Երևան +12°
copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 շաբաթ առաջ - 21:00 08-05-2024

Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէ․ նա կարող է շատ բան կորցնել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց հանրության նոր պատերազմով ահաբեկելու քաղաքականությունը, որպեսզի նույն հանրությունը չընդզեր թշնամուն կատարվող զիջումներ դեմ։ Այս քաղաքականությունը սկզբնական շրջանում ծառայում էր նպատակին, քանի որ հասարակությունը, որին իշխանական քարոզչամեքենան 44 օր շարունակ կերարկում էր «հաղթելու ենք», «հաղթում ենք», «Գյոռբագյոռ-2020» և նմանատիպ այլ թեզերով, պատերազմի աղետալի հետևանքներին առերեսվելուց հետո տևական ժամանակ գտնվում էր շոկի մեջ, սարսափում էր նոր պատերազմից, ուստի չէր ընդդիմանում անվերջանալի զիջումների քաղաքականությանը։

Բացի այդ, հանրության անտարբերությունը պայմանավորած էր նաև այն հանգամանքով, որ 44-օրյա պատերազմին հաջորդած 3 տարիներին թշնամու գերնպատակն Արցախի լիակատար օկուպացումն էր, իսկ նույն իշխանական քարոզչությունն այդ տարիներին առաջ էր մղում մեկ այլ տխրահռչակ՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք թեզը», որին հուսահատ հանրությունը փորձում էր հավատալ։ Արդեն Արցախի լիակատար բռնազավթումից հետո, ինչպես ակնկալվում էր, թշնամին հավակնություններ դրսևորեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք նույնպես օրվա իշխանությունները բավարարում են՝ հանրությանը նոր պատերազմի սպառնալիքով ահաբեկելով։

Հանրությունը, որն արդեն հաղթահարել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ռազմական գործողությունների շոկը, այս օրերին ոտքի է կանգնել՝ նպատակ ունելով վիժեցնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը թշնամուն հանձնելու որոշումը։ Այս մասին վկաում է նաև հանրության լայն շերտերի աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող ապաքաղաքական և վերկուսակցական երթին, որն այս օրերին շարժվում է Երևան։

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը, որն անխուսափելիորեն պետք է կապիտալիզացվի և հանգեցնի Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը, բնականաբար անհանգստացնում է վերջինիս, ու իշխանության ամենատարբեր ներկայացուցիչները կրկին հանրությանն ահաբեկում են նոր պատերազմով։ Նախօրեին հանրությանը հերթական անգամ պատերազմով սպառնաց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ եթե հոգևորականության պահանջը կատարվի ու սահմանազատման գործընթացը դադարեցվի, ապա նոր պատերազմ է սկսվելու, որի հետևանքով Հայաստանն անխուսափելիոերեն կորուստներ է ունենալու։

Փաշինյանի այս հայտարարությունը, որով նա հերթական անգամ խոստովանում է, որ 44-օրյա պատերազմից 4 տարի անց բանակի մարտունակությունը դեռևս վերականգնված չէ, ու թշնամին ցանկացած պահի կարող է Հայաստանից տարածքներ օկուպացնել, իրավաբանների պնդմամբ պարունակում է հանցակազմի տարեր և հետագայում թույլ է տալու նրան քրեական պատասխանատվության ենթարկել։

Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանի այն սպառնալիքները, թե Ադրբեջանը ցանկացած պահի պատերազմ կսկսի Հայաստանի դեմ, եթե վերջինիս պահանջները չբավարարվեն, անիրատեսական են և կրում են առավելապես մանիպուլյատիվ բնույթ։ Եթե Ադրբեջանը Արցախի դեմ սանձազերծված պատերազմները հիմնավորում էր այն հանգամանքով, որ գործում է իր ինքնիշխան տարածքում, որն անգամ Հայաստանը չի առարկում, ու միջազգային հանրությունը չէր դատապարտում նրա գործողությունները, ապա նույնը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության պարագայում, քանի որ սա արդեն կլինի հարձակում ինքնիշխան պետության միջազգայինորեն ճանաչված տարածքի նկատմամբ՝ բոլորովին այլ հետևանքներով։

Արցախի ամբողջական բռնազավթումից հետո Ադրբեջանը հայտնվել է առավել շահեկան իրավիճակում, դարձել է տարածաշրջանի ամենահզոր պետությունը, փորձում է իր կախվածությունը հնարավորինս նվազեցնել ՌԴ-ից և Թուրքիայից, ուստի հիմա Ալիևի շահերից չի բխում արկածախնդրության գնալ և կորցնել այն ձեռքբերումները, որին նա հասել է իր 20 տարի շարունակ գործադրած ջանքերի արդյունքում։ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծելու և խոշոր տարածքներ օկուպացնելու դեպքում Ադրբեջանը մեծ հավանականությամբ կբախվի միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը և պատժամիջոցներին, որի հետևանքներն Ալիևի ռեժմի համար անկանխատեսելի կլինեն։

Միևնույն ժամանակ ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ խոսքը վերաբերում է ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելուն և խոշոր բնակավայրեր օկուպացնելուն, այլ ոչ թե սահմանային միջադեպերին ու բախումներին։ Նման միջադեպերի հնարավորությունը չի էլ բացառվում, քանի որ Ադրբեջանը բանակցային գործընթացին զուգահեռ միշտ էլ ձգտել է ուժային բաղադրիչը կիրառել՝ լրացուցիչ զիջումներ կորզելու նպատակով։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Ադրբեջանն այս պահին և տեսանելի հեռանկարում Հայաստանի Հանրապետության դեմ լայամասշտաբ պատերազմ սանձազերծելու ու նոր տարածքներ օկուպացնելու մտադրություն չունի, քանի որ այն չի բխում Ալիևի շահերից, ով Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին կարողացավ այնպիսի խոշոր ձեռքբերումներ ունենալ, որոնց նախկինում անգամ չէր էլ հավակնում։ Հիշեցնենք, որ նույն Իլհամ Ալիևը 2016-ի հոկտեմբերին՝ ապրիլյան պատերազմից ամիսներ անց խոստովանում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ ինքը դիմադրում է։

Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ հանրությանը պատերազմով ահաբեկելու քաղաքականությունը միայն մի նպատակ է հետապնդում․ ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը և թույլ չտալ, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման շուրջ համազգային համախմբում տեղի ունենա։