Մամուլ 4 տարի առաջ - 08:50 13-01-2022

«Կառավարությունում նստած մարդիկ ունակ չեն տեսնելու իրենց կայացրած որոշումների հետևանքները». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հունվարի 22-ից հանրային մի շարք վայրեր մուտք գործելիս քաղաքացին պետք է ունենա պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանն այս որոշումն անտրամաբանական է համարում:

«Այն սահմանափակումները, որոնք հետզհետե մտցնում է առողջապահության նախարարությունը, ստեղծում են մի քանի պրոբլեմ: Դրանք չեն արտահայտում առողջապահական իրավիճակի կարգավորման ոչ մի սկզբունք, որովհետև տրամաբանությունից զուրկ են և, համապատասխանաբար, չեն կարողանա արտահայտել բիզնեսի ու տնտեսական-սոցիալական կյանքի կարիքները: Առողջապահության նախարարությունն ուղղակի կատարում է ԱՀԿ-ի հերթական հրահանգները:

Բոլոր սահմանափակումներն ունեն ծանր հետևանքներ տնտեսական և սոցիալական առումներով: Դրանք սահմանափակում են տնտեսական կյանքը: Հակադարձում են՝ բերելով եվրոպական երկրների փորձը: Օրերս կիսվել եմ «Time» պարբերականի հոդվածով, որտեղ նշված է, թե ինչպես են խիստ սահմանափակումներ կիրառող երկրները հետևողականորեն սպանում ռեստորանային բիզնեսը: Հարց է առաջանում՝ ՀՀ-ն ուզո՞ւմ է պետական մակարդակով հետևի այդ ճանապարհին և սպանի ոչ միայն ռեստորանային, այլ նաև փոքր ու միջին բիզնեսը: Չգիտեմ՝ ինչ շարժառիթներով են դա անում զարգացած երկրները, բայց նրանք հետևյալ կերպ են վարվում՝ պետական սուբսիդիաներ են նշանակում, թոշակ և այս կերպ փորձում են լուծել սոցիալական հարցեր: ՀՀ-ն մտցնում է սահմանափակումներ՝ առանց դրանց հետևանքները մեղմելու սոցիալական դաշտում: Այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ տրամաբանություն կա այս գործողությունների մեջ:

Ակնհայտ տեսնում ենք, որ կառավարությունում նստած մարդիկ ունակ չեն տեսնելու իրենց կայացրած որոշումների հետևանքները: Վահան Քերոբյանը հայտարարում է՝ էկոնոմիկայի նախարար է աշխատել մեկ տարի, որ հույս տա բիզնեսին: Եղբայր, բիզնեսին պետք չէ հույս տալ, բիզնեսն ուզում է տեսնել գործունյա քայլեր, պետք չէ մեզ խաբել տնտեսական աճի թվերով, երբ բիզնեսի մարդիկ լինելով՝ ակնհայտ տեսնում ենք, որ ունենք դեգրադացիա, ոչ թե աճ: Հույս տվող նախարարներ մեզ ընդհանրապես անհրաժեշտ չեն: Չենք ուզում նախարարներ, որոնք սուպերնախարարության են վերածվել: Առողջապահության նախարարությունը սկսել է ոչ թե օրենքներով, այլ նախարարի հրամաններով կարգավորել հասարակական, սոցիալական և տնտեսական կյանքը:

Նորմալ երկրներում այս ամենն անցնում է օրենսդրական պրոցեդուրա, որպեսզի մասնակցենք քննարկումների, հասկանանք, որ եթե մեր շրջանառությունը սահմանափակվելու է, ենթադրենք՝ մեր բնագավառի 30 տոկոսը սնանկանալու է, ապա գործազուրկների նոր բանակին էկոնոմիկայի հույս տվող նախարարը ո՞ր հույսերով է կերակրելու: Կա՛մ այդ մարդիկ պրոֆիլային կրթություն չունեն, կա՛մ էլ կրթության պակաս ունեն, որ չեն կարողանում տեսնել հետևանքները: Ցանկացած սահմանափակում սահմանափակելու է մեր շրջանառությունը, որի արդյունքում շատանալու են սնանկությունները: 2021 թ.-ին արդեն ունեցել ենք մոտ 200 ռեստորանի կորուստ: 2021 թ.-ին պարենային գնաճն արդեն կազմել է 25 տոկոս: Կտրուկ վատթարանում է տնային տնտեսությունների ֆինանսական իրավիճակը, աշխատավարձերը չեն աճում այն տեմպով, որով աճում է ինֆլ յացիան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բարսեղյանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը