copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:34 01-04-2022

Իշխանական ստերը սուտ են միանման, բայց լկտի են յուրովի. «լկտի ստերի» թոփ տասնյակ

Կորյուն Սիմոնյան

Լրագրող

Ապրիլի 1-ին ողջ աշխարհը նշում է Երգիծանքի և հումորի օրը: ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ՝ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր: Հանրության շրջանում, սակայն, այս օրը այդպես էլ մնաց որպես «խաբելու օր»։

2018 թվականից, երբ Հայաստանում սուտն ու խաբեությունը պետական հիմքերի վրա դրվեցին, իսկ 2020 թվականի կործանարար պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո էլ նոր բարձունքներ ու հորիզոններ նվաճեցին, այս օրը կարելի է վստահաբար անվանել նաև «լկտի ստի» օր։

«Լկտի սուտ» բնորոշմամբ էր պաշտպանության նախարարությունը պատերազմի ընթացքում և դրանից հետո բնութագրում մամուլի հրապարակումները, որոնք ամբողջովին «լկտի ճշմարտություն» էին։ Դրանից հետո էլ Հայաստանի իշխանությունները շարունակեցին «լկտի ստի» իրենց հաղթարշավը։ Ստորև ներկայացնում ենք իշխանականների «լկտի ստերի» հնգյակ։
10. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստացել էր հրաժարական տալ, եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի։ 2021 թվականը եկավ ու անցավ, երկնիշ տնտեսական աճ այդպես էլ չեղավ, իսկ Քերոբյանը դեռ իր պաշտոնին է։ Այս առիթով նա ասել էր, որ հրաժարականի խոստումը ընդամենը կատակ էր: Այնուհետև խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հետևյալ մեկնաբանությունն էր արել. «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»:

9. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջների մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը նման պահանջներ էր ներկայացրել՝ իր տարածքային ամբողջականության մեջ ներառելով նաև Արցախը, սակայն պարզվեց, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը երբևէ Արցախը, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, չեն ճանաչել, ավելին՝ ասել են, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։

8. 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել էր. «Մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու», սակայն 2022 թվականի հունվարի 1-ից ջուրը թանկացավ 20 դրամով։

7. 2021 թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Արմեն Ռուստամյանի հարցին, թե մինչև ե՞րբ են բանավոր պայմանավորվածություններով Հայաստանի համար կենսական նշանակության զիջումներ անելու, ասաց. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել։ Եվ այն նարատիվը, որ կան բանավոր պայմանավորվածություններ՝ ինչ-որ գաղտնի, ավելի մեծ անհեթեթություն չի կարելի պատկերացնել»։ Սակայն դրանից ուղիղ 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլիի ու Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, այդ համատեքստում եղել է բանավոր ըմբռնում, որ մենք այդտեղ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք»։

6. 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արմավիրում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների մասին, ասաց հետևյալը. «Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»։ Փաշինյանի այս խոսքերից գրեթե 8 ամիս է անցել, իսկ մեր տղաները դեռ Բաքվի բանտերում են։ Նրանց վերադարձի մասին իշխանականներից այլևս գրեթե ոչ ոք չի խոսում, իսկ անկախության և ինքնիշխանության մակարդակը բոլորի աչքի առջև է։

5. Մինչ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ իր իշխանության գալու պարագայում բուհերն ամբողջովին ապաքաղաքական են լինելու, դադարելու են լինել կուսակցական բջիջներ։ Այժմ ԵՊՀ հոգաբարձուների նախագահը «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է։

4. Տավուշում սահմանային իրավիճակի սրացումների օրերին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր իր օրոք գնված «Սու-30СМ» ինքնաթիռներից տեսանյութով՝ գրելով. ««Սու-30СМ»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»։ Հետագայում պարզվեց, որ այդ կործանիչների հետ միասին զինամթերք չէր գնվել, դրանք չունեին մարտական հրթիռներ, հետևաբար այդ ինքնաթիռները ի վիճակի չէին մարտական հերթապահություն իրականացնելու։

3. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբը պատերազմի ժամանակ լքել է դիրքերն ու փախել, սակայն հետագայում Գլխավոր շտաբն ու դատախազությունը հերքեցին Փաշինյանի այս հայտարարությունը՝ ասելով, որ Վանեցյանի ու նրա ղեկավարած զորախմբի կողմից դասալքության որևէ դեպք չի գրանցվել։

2. 44-օրյա պատերազմի ձախողումներն արդարացնելիս Նիկոլ Փաշինյանը մի զվարճալի հայտարարություն էր արել, որը նույնիսկ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին էր զվարճացրել։ Փաշինյանն ասել էր, որ «Իսկանդերը» 10 տոկոսով է պայթել։ Հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ «Իսկանդերը» 10 տոկոսով պայթի, Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղել էր, հետո նոր պատասխանել. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք, սա լուրջ չէ, չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ»։
1. Առաջին հորիզոնականում, բնականաբար, Արծրուն Հովհաննիսյանի հայտնի «հաղթել ենք» արտահայտությունն է, որը նա կրկնում էր մինչև նոյեմբերի 9-ի գիշերը։ Հանրության համար այդ գիշերը պարզ դարձավ, որ 44 օրերի ընթացքում ոչ միայն չենք հաղթել, այլև կնքել ենք խայտառակ կապիտուլյացիա։

Իհարկե, այս տասնյակով չեն սահմանափակվում իշխանական ստերը, այս տասնյակը նույնիսկ չի էլ հավակնում «ամենալկտիի» տիտղոսին, որովհետև, ինչպես ասում է հին հայկական ասացվածքը, իշխանական ստերը սուտ են միանման, բայց լկտի են յուրովի։

Կորյուն Սիմոնյան