Երևան +15°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:43 09-12-2021

Պատվաստման համար հերթում կարող ես կորցնել և՛ առողջությունդ, և՛ արժանապատվությունդ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսը որոշել է մեզ հետ երկար մնալ, վերափոխվել, տարբեր շտամներով ներկայանալ: Կարծես քաղաքական որոշ գործիչներից լինի՝ ամեն ընտրությանն ինքը կա, ուղղակի տարբեր դեմքերով: 2022 թ.-ի մարտին երկու տարին կլրանա, ինչ վիրուսը Հայաստանում է, «իրեն շատ լավ է զգում», հեռանալ էլ չի պատրաստվում: Դրա դեմ պայքարի միակ տարբերակը ներկայումս համարվում է պատվաստումը, որը, հնարավոր է, չփրկի վարակվելուց, ուղղակի կօգնի հեշտ հաղթահարել հիվանդությունը: Ամեն դեպքում սրա մասին փաստում են առողջապահական գերատեսչությունը և փորձագետները: Չենք քննարկելու պատվաստման թեման, քանի որ կարծիքները տարբեր են՝ մեկը հստակորեն որոշում է պատվաստվել, մյուսը՝ մերժում հիվանդությունից պաշտպանվելու այս տարբերակը, երրորդն էլ չի ուզում... «չիպավորվել»:

Առողջապահության նախարարությունն ամենատարբեր խողովակները գործի դնելով՝ կոչ է անում պատվաստվել, հետևել հակահամաճարակային կանոններին: Իհարկե, այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք չենք ուշացել, հատկապես երկրորդ պահանջի մասով: Երբ 2020 թ.-ին վիրուսի ի հայտ գալու մասին խոսակցությունները սկսվեցին, ու այն դեռևս չէր հայտնաբերվել Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ էր անցկացնում մարզերում, վիրուսը «պինցետով էր հանելու», «տնական օղիով դեզինֆեկցիա էր անելու», առողջապահության համակարգի պատասխանատուն էլ խրոխտ կեցվածքով հայտարարում էր, թե սովորական տեսակի գրիպի հետ գործ ունենք, նույնն էլ ասում էր Փաշինյանը: Հետո մի բուռ երկրում այն սկսեց արագ տեմպերով տարածվել, մարդկանց մահվան պատճառ դառնալ: Լրջացա՞նք: Բնավ: Երկու բաց սահման ունեցող պետության դեպքում (գրեցի ու մեջս մի տեսակ կասկած ընկավ՝ այս առումով բան փոխվել է, թե՞ ոչ) կորոնավիրուսը նման տեմպերով տարածվելու իրավունք չուներ:

Տարածվեց, որովհետև «աննախադեպ» վատ ձևով կազմակերպվեց դրա դեմ պայքարը: Սահմանափակում էին, ասենք, զվարճանքի վայրերի գործունեությունը, հետո հասկանում, որ տնտեսությունը «վարի է գնում», վերացնում էին սահմանափակումները, հետո նորից սահմանափակում, կարծես երիցուկով «սիրում է, չի սիրում» են խաղում: Հիմա եկել, հասել ենք պատվաստման փուլին: Դեռ նախորդ ամիս որոշեցի՝ պետք է պատվաստվել: Պոլիկլինիկա չգնացի, վախենում եմ այդ հաստատությունից: Եթե պետք է բժշկի դիմեմ անգամ փոքր հարցով, նախընտրում եմ բժշկական վճարովի հաստատությունները: Ո՞ւր գնալ պատվաստվելու: Շրջիկ կայանը նախընտրեցի, ավելի կոնկրետ` կիրակնօրյա մի հաճելի առավոտ Աջափնյակից հասա Նոր Նորք՝ առողջ մնացած մի քանի նյարդաթելերս խնայելու և այս գործընթացի վրա ավելի քիչ ժամանակ ծախսելու համար: Սպասեցի իմ հերթին, մի քանի ստուգում, հետո պատվաստում: Ուղիղ մեկ ամիս անց պետք է ստանայի երկրորդ դեղաչափը:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված