ են, բայց արժանանալու են վատ գնահատականի, հոգեբանն ասաց. «Այդ մարդիկ նորմալ, հոգեբանորեն կայուն մարդիկ են։ Հոգեբանորեն կայուն մարդու գործողությունները երբևիցե կախված չեն հանգամանքից, կայուն մարդու համար հետաքրքիր չէ՝ ով ինչ է գրում, անգամ եթե սխալ է անում, դե ինքը չգիտի, չէ՞, որ սխալ է անում, ինքը գիտի, որ ինչ-որ բան ճիշտ է անում, ճիշտ է գրում։ Ուրիշ բան, որ օբյեկտիվորեն կարող է պարզվի, որ սխալ է արել։ Բայց դրանով չի նսեմացվում իր կայունությունը։ Ինքը, եթե գիտի, որ ճիշտ է անում, կողքից ով ինչ ուզում է՝ խոսի, իր համար միևնույնն է»։