copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:14 23-03-2023

ՍԴ-ում չկա Սեդա Սաֆարյանի հարցի շուրջ միանման դիրքորոշում ունեցող 3 դատավոր


Ըստ էության՝ ԱԺ-ում քննարկման ընթացքում բոլոր պատգամավորները համաձայնեցին այն հանգամանքի հետ, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել խախտում, իրենք էդ խախտումը որակեցին ձևական, մինչդեռ այս որակումը տալու իրավունքը պատկանում էր Սահմանադրական դատարանին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«ՔՊ-ն փաստորեն հրաժարվեց Սաֆարյանի գործն ուղարկել Սահմանադրական դատարան՝ չմասնակցոլով քվեարկությանը, այդպիսով ավելի հաստատելով, որ խախտումը տեղի է ունեցել և մեծ է հավանականությունը, որ ՍԴ հասնելու դեպքում Սեդա Սաֆարյանի լիազորությունները կդադարեցվեր։

Իրենք, ըստ էության, հաստատելով, որ Սաֆարյանը խախտում է արել, բայց նրա լիազորությունները չեն դադարեցնում՝ նրան ավելի շատ քաղաքական կախվածության մեջ գցեցին»։

Հարցին, թե արդյոք ՍԴ 3 դատավոր չունե՞ն լիազորություն հարցը ՍԴ-ում քննարկման ներկայացնելու՝ նա նշեց, որ այն հիմքը, որ իրենք ներկայացրել էին՝ կապված անհամատեղելիության կանոնի խատման հետ, ընդհանրապես դատավորի լիազորություննների խախտման հետ, միակ մարմինը, որ կարող է լիազորությունների դադարեցման համար դիմել՝ Ազգային ժողովն է։

«Դրա համար էլ մենք դիմել էինք հենց ԱԺ-ին։ Այլ տարբերակ չկա։ ՍԴ դատավորները կարող են քննարկման դնել Սաֆարյանին կարգապահական տույժ, նկատողություն տալու հարցը, եթե մինչև հիմա չեն արել՝ նշանակում է ՍԴ-ի 3 դատավորներ չեն հավաքվել էդ հարցի շուրջ, որ նախաձեռնեն գործընթաց, եթե մինչև հիմա 3 դատավոր չի գտնվել, որ նման նախաձեռնության հանդես գա, կարծում եմ՝ էլ չեն էլ անի։ Այսինքն, կարող ենք ասել, որ ՍԴ-ում չկա 3 դատավոր, որ էդ հարցի շուրջ մի դիրքորոշում ունենա»։

Նա ընդգծեց, որ եթե մինչև հիմա ԱԺ-ն կարող էր կասկածել՝ այդ խախտումը կա, թե չկա, հիմա Ազգային ժողովի, այդ թվում իշխող ու հատկապես իշխող պատգամավորների կողմից եղան հրապարակային դիրքորոշումներ, որ խախտումը տեղի է ունեցել։

Հարցին՝ ինչու չի գտնվում 3 դատավոր, որ նման նախաձեռնությամբ հանդես գա՝ նա ասաց, որ պատճառները կարող են տարբեր լինել, սկսած իշխանության հետ չթարսվելը, մինչև ցանկության բացակայություն կամ գործընկերոջը չվնասելու խնդիր։

«Կարող է բոլորն էլ ունեն ինչ-ինչ խնդիրներ, որոնց պատճառով էլ չեն ուզում, որ իրենցով զբաղվեն։ Այսպիսով, հերթական անգամ վերահաստատվեց, որ Սահմանադրական դատարանի հեղինակության լուրջ անկում կա»։

Բաբայանը նաև ընդգծեց, որ այսպիսով քաղաքական իշխանությունը մի վատություն ևս արեց Սեդա Սաֆարյանին։ «Մասնավորապես, եթե ապագայում ՍԴ դիմած գործերից որևէ մեկով ես, Սոս Հակոբյանը կամ «Հայաստան» խմբակցության անդամներից որևէ մեկը ներգրավված լինի որպես ներկայացուցիչ լինենք՝ նա պետք է իրավունք չունենա այդ գործերով մասնակցելու վարույթներին։ Քանի որ մենք հիմնավորել ենք, որ նա թույլ է տվել անհամատեղելիության խախտում, որը հաստատվել է ՔՊ խմբակցության անդամների կողմից և այդ հարցին որոշում չի տրվել։

Այսինքն, Սեդա Սաֆարյանն այդպիսով միշտ կանգնած է լինելու անհամատեղելիության սկզբունքը խախտած լինելու կասկածանքի տակ։ Մինչդեռ, եթե իշխանությունը ՍԴ հեղինակությամբ հետաքրքրված լիներ՝ կուղարկեր գործը ՍԴ։ Այդ դեպքում, միգուցե, վերջնականապես կփարատվեր այդ կասկածը և ՍԴ-ն որոշում կընդուներ, որ չի կատարվել նման խախտում, ու որևէ մեկն այլևս իրավունք չէր ունենա իրավական մասնագիտական դաշտում հակառակը պնդել ու այդ հարցը կփակվեր»։