Ներքին 4 տարի առաջ - 22:02 26-05-2022

Գագիկ Ջհանգիրյանը «վիզ է դրել» կարգապահական վարույթ հարուցել Ալեքսանդր Ազարյանի դեմ

Oragir.news-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը «վիզ է դրել» Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցել։

Պատճառը միության վերջին հայտարարությունն է՝ ուղղված միջազգային կառույցներին, որով հայցում են նրանց աջակցությունը Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։

Ջհանգիրյանը մտերիմ շրջապատում «գլուխ է գովել», թե Արդարադատության նախարարին հանձնարարել է վարույթ հարուցել Ազարյանի դեմ։

Փորձեցինք Արդարադատության նախարարությունից ճշտել՝ արդյոք Ազարյանի դեմ վարույթ կա հարուցված, թե ոչ։ Նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը պատասխանեց, որ նման տեղեկություններ տրամադրել չեն կարող, քանի որ այդ գործընթացները գաղտնի են։

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Ազարյանի դեմ փորձել են ոչ միայն ԱՆ-ի միջոցով վարույթ հարուցել, այլեւ Դատավորների միության էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի։

Մասնավորապես, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հանձնաժողովի դատավոր անդամ Ելիզավետա Դանիելյանը փորձել է այդ հարցը մտցնել հանձնաժողովի օրակարգ, սակայն չի հաջողվել, հանձնաժողովականները ընդդիմացել են։

Oragir.news-ը կապ հաստատեց դատավոր Դանիելյանի հետ, նա նշեց, որ Ազարյանի դեմ վարույթ հարուցելու միջնորդություն չկա։ Ճշտող հարցին, թե արդյոք ինքը նման միջնորդությամբ հանդես չի եկել, ասաց՝ առաջին անգամ է նման բան լսում։

«Ես ինչպես կարող եմ ներկայացնել միջնորդություն, երբ ինքս հանձնաժողովի անդամ եմ։ Բացարձակ սուտ է, շատ վիրավորական սուտ է, չեմ էլ պատկերացնում՝ ով կարող է նման սուտ թույլ տալ իրեն։ Հանձնաժողովում էլ մինչև վերջին նիստը նման միջնորդույթուն չի եղել»։

Հարցին, թե արդյոք վերոհիշյալ հայտարարությունը կարող է հիմք հանդիսանալ Դատավորների միության նախագահի դեմ վարույթ հարուցելուն, նա պատասխանեց, որ չի կարող նման գնահատականներ տալ։

«Որովհետև, եթե իսկապես նման միջնորդություն լինի, իսկ ես եթե հիմա կարծիք հայտնեմ՝ հետո զրկված կլինեմ հետագայում քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից։ Ամեն դեպքում, ես շատ վիրավորված եմ, որ նման տեղեկություններ են տարածվում»։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Ալեքսանդր Ազարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք իր դեմ վարույթ հարուցել են կամ միության վերջին հայտարարությունը հիմքեր, առիթ ստեղծում է վարույթ հարուցելու համար, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը