Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականները նրանից թաքցնում են Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերի իրական հաջողությունների մասին ճշմարտությունը։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային, որն անանունության պայմանով զրուցել է լրագրողների հետ։
Վարչակազմի պաշտոնյայի խոսքով, Պուտինից, մասնավորապես, թաքցնում են պատերազմական գործողություններին ժամկետային զինծառայողների մասնակցելու և նրանց զոհվելու դեպքերի մասին տեղեկությունները։ ՌԴ նախագահը բազմիցս հայտարարել է, որ այսպես կոչված հատուկ գործողությանը մասնակցում են միայն պայմանագրային զինծառայողները, սակայն ՊՆ-ն հետագայում խոստովանել է, որ Ուկրաինայում նաև ժամկետային զինծառայողներ են եղել, որոնց մի մասը գերի է ընկել։ ՌԴ ՊՆ-ն հավաստիացրել է, որ նրանք բոլորն արդեն Ռուսաստանում են։
Նաև, ըստ ամերիկացի պաշտոնյայի, Պուտինից փորձում են թաքցնել ՌԴ տնտեսությանը արևմտյան պատժամիջոցների հասցրած վնասի չափը։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան ասել է, որ Պուտինի շրջապատը «վախենում է նրան ասել ճշմարտությունը»: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Պուտինը զգում է, որ զինվորականներն առնվազն փորձում են իրենից թաքցնել առաջնագծում առկա խնդիրները, որն, ըստ ամերիկացի պաշտոնյայի, արդեն իսկ հանգեցրել է նախագահի և զորահրամանատարների միջև լարվածության աճի։