Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:35 19-05-2022

Քաղաքապետարանը միավորում է պոլիկլինիկաները․ թոշակառուները կմնան անգո՞րծ

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է տեղափոխել Թիվ 1 պոլիկլինիկան (Լեոյի փողոց) և Արաբկիրի մանկական պոլկլինիկան՝ միացնելով համապասխանաբար Թիվ 4 պոլիկլինիկային և Թիվ 11 պոլիկլինիկաներին: Ավագանու առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում նախագիծը դրական եզրակացությունը ստացել է 6 կողմ, 1 դեմ ձայներով:

Միակը, որը նախագծին դեմ է քվեարկել, անկախ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն է։ Վերջինս Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ երկու ավագանու անդամ եւ քաղաքապետի տեղակալը հանդիպել են պոլիկլինիկաների աշխատակիցների հետ, քննարկել հարցը։ Նա հայտնեց, որ իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ չի փոխվել։ Ավագանու անդամի խոսքով՝ իրեն քաղաքապետարանից վստահեցրել են, որ հաստիքների կրճատում չի լինելու, սակայն պայմանագրեր չեն կնքվելու թոշակառու անձանց հետ․ «Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, քանի որ աշխատանք են կատարելու, եւ պետք է պայմանագրեր կնքվեն»։

Չնայած քաղաքապետարանի հավաստիացումներին՝ թոշակառու աշխատակիցները մտավախություն ունեն, որ վերամիավորման հետեւանքով իրենք մնալու են անգործ։ Արաբկիրի մանկական պոլիկլինիկայի աշխատակից Կարինե Հովհաննիսյանը մեզ փոխանցեց, որ իրենց ասել են՝ հաստիքների կրճատում չի լինելու․ «Մենք հիմա պայքարում ենք, որ շենքը մնա մեզ։ Թոշակառուների մասով մեզ ոչ ոք ոչինչ չի ասել։ Երբ կլինի, կպայքարենք, բոլորի համար էլ կպայքարենք, մենք պայքարում ենք,որ մնանք մեր շենքում։ Մեզ ասել են՝ կտանեն, կտեսնենք պայմանները, եթե մեզ դուր չի գա, ապա հարցը կդնեն քննարկման»։

Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը դեմ է վերամիավորմանը․ «Մանկական ընտիր պոլիկլինիկա էր, մի քիչ վերակառուցվեր՝ դրա նմանը Հանրապետությունում չի լինի»։

Ամենից շատ դիտված