Ներքին 4 տարի առաջ - 21:15 24-03-2022

ԱԺ աշխատակազմի միանման հագուստին՝ 1,7 մլն ՀՀ դրամ, մաքրուհիներին՝ յուրաքանչյուր սենյակը մաքրելու համար՝ 80 դրամ

2022թ․ հունվարի 17-ին մեկնարկած ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի նիստերին խորհրդարանի որոշ կին աշխատակիցներ սկսել են ներկայանալ միանման հատուկ համազգեստով։ Ազգային ժողովի նիստերը սպասարկող աշխատակիցների համար պատվիրվել է բաճկոն, տաբատ, վերնաշապիկ և կիսաշրջազգեստ, որի ընդհանուր գումարը կազմել է 1,716,000 ՀՀ դրամ, որը հատկացվել է ՀՀ ԱԺ-ի բյուջեի միջոցների հաշվին։ Սա այն դեպքում, երբ ԱԺ մաքրուհիները, որոնց աշխատանքը սկսվում է առավոտյան 06:00-ից, ստանում են ընդամենը 42 հազար ՀՀ դրամ։

Դեռևս 2018 թ․ դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել էր պայմանագիր, ըստ որի` կատարող ընկերությունը ստանձնում էր ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը, սակայն մեկ տարի անց եղան դրույքաչափի և աշխատավարձի կրճատումներ, ինչը զայրույթ առաջացրեց աշխատակիցների շրջանում։ Որոշները դուրս եկան, որոշներն էլ՝ համակերպվեցին նոր «տերերի»՝ «Ա Կա- 3» կազմակերպության տնօրեն Արսեն Բաղդասարյանի «օրենքներին»։

Oragir.news-ը կապ հաստատեց ԱԺ մաքրուհիների հետ՝ հասկանալու, թե արդյոք ստանում են ճիշտ ժամանակին աշխատավարձ այն դեպքում, երբ ԱԺ աշխատակազմի համար հատուկ միանման հագուստների համար ԱԺ պետբյուջեն տրամադրում է այդքան գումար, ովքեր պատասխանեցին, որ ստացել են աշխատավարձ, բայց խնդիրներով, քանի որ ուշացումներ են եղել, օրինակ՝ մարտ ամսվա գումարը փոխանցել են մարտի 17-ին, անցյալ ամիս՝ 16-ին՝ ուշացումով։

«Ամսի 1-ին ստանում են ԱԺ աշխատակիցները, բայց քանի որ մեզ տվել են ֆիրմայի, ֆիրման կատարողականը բերում է, ԱԺ-ն՝ նայում, փոխանցում է գումար։ Մենք մինչև ամսի 10-ը նախկին ֆիրմայի հետ ստացել ենք աշխատավարձ, իսկ այս ֆիրմայի հետ փետրվար ամսին բավականին խոչընդոտներ ու խոսակցություններ եղան։ Ստեղ դիմել, ընդեղ դիմել, մի կերպ ստացանք։ Երկու ամիսն էլ նույն ձևով ենք ստացել, նախ այս նոր ընկերությունը մեր աշխատավարձն է կրճատել՝ հիմա դարձել է 42 հազար, հիմա եթե դուք զանգեք այդ ընկերություն ու ասեք, թե ինչքանով եք աշխատավարձ ստանում, կասեն, որ այդքան։ Որ բողոքում ենք, ասում են՝ բա երկու ժամ եք աշխատում։ Ես առավոտյան ժամը 6-ից գալիս եմ աշխատանքի, փողոցում ոչ երթուղային կա, ոչ բան, տաքսիով եմ գալիս աշխատանքի, դա գիշերային հերթափոխ է համարվում, էդ 42 հազար դրամն իրենք տալիս են երկու ժամվա համար»։

Մեկ այլ մաքրուհի մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքել ու գնացել է աշխատակազմի տեղակալի մոտ. «Աշխատակազմի տեղակալին ասացի, որ մեր աշխատավարձը ձեր մեկ կոշիկի թայն ա։ Մեր աշխատավարձը Ալեն Սիմոնյանի կոշիկի շնորոկն էլ չի անում, ու ոնց եք դա տալիս, որ մենք մի ամբողջ ամիս ապրենք։ Էլ Մաճկալյանին, Խանզադյանին ասել ենք, իրենք զանգել են նորերի վրա ջղայնացել են, տեղ չմնաց, որ չդիմեցինք, պատճառաբանեցին, թե բանկի հետ խնդիրներ ունեն՝ առաջին ամիսն ա, երկրորդ ամիսը էլի ուշացրին․ 17-ին տվեցին»։

Մաքրուհին մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ 2-րդ հարկի ամբողջ 10 սենյակը մաքրելու համար ԱԺ աշխատակազմը համարում է, որ յուրաքանչյուր սենյակը մաքրելն արժե 80 դրամ. «Եթե միջանցքը համարում է մեկ դրույք՝ 42 հազար, 20 հազար դրամ էլ հաշվում է 10 սենյակը, 20 օրը անում է 1000 դրամ, դե էլ որ բաժանենք 10 սենյակի՝ կլինի 100, անգամ՝ 80 դրամի կարգի։ Իսկ մենք երկու հոգով խոսեցինք, կռվեցինք իրենց հետ, մեր բաժինները վերցրին մեր ձեռքից, ասեցին՝ դե գնացեք, էդ ա, պետք է մեզ մոտ 10 աշխատակից էլ բերեին, հիմա 40 հոգի ենք։ Պետք է 10 փոշեկուլ բերեին, բերել են 5 փոշեկուլ, ապրանք ենք ուզում, չեն տալիս, էնքան են ձգձգում։ Նախկիններն այդպես չէին անում, մի ապրանք որ ուզում ենք, տալիս են, մենք կյանքում այսքան ոտնահարված չենք եղել, ո՞նց կարելի է աշխատատողին այդքան նվաստացնել, մենք շատ վիրավորված ենք, ում դուռը գնում ծեծում ենք, ասում են՝ չեղարկեք պայմանագիրը։ Նոր «շեֆը» ինչ-որ մեկի ծանոթն է, դրա համար էլ տենդերը շահել է, պայմանագիրը կնքել են երեք ամսով»,- վրդովված պատմեց աշխատակիցը։

Փաստորեն, եթե Հայաստանի ներկայիս վիճակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու մի քանի ՔՊ-ական պատգամավորներ կասկածելի ֆինանսավորմամբ մեկնում են հունական թանկարժեք կղզում հանգստանալու, ապա ոմանք էլ կարող են հագուստ ու կոշիկ պատվիրել պետբյուջեի հաշվին՝ նվաստացնելով իրենցից շատ աշխատող, բայց քիչ վարձատրվող նույն հարկի տակ աշխատող աշխատակիցներին։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել