copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:11 19-05-2022

Փառք կառավարությանը. թոշակառուներն այլևս փրկված են. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․
«Սոցիալական վատթարագույն պայմաններում ենք ապրում՝ չնայած կարողանում ենք կոմունալների համար վճարել և սոված չպառկել քնելու: Շատերս, բայց ոչ բոլորս: Սոցիալական խոցելի խավ տերմինն օգտագործելը երևի թե հիմա տեղին էլ չէ, որովհետև բոլորս ենք խոցելի վիճակում հայտնվել: Թող բոլորն առողջ լինեն, բայց տանն առողջական խնդիրներ ունեցողն, անկախ իր կամքից, ավելացնում է ընտանիքի ծախսերը, ուսանող ունեցող ծնողը ստիպված է տնտեսել, գուցե նաև պարտք վերցնել, որպեսզի կարողանա տարեկան վարձավճարի հարցը լուծել: Այս վատթար պայմաններում չի ավելանում մեր ազգաբնակչության եկամուտը:
Կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացո՞ւմ, չէ, չենք լսել, բարձրանում է պետական որոշ հիմնարկների ծառայողների աշխատավարձը, դե, բարձրաստիճան պաշտոնյաների աստղաբաշխական պարգևավճարների մասին չենք խոսում: Իսկ ի՞նչ անի թոշակառուն, ով, ասենք, միայնակ է ապրում և ստիպված է լինելու մեկ ամբողջական ամիս ծայրը ծայրին հասցնել, օրինակ՝ միջին թիվ քննարկենք, 30 հազար դրամով: Մի քանի կարևոր վճարումներ է կատարելու, դե, իսկ հետո գոյատևելու է մնացած գումարով: Այս պարագայում միայն գոյատևել բառն է ճիշտ օգտագործել՝ չաճող եկամուտներին զուգահեռ գերգնաճ է բոլոր ուղղություններով: Եվ «լուծումը» գտնվեց: Փառք կառավարությանը:
Եվ ուրեմն, «ժողովրդավարության բաստիոնի» գործադիր մարմնում քննարկվեց կարևորագույն մի հարց: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կներդրվի սոցիալական նշանակության նոր համակարգ, ավելի կոնկրետ՝ բանկային քարտով գնումներ կատարելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան: Իր խոսքով՝ «թոշակները 10 տոկոսով բարձրանալու են»: Դեռ հարց է, որ մինչ այս մտահղացումը կյանքի կոչվի, ամիսներ կանցնեն, իսկ արդեն կյանքի կոչվելուց հետո էլ ամիսներ են պետք, մինչ դրան միանա մասնավոր սեկտորը:

Դա թողնենք ապագային, որն այնքան մշուշոտ է, և այս հարցը մի քանի, այս պարագայում երկու հարթության մեջ դիտարկենք: Նախ՝ ենթակառուցվածքների առումով մենք պատրա՞ստ ենք նման փոփոխությունների: Իհարկե, ոչ: Առաջինը՝ մեր տատիկ-պապիկներից շատերը դժվարությամբ են օգտվում անգամ բանկոմատից, րոպեներ ծախսում ուղղակի գումարը դուրս բերելու համար, վերջում օգնության է հասնում կա՛մ բանկի աշխատակիցը, կա՛մ էլ տարածքում իր հերթին սպասող երիտասարդներից մեկը, ուր մնաց, թե գնան խանութներ և բանկային քարտի միջոցով գնումներ կատարեն: Տեսեք, օնլայն գնումներին հատուկ չենք էլ անդրադառնում, նման մի գործարք անելը մեր շատ տատիկ-պապիկների համար «ինֆարկտի բույն» կլինի: Երկրորդ՝ սուպերմարկետները չհաշված, քանի՞ խանութ այսօր ունի համապատասխան սարք, որի միջոցով կարող է քարտից գանձել անհրաժեշտ գումարը:
Ուղղակի շրջեք Երևանով, կրկին սուպերմարկետները և ֆիրմային խանութները չհաշված: Երրորդ՝ մարզերում քանի ՞ խանութում կարող ես բանկային քարտի օգնությամբ գնում կատարել կամ վճարել որոշակի ծառայության դիմաց: Եթե մի կողմ թողնենք երկրի քիչ թե շատ տուրիստական հատվածները, ապա թիվը մոտ է զրոյի: Հարցը մյուս դիտանկյունից քննարկելիս պետք է հաշվի առնել մեկ այլ կարևոր հանգամանք՝ ինչո՞ւ ուղղակի չբարձրացնել կենսաթոշակները, հետո արդեն քաղաքացին ինքը կորոշի, թե «աստղաբաշխական» այդ բարձրացումն ինչպես ծախսել՝ սնունդ գնե՞լ, վճարում կատարե՞լ, թե՞ ուղղակի պահել, հետ գցել այդ «ահռելի» գումարները: Ի՞նչ է ստացվում՝ համոզում են մարդուն, թե գնա, քարտով առևտուր արա, քեզ զեղչ կտանք: Իսկ գուցե ուղղակի մանիպուլացնում են, խաղում թվերի ու փաստերի հետ, ինչպես միշտ են արել: Հասկանում ենք, որ երկրի սոցիալական ու ոչ միայն, քաղաքականությունը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, բայց արդյո՞ք նման հարցեր անգամ քննարկման դնելուց, դրանց մասին բարձրաձայնելուց առաջ կարելի է մոռանալ կարևորի՝ մարդկային գործոնի մասին:
Հերթական անգամ համոզվեցինք՝ կարելի է: Ուղղակի բարձրացրեք կենսաթոշակը, որքան շատ, այնքան լավ, չնայած անգամ 50 տոկոս բարձրացման պարագայում խիստ կասկածելի է, որ մարդիկ կկարողանան հաղթահարել սոցիալական այն ճգնաժամը, որում հայտնվել են, դուրս գալ աղքատության անդունդից: Իսկ մենք այդ անդունդի մեջ ենք: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «զեղչերի համակարգն ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի շնորհիվ կկարողանանք արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար»:
Կանխիկի շրջանառությունը կրճատել՝ ուղղորդելով կենսաթոշակառուներին գնումներ կատարել քարտերի միջոցով, ուղղակի զավեշտ է, իսկ երրորդ կետի մասով մեկնաբանություն տալն ու քննարկելը՝ անտեղի զբաղմունք: Դուք իրո՞ք այնքան եք կտրվել իրականությունից, որ չգիտեք, թե որոնք ենք զգայուն կետերը կենսաթոշակառուների կարիքների համար: Բարեփոխման անվան տակ հերթական փուչ, անտեղի որոշումը կյանքի կկոչվի, կենսաթոշակի չափը չի փոխվի, թոշակառուի կենսամակարդակն էլ ավելի կվատանա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել

Ձեզ գուցե հետաքրքրի