Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինայի հարցով փորձագիտական բանակցություններում ներգրավված պատվիրակության կազմը։ Դրանում կընդգրկվեն ԵՄ կառույցների և այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» երկրների ներկայացուցիչներ։
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Առաջնորդները համաձայնեցրել են Ուկրաինայի հարցով բանակցություններում մեր պատվիրակության կազմը։ Դրանում կընդգրկվեն ԵՄ կառույցները և «կամավորների կոալիցիայի» երկրները»,– Դուբլինում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսում ասել է նա։
Կոշտան նաև հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները «աջակցում են բանակցություններին»։
Ավելի վաղ Agence France-Presse գործակալությունը հայտնել էր, որ պատվիրակության կազմում կլինեն Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։
Այսինքն՝ նույն կազմը, որին թույլ չէին տվել մասնակցել Աբու Դաբիում կայացած բանակցություններին։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինականը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Բանակցությունների մեկնարկին ներկա են եղել նաև ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը և ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայեդ Ալ Նահայանը։ Չնայած Ֆրանսիայի պաշտոնյաների հայտարարություններին՝ եվրոպացիները բանակցություններին չեն մասնակցել։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եվրոպացիների հետ երկխոսության անհրաժեշտություն կառաջանա, երբ քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության համակարգի ապագայի հարցերը։