Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:39 01-06-2022

Եթե այսպես մնա, հայկական ապրանքը դուրս է մղվելու ռուսական շուկայից․ գործարար

Այսօր արտահանող գործարանների աշխատակիցները ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
Արդեն տևական ժամանակ է, ինչ հայկական բեռնատարները մնացել են Վրաստանում և չեն կարողանում դուրս գալ Լարսից, ինչի հետևանքով արտահանող գործարանները մեծ վնաս են կրում։

Oragir.news-ի հետ զրույցում այսօր տեղի ունեցած ակցիայի մասնակից, գործարար Մարինա Առաքելյանն ասաց, որ եթե այսպես շարունակվի, հայկական ապրանքը դուրս է մղվելու ռուսական շուկայից։

«Այսօր Կառավարության շենքի մոտ արտադրող, ներմուծող, արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչները հարց բարձրացրին Վրաստանի և Լարսի անցակետի հետ կապված, որտեղ 3 հազարից ավելի մեքենաներ կանգնած են։ Ապրիլի սկզբից չեն կարողանում անցնել հայկական, բելառուսական և ռուսական համարներով մեքենաները։ Եվ այս ամենը արտադրողի համար հսկայական ծավալով կորսուտների պատճառ է դառնում, թե՛ շուկայի կորսուտ և թե՛ մարդկանց աշխատավարձի վճարման խնդիր է առաջանում, և թե վարորդների, որոնք շաբաթներով, ամիսներով այնտեղ կանգնած են։

Այս հարցն էինք փորձում բարձրացնել, մեզ ընդունեցին Կառավարությունից, լսեցին և ասացին, որ ծանոթ են այս խնդրին, բայց այն մի օրում չի կարող լուծում ստանալ, պետք է ուսումնասիրվի, թե ինչն է պատճառը և այլն։ Մենք փորձեցինք ասել, որ հենց վրացական կողմն է պատճառը, որը չի թողնում մեքենաներ անցնեն, վարորդներին ասում են՝ գնացեք Թուրքիայով կամ Իրանով՝ չհասկանալով, որ հայկական ապրանքի համար անհնարին է այդպես անել, մանավանդ ալկոհոլային խմիչքների։ Թուրքիայով չի կարող գնալ, մենք շատ լավ գիտենք, որ մեր շատ-շատ խոշոր արտադրողները ունեն կամ Արմենիա անվանումը, կամ Արարատ և դա Թուրքիայով, պարզ է, որ չի կարող անցնել, այնտեղ այդ բառերը արգելված են, և հետո ակցիզային ապրանք Թուրքիայով չի կարող անցնել, Իրանով առավել ևս, քանի որ իսլամական երկիր է, այնտեղ ալկոհոլը անգամ տրանզիտ իրավունք չունի անցնել։

Ես գտնում եմ, որ սա արհեստական խոչընդոտ է, որ ալտերնատիվ ճանապարհները բացվեն։

Մեզ ասացին, որ սա մի քանի օրվա բան չէ, սա ահագին ժամանակ է պահանջելու, որպեսզի կարողանան լուծել, այսինքն՝ մենք Կառավարության աշխատակցի կողմից ոչ մի կոնկրետ պատասխան չենք ստացել, միայն հորդորեցին սպասել։ Լավ, մենք սպասենք, բա աշխատողնե՞րը, որոնք արդեն երկու ամիս է աշխատավարձ չեն ստանում, հիմնարկներն էլ վարկ են փակում։ Պատկերացրեք՝ եթե ես օրական վարորդին 5000 ռուբլի գումար տամ, ապրանքիս գինը ինչքան է արժեզրկվում, ինչքան եմ վնաս կրում։

Ռուսաստանը Հայաստանի համար 90% շուկան է՝ և՛ ալկոհոլային խմիչքների, և՛ միրգ- բանջարեղենի։ Ժամանակին հորդորում էին՝ ամեն ինչ արեք, որ մտնեք այդ շուկա, հայկական կոնյակ, հայկական գինի, ջուր, միրգ, բանջարեղեն վաճառեք, այսօր խոչընդոտ են արել, որ հայկական ապրանքը ընդհանրապես դուրս է մղվելու ռուսական շուկայից։ Մեկ շաբաթից արդեն սկսվում է ծիրանի հավաքը, և եթե այսպես մնա, հայկական ծիրանը պարզապես չի լինելու Ռուսաստանում։

Մենք դա այսօր արեցինք՝ իմանալով, որ երկրի նախագահը գտնվում է Վրաստանում, և սա կարող է մեր ձայնը լսելի դարձնել, որ ինքը կարող է այս հարցը այնտեղ բարձրացնել, բայց ոնց հասկացանք, ուրիշ հարցերի քննարկման համար է այնտեղ։ Բայց հույս ունենք, որ հնարավոր է այս հարցը ևս քննարկվի»,- ասաց Մարինա Առաքելյանը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.news-ը տեղեկացրել էր, որ բեռնափոխադրող ընկերությունների վարորդները շուտ փչացող բեռներով օրեր են անցկացնում Լարսի անցակետում և չեն կարողանում տեղաշարժվել, որի հետևանքով կրում են ահռելի վնասներ։

Ամենից շատ դիտված