copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:54 08-09-2021

«Փրկված» Լուկինազը, «կործանված» Արևիկը և Լուկինազի բախտին արժանացած Հայաստանը

Լուկինազը

Հայրական կողմից մի ազգական ունեի՝ Լուկինազ անունով: Ապրում էր Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում: Աշխատում էր կոլտնտեսությունում: Հիմնական եկամուտը ստանում էր՝ տնամերձում աճեցրած ծխախոտի տերևները շուկայում վաճառելով: Խեղճ էր ու աղքատ, ինչպիսին էին 1950-ից մինչև 1960-ականների կեսերի համարյա բոլոր գյուղացիները:

Այն ժամանակ չկար ծխախոտների այսօրվա բազմազանությունը, և կային մարդիկ, որոնք գերադասում էին գնել ծխախոտի տերևներ և պատրաստել ինքնաշեն սիգարետներ:

Լուկինազն իմ Արուսյակ տատիկին անվանում էր քեռակին: Նա Գրիգոր պապիս քրոջ աղջիկն էր:

Երբ ես փոքր էի, Գրիգոր Մուրադյանը, որն օրինակելի և նվիրյալ պապ էր, որևիցե տեղ՝ Աշտարակ, Էջմիածին գնալիս ինձ իր հետ էր տանում: Եվ հիշում եմ Էջմիածնում ապրող նրա քրոջը, որը տպավորվել է նրանով, որ մորս՝ Նվարդ Տերյանին, անվանում էր «քարափի գել» այն պատճառով, որ Մոսկվայում ծնված և մեծացած մայրս ճաշին վերաբերվում էր եվրոպական ձևով: Նա չէր զլանում և ամեն անգամ պատրաստում էր բոլոր ճաշատեսակները՝ սալաթ, սուպ, երկրորդ՝ որևիցե թխվածք, և պատրաստել շատ էր սիրում: Վերջում էլ կոմպոտ, կամ կիսել՝ ինչպես ընդունված էր այն տարիներին: Իսկ գյուղացիների մեծամասնության ճաշն այն օրերին, մեղմ ասած, աչքի չէր ընկնում բազմազանությամբ:

Լուկինազի մասին խոսելիս ասում էին, որ նրան փրկել է եղբայրը: Բանն այն է, որ Լուկինազը հայտնվել էր մանկատանը և այդ մանկատան սաներին ամերիկացիները որոշել են տեղափոխել Միացյալ Նահանգներ (այդպես էին ասում տնեցիներս): Եվ նրա եղբորը հաջողվել էր Հայաստանի վերջին՝ Վրաստանին սահմանամերձ երկաթուղային կայարանում հասնել, գտնել և գնացքից իջեցնել մանուկ Լուկինազին:

Բոլորս ուրախ էինք, որ Լուկինազին հաջողվել էր փրկվել:

«Փրկված» Լուկինազը ճաշակել էր ստալինյան Սովետմիության բոլոր դժվարությունները՝ կոլեկտիվացում, տաժանակիր աշխատանքի դիմաց՝ կիսաքաղց գոյություն, վախ ամեն րոպե և ամեն ինչից, իրավունքների, նույնիսկ անձնագրի չգոյություն…

Երբ Հայաստան սկսեցին գալ ամերիկահայեր, որոնք հայաստանցիների համեմատ շատ ավելի ունևոր էին և եվրոպական տեսք ունեին, մտափոխվեցի: Նրանք սովետական մարդու համար բաղձալի նվերներ էին բերում, հագուկապով խիստ տարբերվում էին մեր գյուղացիներից և հարգված ու պահանջված էին: Սկսեցի հասկանալ, որ եթե Լուկինազին եղբայրը «չփրկեր», նա էլ կդառնար հարգված և պահանջված անձնավորություն, որին նրա հայաստանյան ազգականները սիրառատ նամակներ կգրեին ու անհամբեր կսպասեին նրա՝ որպես զբոսաշրջիկի՝ Հայաստան գալուն:

Եվ այդ նոր, ամերիկահայ Լուկինազը չէր նմանվի իր մորը և Նվարդ Տերյանին չէր անվանի «քարափի գել»: Որովհետև հենց ինքը կդառնար այդպիսին և ճաշի մասին խոսելիս նկատի կունենար նախուտեստ, ապուր, երկրորդ և երրորդ:

Արևիկը

Մյուս իմ ազգականը՝ հորաքրոջս աղջիկ Արևիկը, իմ մանկության սիրելի ընկերներից է, մի տարի նույնիսկ համադասարանցի ենք եղել: Արևիկը վառ անձնավորություն է՝ կյանքով և հումորով լիքը: Խարիզմատիկ, բայց այն օրերի բամբասկոտ, գավառական բարքերով Երևանի համար դժվարամարս մի անձնավորություն էր: Ինչո՞ւ: Որովհետև նա խիստ տարբերվում էր մյուսներից: Մասնավորապես, սիրում էր կինոյի՝ այն օրերի Արևմտյան աստղերին և ձգտում էր նմանվել նրանց:

Նրա հայրը մեծ գործարանի տնօրեն էր, մայրը՝ Հեղինե Մուրադյանը, բանաստեղծություններ էր գրում և թարգմանություններ անում: Հետագայում դարձավ Գրողների միության անդամ: Արևիկն ապրում էր Երևանի կենտրոնում գտնվող այն օրերի էլիտար շենքերից մեկում: Ինչքան հայտնի մարդ կար Հայաստանում, հյուրընկալվել էր այդ օջախում:

Արևիկը ոչ միայն անգլերեն էր սովորում, այլև՝ լեհերեն, ինչը նրան հնարավորություն էր տալիս կարդալ կինոաստղերի գունագեղ լուսանկարներով լի լեհական «Film» ամսագիրը: Բայց քանի որ նա հագուկապով, ազատ մտածելակերպով, անկաշկանդ պահվածքով տարբերվում էր այն օրերի երևանցիների պատկերացրած աղջկական կերպարից, ունենում էր պրոբլեմներ:

Երբ ես մեկնեցի Մոսկվա, որտեղ սովորում էի Լոմոնոսովի անվան պետհամալսարանում, իմացա, որ Արևիկը մեկնել է Միացյալ Նահանգներ: Նա ամուսնացել էր ամերիկահայ մի տղայի հետ, որը շուտվանից էր գալիս Երևան և խնդրում նրա ձեռքը: Բոլորը, չգիտես ինչու, ասում էին. «Արևիկը կործանվեց»: Երևի նկատի ունեին, որ թողնելով իր երևանյան էլիտար կյանքը՝ ստիպված է լինելու ճաշակել կապիտալիզմի դառնությունները:

Այն օրերին հակաամերիկյան պրոպագանդան չափազանց հզոր էր: Եվ քանի որ համարյա կապեր չկային Միացյալ Նահանգների հետ, մարդիկ հավատում էին ամեն ինչին: Օրինակ՝ Հայաստանում շատ հայտնի մի կոմպոզիտոր՝ կարծեմ ժողգործիքների անսամբլներից մեկի ղեկավարը, չվերադարձավ, մնաց Ամերիկայում:Եվ նրա մասին լուրեր էին տարածել, թե նա այնտեղ … փողոցներում կարկանդակ է վաճառում:

Արևիկը կարկանդակներ չվաճառեց: Նա ավարտեց Նյու-Յորքի «Կոլումբիա» հեղինակավոր համալսարանը, ստացավ գիտական աստիճան, մասնակցում էր սլավոնական հին ձեռագրերին վերաբերող միջազգային գիտաժողովներին: Ճիշտ է, նրա կյանքն Ամերիկայում հեշտ չէր, նման չէր նրա երևանյան կյանքին: Ինչպես նրա մայրն էր պատմում, Արևիկը ստիպված էր արթնանալ առավոտյան ժամը 5-ին, որպեսզի չուշանա Նյու-Յորքի մեկ այլ թաղամասում գտնվող իր աշխատատեղից: Բայց Արևիկը չէր դժգոհում: Ընդհակառակը, երբ վրա հասան հայաստանյան «ցուրտ ու մութ» տարիները, նա այդ աղետից փրկեց ոչ միայն իր ծնողներին, այլ նաև քրոջ ընտանիքը՝ բոլորին ապահովելով ամեն ինչով: Ամերիկահայերն էլ լավ ճանաչում են նրան, քանի որ նա ակտիվորեն մասնակցել է նրանց հասարակական կյանքին, զբաղեցրել է ղեկավար պաշտոններՍփյուռքի հաստատություններում:

Ցավոք, Լուկինազի լուսանկարը չունեմ: Չեմ էլ կարծում, թե նա երբևիցե լուսանկարված լինի: Սովետական այն օրերի գյուղացիները նույնիսկ անձնագիր և թոշակի իրավունք չունեին: Իսկ Արևիկի լուսանկարն ունեմ և զետեղում եմ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ցեղասպանությունից հետո Աստված կարծես թե խղճաց հայերին և նրանց պատմական տարածքի մի փոքրիկ մասում պարգևեց անկախություն, ինչի մասին մի քանի հարյուրամյակ երազել էին գաղութացված և երեք պետությունների բաժին դարձած մեր նախնիները: Հայաստանի վերջին երկու գաղութարար պետությունները վատ վիճակում էին՝ մեկը՝ ցեղասպանը, կապիտուլացվել էր, մյուսը՝ պատերազմի, հեղափոխության և քաղաքացիական պատերազմի հետևանքով խիստ թուլացել:

Հայաստանի առաջին հանրապետությունը նույնպես օրհասական վիճակում էր: Նրան օգնության հասավ Արևմուտքը, և թվում էր, թե Հայաստանը կփրկվի ու հետագայում կբարգավաճի, ինչպես, օրինակ, բարգավաճեցին մեզ հետ մոտավորապես նույն ժամանակահատվածում անկախություն ստացած ֆինները, որոնք ցարական Ռուսաստանում համարվում էին խեղճ ու հետամնաց:

Բայց, չստացվեց: Հայերի բոլշևիկ դարձած «ավագ եղբայրը» միավորվեց ցեղասպանների հետ և կարողացավ մեզ «փրկել»՝ իջեցնելով Արևմուտք տանող գնացքից: Մենք չկարողացանք արժանանալ ֆինների բախտին և ազգովի ճաշակեցինք այն ամենը, ինչը բաժին էր հասել Լուկինազին: Ճաշակեցինք նաև, ստալինյան բռնաճնշումները․ գնդակահարվեցին և աքսորվեցին տասնյակ հազարավոր հայեր, այդ թվում՝ նաև Հայաստանի ամենատաղանդավոր զավակները: Իսկ Երկրորդ աշխարհամարտում զոհվեցին այնքան մեծ թվով հայորդիներ, որ ասես այդ պատերազմը հենց մեր տարածքում էր տեղի ունեցել:

«Փրկված» Լուկինազը մահացել է, ազատվել է չարքաշ կյանքից ու տանջանքներից: «Փրկված» Հայաստանը, փառք Աստծո, կենդանի է, բայց չի կարողանում դուրս պրծնել Լենին-Ստալին-Աթաթուրքի ու նրանց գործի շարունակողների խարդավանքների ծուղակից:

Գրիգոր Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
22:00 Ես իմ այս տարիքին դուրս եմ եկել պայքարի, իսկ այսօրվա երիտասարդները պասիվ են. Շնորհիկ Շահինյան