Ներքին Ուղիղ խոսք 2 տարի առաջ - 11:26 22-01-2022

Թուրքերը Հայաստան չեն գալու տուրիզմի համար, այլ՝ ծառայություններ են ստանալու. Թևան Պողոսյան

Քաղաքագետ Թևան Պողոսյանը Oragir.news-ի հետ զրուցել է արդեն գործնական փուլում գտնվող Թուրքիայի հետ հարաբերությունների, Մոսկվայի՝ հայ և թուրք բանագնացների հանդիպման, Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու հետագա ընթացքի, Ադրբեջանի նախագահի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում արված հայտարարության, ՀՀ իշխանությունների՝ ՄԽ համանախագահներին Երևան չհրավիրելու մասին:

Թուրքիայի հետ բանակցությունների գործընթացն առաջին անգամ չէ, որ նման ձևով է ընթանում և հարցն այն է, որ հիմա մենք պետք է հիմքեր ունենանք հասկանալու, թե Թուրքիան ի՞նչ վարքագիծ է ցույց տալիս։ Բացի այդ՝ մի քանի անգամ նշել է, թե ի՞նչ նախապայմաններ ունի, բացի հայտնի այն քաղաքական մոտեցումներից, որ Ցեղասպանությունից կհրաժարվեք և եթե նույնիսկ այս գործընթացը երկար գնա՝ միևնույն է, մեծ սպասելիք չունեմ, որ Թուրքան առանց Ադրբեջանի ինչ-որ քայլեր կանի։

Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում օրերս սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»,- ասել էր նա:

Ալիևի այս հայտարարության ֆոնին ԵԱՀԿ գործող նախագահությունը վերահաստատել էր իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

«Եղել է ՌԴ ներկայացուցչի արձագանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելել տարածաշրջան, իրենց աչքերով չեն տեսել առկա իրավիճակը և չեն ներգրավվել հումանիտար խնդիրների քննարկման գործում։

Բայց նրանք մոռացել են մի բանի մասին՝ քննարկելու կոնֆլիկտը։ Փաստորեն, նույն ԵԱՀԿ-ն դեռ նրբանկատ ձևով խոսում է այն մասին, որ խնդիրը կա, բայց այլևս չի օգտագործում, օրինակ, գլխավոր սկզբունքների անվանումը։ Չեն ասում, որ ցավում են, որ չկարողացան գլխավոր սկզբուքներից մեկը՝ ուժի չկիրառման մասին, կյանքի կոչել»,- ասաց մեր զրուցակիցը։

Թևան Պողոսյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, սեփական շահերից ելնելով, դեռ պահում են հնարավորությունը, բայց դրա հետ մեկտեղ՝ չեն այցելում տարածաշրջան՝ դրանով իսկ նպաստելով Ալիևի հայտարարություններին։

«Այստեղ հարց է ծագում. իսկ ի՞նչ են անում Հայաստանը և Արցախը։ Մենք պետք է հասկանանք, որ հայկական երկու պետություններն այստեղ անելիք ունեն։ Առաջինը, ոչ միայն ողջունելու այն միտքը, որ լավ կլինի՝ ՄԽ համանախագահներն այցելեն և հարցերի շրջանակ քննարկեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Իմ պատկերացմամբ՝ ԱՀ իշխանություններն այսօր պետք է անպայման արձագանքեին և ասեին՝ ՄԽ համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան, որովհետև նաև Արցախի իշխանություններն ասելիք ունեն», - ասաց քաղաքագետը։

ՀՀ իշխանությունները, Պողոսյանի խոսքով, պետք է հայտաարեն, որ եթե ՄԽ համանախագահները չեն կարողանում այցելել Բաքու, ապա կարող են հանգիստ այցելել Երևան։

«Ուզում են՝ թող կոնֆերանս, սեմինար կամ աշխատաժողով անեն և հրավիրեն, որ համանախագահնները գան այստեղ։ ՀՀ իշխանությունները կարող են պաշտոնական հրավեր ուղարկել Արցախի իշխանություններին՝ նույն օրերին գտնվելու Երևանում և հանդիպելու ՄԽ համանախագահների հետ։ Իսկ միգուցե համանախագահները նաև արցախցի փախստականների հետ հանդիպեն։
Եթե գործողությունների դիմելու ցանկություն լիներ, հազարավոր բաներ կարելի էր անել։

ՄԽ համանախագահներն այն երկրների ներկայացուցիչներն են, որոնք խնդիր չունեն այցելելու Ստեփանակերտ և այդ օրը կանեին դա։ Բայց մենք նպաստո՞ւմ ենք, որ այդ օրը շուտ գա։ Ինչո՞ւ չստեղծել այդ հնարավորությունը։ Արդյոք մենք որոշել ենք, որ այլևս Արցախի հարց չկա։ Ցավում եմ, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործողություններ չեն անում, որոնք պետք է անեն»,- ամփոփեց խոսքը Թևան Պողոսյանը։

Քնարիկ Պետրոսյան