«Ժողովրդավարության» ծխածածկույթ. Փաստ
copy image url

«Ժողովրդավարության» ծխածածկույթ. Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:10 12-03-2022

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմից հետո Փաշինյանը, հղում կատարելով տարբեր միջազգային գնահատականների ու զեկույցների, հաճախ է շեշտում, թե Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից առաջընթաց է ապահովել։ Հարկ է հիշել, թե ինչպես էր «Հանուն ժողովրդավարության» համաժողովի ընթացքում Փաշինյանը ծավալուն «լեկցիա» կարդում այդ մասին։ Հիմա էլ հերթական անգամ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հատուկ ընդգծեց, թե «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած զեկույցում ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ որպես «ընտրական ժողովրդավարություն»: Եվ, նրա խոսքով, այդպիսով Հայաստանը մուտք է գործում ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։

Դե, հայաստանցիներին կարգին զվարճացրեց, սակայն այստեղ էականը նման «զվարճանքի» խորքային պատճառներն են: Փաշինյանը իշխանափոխությունից հետո անընդհատ փորձում է ինչ-որ կերպ իր իշխանությունը ներկայացնել աշխարհին, ավելի ստույգ՝ կոնկրետ Արևմուտքին, ու ստացվում է հաշվետվության նման մի բան։ Սկզբում նա «հեղափոխության բրենդով» էր ներկայանում միջազգային հանրությանը, սակայն այդ «բրենդն» այլևս վարկաբեկվել ու մաշվել է, ու նրա վերջին հույսը մնացել է միայն ժողովրդավարությունը։ Նա նաև այս թեման օգտագործում է նաև որպես ներքին սպառման նյութ, քանի որ երկիրը կապիտուլ յացիայի տարած ղեկավարը ոչինչ չունի ասելու հանրությանը։ Սակայն անընդհատ ժողովրդավարության մասին խոսելը դեռևս չի նշանակում, թե Հայաստանում վերջնականապես ժողովրդավարությունը արմատավորվել ու դարձել է քաղաքական կյանքի կազմակերպման հիմնական ձև, իսկ դատարկ արձանագրումները իրավիճակի ոչ մի փոփոխություն չեն նախատեսում։

Հետաքրքրական է, որ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ամիսներ առաջ ահազանգել էր Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության հետընթացի մասին։ Իսկ որոշ կառույցներ էլ Հայաստանում հաստատված քաղաքական համակարգը մինչև վերջերս դիտարկում էին «հիբրիդային ռեժիմի» առկայության տեսանկյունից։ Սակայն Հայաստանում ժողովրդավարության վիճակն իրականում անհամեմատ ավելի վատ է, քան ներկայացվում է միջազգային տարբեր հարթակների կողմից։ Ընդ որում, նույնիսկ այդքան քննադատված նախկինի համեմատ է հետընթացն ակնհայտ: Բոլորիս աչքի առաջ Հայաստանում ցանկացած քննադատության խոսք հարձակումների է ենթարկվում առնվազն ֆեյքային մակարդակով, հիմա արդեն՝ Քրեական օրենսգրքի հանգվույն, ընդդիմադիրները քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում, իսկ ժողովրդավարական ինստիտուտները մինչև հիմքերը քայքայվում են, որի արդյունքում իշխանության ճյուղերի միջև հակակշիռները վերացել են՝ նպաստելով մեկ անձի ձեռքում իշխանության գերկենտրոնացմանը։

Բայց գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ են որոշ արևմտյան կառույցներ հենց ներկա իրողությունների պայմաններում հաճախ հիշում, որ Հայաստանը ժողովրդավարության «բարձրագույն լիգայում» է։ Եթե այդ կառույցները և դրանց հետևում կանգնած պետությունները հանդես են գալիս պետությունների ժողովրդավարության և ինքնիշխանության պաշտպանության դիրքերից, ապա ինչո՞ւ ծպտուն անգամ չեն հանում, երբ բռնապետական Ադրբեջանը ներխուժել է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածք ու փորձում է այն բռնազավթել։ Ավելին, երբ Ադրբեջանը խախտում է արցախահայության և ՀՀ սահմանամերձ բնակչության ամենատարրական իրավունքները, ինչո՞ւ մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարցում իրենց առաջամարտիկ հայտարարած կառույցները որևէ ձայն չեն հանում, չեն դատապարտում Ալիևի հանցագործությունները և իրենց լռությամբ լույս են վառում հետագա եղեռնագործությունների համար։

Գործ ունենք պարզ թողտվության հետ, այնինչ, եթե Ադրբեջանի փոխարեն մի ուրիշ պետություն նման գործելակերպ որդեգրեր, ապա ժողովրդավարական արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող կառույցները անգամ պատժամիջոցներ սահմանելու ու ֆինանսական հոսքերից կտրելու հարց կբարձրացնեին։ Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունների հռչակած կարգախոսներն ու սկզբունքները կեղծ են ու բխում են իրենց բնորոշ երկակի ստանդարտներից, և ժողովրդավարական արժեքները ծառայեցվում են միայն իրենց աշխարհաքաղաքական շահերին։ Իսկ սա նշանակում է, որ այդ կազմակերպություններն իրենց դիրքորոշումներում անաչառ չեն, և նրանց կողմից հնչած գնահատականները միշտ բազմաթիվ հարցականներով պետք է ընդունել։ Դրա արդյունքում է, որ հավաքական Արևմուտքի մաս կազմող երկրներին ոչ թե հետաքրքրում է, որ Ադրբեջանում հանցագործ բռնապետական համակարգ է գործում, այլ նրանց ողջ ուշադրությունը կենտրոնացած է նրա վրա, թե ինչպես կարելի է Ադրբեջանի նավթն ու գազը անվտանգ հասցնել Եվրոպա։

Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանին սիրաշահում՝ «ժողովրդավարության աստղ» անվանելով։ Ամբողջ հարցն այն է, որ դրանով արևմտյան կառույցները նպատակ ունեն աջակցել ՀՀ գործող իշխանություններին, քանի որ, ինչպես շատերն են Հայաստանում արձանագրում, Փաշինյանը մեծ հոժարությամբ արտաքին ուժերի շահերն է սպասարկում, այլ ոչ թե մեր երկրի։ Հենց դրանով է պայմանավորված, որ արտաքին ուժերը աչք են փակում իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի վրա և իրենց գնահատականներով փորձում են պայմաններ ստեղծել, որ Փաշինյանն ու նրա թիմը հնարավորինս երկար մնան իշխանության։ Հարցն այն է, որ միայն այդ դեպքում ՀՀ-ն չի ունենա իր սեփական օրակարգը սպասարկող իշխանություն, իսկ արտաքին խաղացողները մեր տարածաշրջանում առավել հեշտությամբ թելադրողի դեր կստանձնեն և առանց որևէ դիմադրության առաջ կմղեն միայն իրենց շահերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում