Ուկրաինան և Ադրբեջանը հայտարարել են, որ չեն ճանաչում հարավօսական ընտրությունները
copy image url

Ուկրաինան և Ադրբեջանը հայտարարել են, որ չեն ճանաչում հարավօսական ընտրությունները

Արտաքին 3 տարի առաջ - 17:37 11-04-2022
Ուկրաինայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները պաշտոնապես հայտարարել են, որ չեն ճանաչում Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունները։

Կիևն ընդգծել է, որ անօրինական ընտրությունները ՌԴ-ի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթումը լեգիտիմացնելու նպատակ են հետապնդում։

«Ռուսաստանի կողմից անօրինական քվեարկության անցկացումը վրացական օկուպացված տարածքներում՝ Ուկրաինայի տարածք ռուսական բանակի ներխուժման շարունակման ֆոնին, կարող է հանգեցնել Սև ծովի տարածաշրջանում անվտանգության իրավիճակի էական սրման և հետագա հիմքեր ստեղծել Վրաստանի դեմ նոր ագրեսիա թույլ տալու համար»,- ասված է հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ուկրաինան հավատարմորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Հայտարարության մեջ համոզմունք է հայտնվում նաև, որ ՌԴ-ի դեմ կոշտ պատժամիջոցները և դրանց անշեղորեն հետևելը կնպաստեն ինչպես Վրաստանի, այնպես էլ Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուտափույթ վերականգնմանը: