Երևան +17°
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:58 13-05-2022

Կարո՞ղ էր վարչապետը տեղյակ չլինել իր շարասյան կողմից մահվան ելքով վրաերթի մասին․ փաստաբանի մեկնաբանությունը

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Ես չգիտեմ՝ ՄԻՊ-ը որքանով է ծանոթ քրեական գործի նյութերին և ինչի հիման վրա է եզրակացություններ անում, բայց ես ՄԻՊ-ի հայտարարություններին հիմա արդեն ընդհանրապես լուրջ չեմ վերաբերվում»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա այն հայտարարությանը, որ վարչապետը տեղեկացված չի եղել կնոջ մահվան ելքով վրաերթի մասին։

«Ես քրեական գործի նյութերին ամբողջ ծավալով դեռ ծանոթ չեմ և չեմ կարող հետևություններ անել։ Ընդամենը տեսագրություններում տեսնում ենք, որ բոլոր մեքենաները, գետնին ընկած Սոնա Մնացականյանի գլխավերևով շատ զգուշությամբ շրջանցելով, գնում են։ Թե հիմա մեքենաների միջից ով է հասցրել տեսնել, ով չի հասցրել, դա էական չէ։ Քրեական գործի նյութերում հստակ կերևա, թե ում է զեկուցվել, ով է տեղյակ եղել, ով ինչ է արել, ու ով ինչ է ասել։ Բացի այդ՝ կարծում եմ, որ ակնհայտ հակասություն կա ՄԻՊ-ի ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարությունների մեջ։ Վերջինս նշում է, որ բոլորն էլ տեսել և իմացել են, թե ինչ է կատարվել, և շտապ օգնություն են զանգահարել։ Հետևաբար, ես այս պահին մեկնաբանություններ չեմ տա։

Ավելին, մյուս կողմի պաշտպանը՝ Ռուբեն Բալոյանը պնդում է, որ տեղյակ է պահել շարասյան ղեկավարին, շտապ օգնություն են կանչել, այսինքն՝ բոլորն էլ տեղյակ են եղել տեղի ունեցածի մասին»։

Փաստաբանը նաև ընդգծեց, որ այն անձինք, ովքեր մեղադրում են այլոց դեպքը քաղաքականացնելու մեջ, հենց իրենք են քաղաքականացնում այն նման հայտարարություններով։

«Մենք առաջարկում ենք զերծ մնալ քաղաքական հայտարարություններից և դրա վրա քաղաքական դիվիդենտներ չշահել։ Գործը բացառապես իրավական ընթացակարգերով է գնալու և իրավական ընթացակարգերի մեջ իր լուծումը ստանալու է»։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ վրաերթի ենթարկելուց հետո մեքենան մի քանի մետր առաջանալոց հետո կանգնել, հետո էլի առաջ է շարժվել։ Սա վկաայում է այն մասին, որ հրահանգ է եղել շարժվելու մասին։

Ասլանյանի դիտարկմամբ՝ խաչմերուկում գտնվող ոստիկանի գործողություններին նույնպես պետք է քրեաիրավական գնահատական տալ գործի ավարտական փուլում։

«Պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա նաև հատուկ նշանակության մեքենաների ավտոշարասյան ղեկավարը։ Կառավարության որոշմամբ շարասյան ղեկավարը անձնական պատասխանատվություն է կրում շարասյան գործողությունների համար, այդ թվում՝ շարասյան արագության համար։ Հետևաբար, այս ամենը քրեական գործի ընթացքում պետք է վեր հանվի ու գնահատականների արժանանա»։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ որևէ նորմ, ըստ որի՝ պետական պաշտոնյանի շարասյունը չպետք է կանգներ, փաստաբանը պարզաբանեց, որ չկագնելու որևէ իրավական նորմ չկա։

«Ավելին, խաչմերուկը կարգավորող ոստիկանը, եթե շարասյան որևէ ավտոմեքենայի պատճառով վթար է լինում, պետք է վթարի հեղինակ ավտոմեքենայի վարորդի տվյալներն իր մոտ ֆիքսի, նոր միայն բաց թողնի, եթե առողջությանը վնաս չի պատճառվել։ Հակառակ պարագայում՝ ընթացքը պետք է կասեցվի։ Չկա ընթացակարգ, երբ կարելի է անձին ավտոմեքենայի տակ գցել, թողնել նրան անօգնական ու ամբողջ շարասյունը շարունակի սլանալ։ Դա ոչ միայն իրավաբանության, այլև տրամաբանության կանոններին է հակասում, նման նորմ չի կարող լինել իրավաբանության մեջ»։