Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բավականին ուշագրավ մի գրաֆիկ։ Այնտեղ արտացոլված են, թե ինչպես են փոխվել Հայաստանի քաղաքացիների պատկերացումներն ու ակնկալիքները «լավ ապրելու» վերաբերյալ։
Ըստ տնտեսագետի՝ մինչև հեղափոխությունը մարդկանց անընդհատ կերակրում էին այն մտքերով, որ ձեզնից ինչ-որ բան գողացել են, տարել են, այդ պատճառով եք դուք աղքատ։ Սակայն երբեք չէին նշվում աղքատության իրական ու օբյեկտիվ պատճառները։
Ամեն դեպքում, պարզ երևում է, որ իշխանափոխությունից հետո քաղաքացիների պահանջներն ու պատկերացումները «լավ ապրելու» վերաբերյալ նվազել են։ Ըստ տնտեսագետի՝ երբ քո կարծիքով քեզ լավ ապրելու համար անհրաժեշտ է 400 դոլար, բայց դու վաստակում ես 100 դոլար, դու կարծում ես, որ դու ապրում ես չքավորության մեջ։
Իսկ երբ դու կարծում ես, որ 400-ի փոխարեն քեզ անհրաժեշտ է 200 դոլար, հետևաբար կյանքի որակի հանդեպ մոտեցումն էլ փոխվում է ու ավելանում է բավարարվածության զգացումը։ Իշխանությունների վարած քաղաքականության «շնորհիվ» մարդկանց պահանջարկն ու սպասելիքները գրեթե կրկնակի նվազել են 2017-ի համեմատ։
Եթե 2017-ին մարդկանց կարծիքով, «շատ լավ ապրելու» համար իրենց անհրաժեշտ է ամսական 873․133 դրամ կամ 1200 դոլար, ապա 2020 թվականին այդ թիվը հասել է 368․968 դրամի կամ 755 դոլարի։
Այստեղից էլ գալիս է դժգոհության ալիքի պակասն ու փաշինյանական կառավարության վարած քաղաքականությունից գոհ ու բավարարված լինելը։ Պարզապես մարդկանց պահանջներն են նվազել։