Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:25 15-02-2022

Գնամ, ո՞ւմ ինչ բացատրեմ, մենք տարբեր լեզուներով ենք խոսում, իրար չենք հասկանում․ Մովսես Հակոբյան

Իշխանությունները 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով են ստեղծել, որն, իբրև, պետք է լույս սփռի պատերազմի պատճառների ու հետևանքների վրա։ Ընդդիմությունը բոյկոտել և չի մասնակցում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ ասելով, որ այդ հանձնաժողովը ի վիճակի չէ օբյեկտիվ քննություն իրականացնելու, և Նիկոլ Փաշինյանին սրբագործելու, մաքրելու առաքելություն ունի։

Ըստ խորհրդարանական ընդդիմության՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունքը ընդդիմությանն է, և հենց նրանք պետք է ձևավորեին հանձնաժողովը։ Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցեց Զինված ուժերի Գլխավոր և ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե, իր կարծիքով, ի՞նչ վերջնարդյունք կտա այդ հանձնաժողովի գործունեությունը, արդյոք այն օբյեկտիվ կքննի՞ պատերազմի հանգամանքներն ու լույս կսփռի՞ դրա պատճառների, հետևանքների վրա, կբացահայտի՞ իրական մեղավորներին։

Գեներալ Հակոբյանը պատասխանեց, որ ինչ արդյունք Քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը տվեց, նույնն էլ տալու է 44-օրյայինը․ «Չեմ կարող ասել։ Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները պա՞րզ էին, հետևություններ արե՞լ են․․․, նույնը լինելու է 44-օրյայի դեպքում՝ 11 աստիճան ավել կամ պակաս»,- պատասխանեց Հակոբյանը։

Հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի, որ ընդդիմությունը բոյկոտել ու չի մասնակցում, գեներալ Հակոբյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, դրանք քաղաքական որոշումներ են»։ Մովսես Հակոբյանին հարցրինք նաև՝ ինքը հրավիրվե՞լ է այդ հանձնաժողով՝ անդամների հարցերին պատասխանելու՝ նկատի ունենալով, որ պատերազմի սկզբնական հատվածում ներգրավված է եղել պատերազմական գործողություններին․ «Չեն կանչել, որ կանչեն էլ, չեմ գնա։ Գնամ ո՞ւմ ինչ բացատրեմ, մենք տարբեր լեզուներով ենք խոսում, իրար չենք հասկանում»,- պատասխանեց գեներալ Հակոբյանը։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված