Էժանագին հայտարարություններ անելու փոխարեն՝ ՔՊ-ականները կարող էին դիմել իրավապահ մարմիններին. Սաթիկ Սեյրանյան
copy image url

Էժանագին հայտարարություններ անելու փոխարեն՝ ՔՊ-ականները կարող էին դիմել իրավապահ մարմիններին. Սաթիկ Սեյրանյան

Ներքին 1 տարի առաջ - 19:16 22-12-2023
Դեկտեմբերի 7-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ բարձր ամբիոնից մի քանի լրատվամիջոցի մեղադրեց «փողով հոդված գրելու» մեջ։

«Օրինակ, ինչ-որ մեկը կարող է «Ժողովուրդ» օրաթերթին փող տալ, ինչ-որ մեկի մասին հոդված պատվիրել, վատ, որ պախարակի մարդուն, ինչը նորմալ երևույթ է «Ժողովուրդ» օրաթերթի համար, կամ asekose.am-ի, կամ «Հրապարակի» համար։ Ու հետո այդ հրապարակումները գան ու տեղ գտնեն եզրակացության մեջ»,- իր խոսքում նշել էր ՔՊ պատգամավորը:

Ավելին, ՔՊ-ականները լրատվամիջոցների հասցեին անհիմն մեղադրանք հնչեցնելուց զատ, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին զրկել են հավատարմագրումից՝ պատճառաբանելով, թե լրագրողը գտնվել է ԱԺ «արգելված տարածքում, առանց պատգամավորի համաձայնության, իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել և այլն»։

Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել է որևէ փաստական հիմք չունեցող շահարկումների միջոցով ՔՊ-ականների՝ ազատ մամուլը թիրախավորելու բոլոր փորձերը, հատկապես, երբ այդ ամենն արվում է իշխանական պատգամավորի կարգավիճակից օգտվելու եղանակով։

Oragir.News-ը կապ է հաստատել ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե հնարավո՞ր է ՀԺՄ-ի և լրագրողական մյուս միությունների հայտարարություններից հետո փոխեն մամուլի և լրագրողների նկատմամբ իրենց վերաբերմունքը, ինչին ի պատասխան՝ Հովհաննիսյանը ասել է, որ չի կարող պատասխանել հարցին, խնդրել զանգել ավելի ուշ, քանի որ հարմար չէ, շտապում է նիստի։ Սակայն օրվա ընթացքում մեր զանգերը մնացին անպատասխան։

Oragir.News-ը զրուցել է նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ՝ պարզելու, թե հայտարարությունից զատ՝ ինչ գործիքներ ունի ՀԺՄ-ն խոսքի ազատությունն ու լրագրողի իրավունքները պաշտպանելու համար։

«Մենք կարող ենք հայտարարություններ անել, կարող ենք աջակցել լրագրողներին, կարող ենք նաև դիմել միջազգային մեր գործընկերներին ու եվրոպական կառույցներին, ինչը և արվել է։ Մեր միջազգային գործընկերներին պարբերաբար փոխանցվում է տեղեկատվություն, թե ինչ է կատարվում ՀՀ-ում, որոնց կողմից մշտապես բավականին կոշտ արձագանք է տրվում»,- հավաստիացնում է Սաթիկ Սեյրանյանը։

Ժուռնալիստների միության նախագահի խոսքով՝ իշխանության ձեռքում և՛ մուրճն է, և՛ մեխը․ «Եթե անգամ նման փաստեր ունեին, էժանագին պոպուլիստական հայտարարություններ անելու փոխարեն՝ կարող էին դիմել իրավապահ մարմիններին»։