Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 18.274-ով, ինչը դարձել է առավելագույն ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր։ Այս մասին հաղորդել են Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնում։ Մասնագետները նախազգուշացրել են, որ «օմիկրոն» շտամի տարածման հետ մեկտեղ վարակման թիվը կտրուկ կաճի: Օրական հայտնաբերված դեպքերի քանակով նախորդ առավելագույնը գրանցվել է հունվարի 26-ին և կազմել 17.530։
Այսօրվա տվյալները ստացվել են ավելի քան 84,6 հազար թեստերի անցկացման հիման վրա։ Այսպիսով, օրական հայտնաբերման ցուցանիշը կազմել է 21,56%, երկու շաբաթվա համար՝ 18,99%, յոթ օրերի համար՝ 22,67%։ Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան ավելացել է՝ հասնելով 1.145.508-ի։
Եվս 41 պացիենտ մահացել է կորոնավիրուսից: Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահացածների ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 14.911։